Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ստորագրել է Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար նշանակելու հրամանագիրը: Նրա նշանակման մասին նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել։
Խուդաթյանը Արմավիրի մարզպետ էր նշանակվել 2024-ի հունվարին՝ մարզում պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարական աշխատանքներից վարչապետի դժգոհություններից հետո, երբ պաշտոնից ազատվեց Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը։
Իսկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի աթոռը թափուր էր նոյեմբերի 18-ից՝ Գնել Սանոսյանի հրաժարականից հետո։
Գործադիրի ղեկավարն էր խնդրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները՝ նշելով, որ պատճառներն անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել է օրեր առաջ։ Փաշինյանը կառավարության նոյեմբերի 15-ի նիստում դժգոհել էր, մասնավորապես, իրավապահ համակարգից՝ ասելով, թե դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում, իսկ իր համբերության բաժակը լցվել է։
Փաշինյանի հայտարարությունից երկու օր անց 6 հրաժարականի մասին հայտարարվեց, պաշտոնները լքեցին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Գնել Սանոսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 6 հրաժարական՝ մեկ օրում. գրեթե ողջ ուժային բլոկն՝ առանց ղեկավարների ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ովքեր են հրաժարական ներկայացրած պաշտոնյաները և ինչ ճանապարհ անցան Փաշինյանի օրոք