Ծնողները պնդում են՝ ԴՆԹ համընկնում ունեցող զինծառայողների անունները հանվել են անհետ կորածների ցուցակներից

44-օրյա պատերազմում անհետ կորած «քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողներն արդեն երեք օր է պետական տարբեր դռներ են թակում։ Տեղեկություններ ունեն, որ անհետ կորածների ցուցակներից հանվել են այն զինծառայողների անունները, որոնց ԴՆԹ-ի համընկնումը կա:

Անհետ կորած զինծառայողի մայրն ասում է՝ դա նշանակում է, որ իրենց տղաներին գտնելու և վերադարձնելու համար, այլևս միջազգային հարթակներում հարցումներ չեն արվելու: Հենց սա է ծնողներին վշտացրել։

«Համարել են՝ ԴՆԹ ունեն, ուրեմն իրենք զոհված են, ծնողը տվել է ԴՆԹ, համընկնում կա, հանել են էդ ցուցակից, բայց կա ծնող, որ ԴՆԹ չի հանձնել, բնականաբար, չկա ցուցակում, բայց և այնպես էդ ծնողի որդու մասով հարցում անում են Ադրբեջանին: Հիմա մեր պահանջն այն է, որ հարցում արվի միջազգային մասշտաբով բոլորին», - նշեց ծնողը:

Արդյոք ԴՆԹ համընկնում ունեցող զինծառայողների անունները հանվե՞լ են անհետ կորածների ցուցակներից: Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ այս պահին հանրայնացնելու տեղեկություն չունեն:

Ծնողները մի քանի օր ԱԱԾ-ի շենքի մոտ են բողոքի ակցիա արել ու հանդիպում պահանջել տնօրեն Արմեն Աբազյանի հետ, բայց նրանց լսել է տեղակալը: Հանդիպումից դժգոհ ծնողներն այսօր էլ Հանրային հեռուստաընկերության դարպասների մոտ ուղիղ եթեր էին պահանջում, վաղն առավոտյան նորից կգնան: Հ1-ից նաև Զինվորական դատախազություն գնացին ծնողները՝ դատախազին հանդիպելու, բայց նա արձակուրդում էր:

«Գլխավոր դատախազին էինք ուզում տեսնել զինվորական, որ այս հարցի վերաբերյալ ինքն իր լծակներով քննչական մարմիններին ասի՝ չի կարելի տարանջատել ԴՆԹ ունեցողին չունեցողից: Ես մեկը ԴՆԹ չունեմ, համընկնում չունեմ, բայց չեն կարթում էդ հարցին հանգիստ նայեմ, որ ես չունեմ, ասեմ ես չունեմ, վերջ, գնամ տունը նստեմ», - ասաց ծնողներից մեկը:

Այս օրերին նրանց է հանդիպել նաև ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նույնպես: Ծնողները պնդում են՝ իրենց հարցերը պատասխան չեն ստացել:

Անհետ կորածների հարազատներն ու ծնողներն ասում են՝ 80-ից ավելի մարմին ԴՆԹ-ի համընկնում ունի, ենթադրում են, որ նրանց անունները նույնպես հանվել են ցուցակներից: Անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը զարմանում է՝ ո՞ւր են այդ ծնողները. - «Իրանց երեխայի ճակատագրով իրենք պետք է, զբաղվեն ուրիշ ոչ մեկը»:

«Քիմիկների զորամասի» գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում է 44-օրյա պատերազմից հետո ծառայությունից ազատված, գեներալ Անդրանիկ Մակարյանը: Նա և ևս երկու 2 զինվորականներ մեղադրվում են իշխանության անգործության համար, ինչի հետևանքով պատերազմի ժամանակ «քիմիկների զորամասի» զինվորները հայտնվել են ադրբեջանցիների հսկողության տակ անցած տարածքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քիմիկների զորամասի» գործով անցնող ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալը մեղքը չընդունեց

Ըստ մեղադրանքի՝ 44-օրյա պատերազմի օրերին, Էջմիածնի «քիմիկների զորամասի» 62 պայմանագրայինները՝ հենց Մակարյանից են Զանգելան մեկնելու առաջադրանք ստացել, բայց երբ նրանք արդեն քաղաք են մտել, պարզվել, որ իրենցից ժամեր առաջ Զանգելանի բարձունքներում արդեն ադրբեջանցիներն են եղել:

Ծնողները պնդում են՝ սա միտումնավոր է արվել, որ ցույց տան, թե այնտեղ պաշտպանողական մարտեր են ընթացել:

Մակարյանը չի ընդունում այս մեղադրանքը, դատարանում հայտարարել է, թե իրեն առաջադրված մեղադրանքը սկզբից մինչև վերջ չի համապատասխանում իրականությանը: Ամիսներ առաջ էլ, որպես վկա, այս գործի շրջանակներում ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն էր Հակակոռուպցիոն դատարան կանչվել: Շուրջ 4 տարի ձգվող դատական այս նիստերը դեռ շարունակվում են:

Էջմիածնի «քիմիկների զորամասի» 62 զինծառայողներից շրջափակումից հրամանատար Աբգարյանի հետ դուրս են եկել 22-ը, մյուսները սպանվել ու գերեվարվել են։ 23 հոգի մինչև այժմ անհետ կորած է: