«Ապահովության վտանգներ մենք զգում ենք, մանավանդ ուշ ժամերին՝ բախումներ են լինում, ուշ ժամերին ռմբակոծումներ ենք լսում», - «Ազատությանը» պատմում է Բեյրութում բնակվող Սերուժ Ապիկյանը։
Իսրայելը շարունակում է ռմբակոծել հարևան Լիբանանի տարածքն ու այնտեղ տեղակայված՝ ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» խմբավորման դիրքերը։ Ըստ Reuters-ի՝ վերջին, չորեքշաբթի օրվա հարվածների հետևանքով ևս 40 մարդ է զոհվել:
«Այս վիճակի մեջ ամբողջ ժողովուրդը հոգեկան տագնապի մեջ է, տնտեսական տագնապի մեջ է: Առողջապահությունը նաև շատ լավ չէ Լիբանանում, ճնշումը շատ է բոլոր մարզերում Լիբանանում: Մենք՝ Լիբանանում ապրողներս, վստահաբար ազդվում ենք, և եթե համեմատենք մահացողների հետ, ասենք, ավելի լավ է մեր վիճակը, որովհետև ուղղակի պատերազմի մեջ չենք, բայց, անշուշտ, այս պատերազմը Լիբանանում պիտի ազդի բոլոր լիբանանցիների վրա», - ասում է Ապիկյանը:
Գազայի պատերազմին զուգահեռ՝ վերջին մեկ տարվա ընթացքում իսրայելալիբանանյան սահմանը ևս հանգիստ չէր, բայց հոկտեմբերի սկզբին Իսրայելը սկսեց ուղիղ հարվածել ոչ միայն սահմանային շրջաններին, այլև Լիբանանի խորքին՝ հայտարարելով, որ թիրախավորում է իրանամետ «Հեզբոլա» խմբավորմանը։ Իսրայելական հարվածներից զոհերի թիվն, ըստ Reuters-ի, անցնում է 2 հազար 700-ը, նրանց մեծ մասը սպանվել է հոկտեմբերից հետո։
«Շատ հարցերի դիմաց են կանգնելու տեղափոխված մարդիկ, որ տները չեն կարող վերադառնալ: Այսօր 29 գյուղ կա Հարավային Լիբանանում, որ լրիվ ավերված են, ամբողջապես, այսինքն՝ մի տուն չի մնացել, որ մարդիկ վերադառնան իրենց տուն», - պատմում է Սեպուհ Ապիկյանը:
Գրեթե կոլապսի ենթակված Լիբանանում լիարժեք չի գործում նաև կրթական համակարգը, դպրոցների մի մասը դեռ հեռավար է աշխատում, այդ շենքերում ապաստանել են ռմբակոծություններից իրենց տները կորցրած մարդիկ։
«Եթե նույնիսկ պատերազմն այսօր դադարի, այս հարցերը շարունակվելու են և ժամանակ են պահանջելու, որ լուծվեն», - ընդգծում է Ապիկյանը:
Սակայն պատերազմի մոտալուտ դադարի հույս չունեն ո՛չ վերլուծական կենտրոն ղեկավարող Սերուժ Ապիկյանը, ո՛չ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։ Ավելին, կարծում են՝ առաջիկա երկու ամիսներին գործողություններն ավելի կսաստկանան, մինչև ԱՄՆ-ում զբաղված են իշխանության փոխանցմամբ գործող նախագահից ընտրված Դոնալդ Թրամփին։
«Հասարակությունը միշտ հույսով է ապրում, որ հրադադարը կլինի ի վերջո, բայց քաղաքական առումով, կարծում եմ, որ Իսրայելը մինչև իր առջև դրած խնդիրները չկատարի, չի համաձայնի հրադադարին: Բայց նաև, գալով Թրամփին, այստեղ նաև որոշ հակասություն կա, որովհետև Թրամփը հայտարարում է, որ պետք է վերջ տալ պատերազմներին, բայց Իսրայելին շատ ամուր կերպով զորավիգ է կանգնում», - ասում է Շահան Գանտահարյանը:
Լիբանանում բնակվող հազարավոր հայերի մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաք Բեյրութում, ըստ տեղացիների՝ հայաբնակ շրջանները առայժմ համարվում են համեմատաբար ապահով և ուղիղ ռմբակոծության թիրախում չեն։
Չնայած Լիբանանի հայ համայնքից արտագաղթին՝ հատկապես վերջին հինգ տարվա ընթացքում, տարբեր հաշվարկներով՝ այդ երկրում մոտ 100 հազար հայեր դեռ ապրում են, սակայն տեղացիների խոսքով՝ նկատվում է արտագաղթի նոր ալիք։
«Դիմանալը դյուրին բան չէ, դժվար է, շատ ծանր վիճակ է», - նշում է Սեպուհ Ապիկյանը:
Հայաստանի կառավարությունն այս ընթացքում իր քաղաքացիներին կամ լիբանանահայերին տարհանելու որևէ ծրագրի մասին չի խոսել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լիբանանի հայերը կրկին ցավոտ ընտրության առաջ են կանգնածԱնորոշության ու տագնապի շրջան լիբանանցիների, այդ թվում՝ հայ համայնքի համար