Գլխավոր դատախազությունը հրաժարվում է հայտնել՝ Կիրանցում սեփականության վկայականների տրամադրման հիմք դարձած կադաստրային քարտեզների անճշտությունները պարզելու նպատակով կառավարությունից գրություն ստացե՞լ է։
Որ իրավունքների պետական գրանցումները Կիրանցում կատարվել են «ոչ ճշգրիտ տվյալների» հիման վրա, պնդել էր Արդարադատության նախարարությունը՝ այդպես բացատրելով, թե ինչպես է ստացվել, որ Ադրբեջանին անցած որոշ տարածքների նկատմամբ մարդիկ սեփականության իրավունք ունեն։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր մոտ 1.5 ամիս առաջ խորհրդարանում հայտարարել, որ կառավարությունը գրություն է ուղարկել դատախազություն՝ եղելությունը պարզելու համար։
«Եթե չեմ սխալվում, համապատասխան գրությունով կարծեմ դատախազությանն ուղարկվել է, որպեսզի պարզեն եղելությունն էդ քարտեզների հետ կապված», - ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գլխավոր դատախազությանը գրություն է ուղարկվել՝ պարզելու կադաստրային քարտեզներում հնարավոր անճշտությունները. ՀարությունյանԴատախազությունը կառավարությունից գրություն ստանալ-չստանալու հարցը համարել է գաղտնիք և մերժել տեղեկատվության տրամադրումը, այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ նույն հարցին պատասխանելիս գաղտնիքի մասին ոչինչ չէին նշել։ Ընդ որում՝ այն ժամանակ ասել էին, թե կադաստրային քարտեզների անճշտությունները պարզելու հարցով կառավարությունից որևէ գրություն չեն ստացել:
Եթե հարցը գաղտնիք է պարունակում, նշանակո՞ւմ է արդյոք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հունիսի 3-ին խորհրդարանում նման հայտարարություն անելով օրենք է խախտել: Պատասխանը ստանալու համար դիմել ենք դատախազություն:
Այն, որ սահմանազատված Կիրանցում սեփականության վկայականների անճշտություններով իրավապահներն են զբաղվելու, նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարն է վստահեցրել:
Որքանո՞վ է հիմնավոր դատախազության մերժումը
Այս փաստերը հաշվի առնելով՝ որքանո՞վ է հիմնավոր դատախազության մերժումը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի գնահատմամբ՝ իրավապահ կառույցը կամայական մոտեցում է ցուցաբերել, տեղեկությունն արդեն իսկ հրապարակվել է, ուստի անհրաժեշտ էր այն հերքել կամ հաստատել: Աշոտ Մելիքյանը նույն՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին հղում անելով՝ շեշտում է՝ հայցվող տեղեկությունը գաղտնիք համարվել չէր կարող:
«Այս մոտեցումը դատախազության, մեղմ ասած, վիճելի է, եթե չասենք օրենքի խախտում: Պետական մարմինները այն տեղեկությունները, որոնք իրենց համար կարող են զգայուն լինել, թաքցնում են, և սա շատ արատավոր երևույթ է», - ասաց Մելիքյանը:
Կադաստրային քարտեզներում առկա անճշտությունների հարցով Գլխավոր դատախազություն գրություն ուղարկվե՞լ է, թե՞ ոչ, փորձել ենք պարզել նաև կառավարությունից:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր հավաստիացրել, թե գրավոր հարցման դեպքում առավել հստակ կասեն: Հարությունյանին ուղղված հարցումը նույնպես մնացել է անպատասխան, այն վերահասցեագրվել է Կադաստրի կոմիտե, որտեղից 5-րդ օրն է՝ արձագանք դեռ չկա:
«Թաքցնելու որևէ տրամաբանություն չեմ տեսնում, բացի՝ ժողովրդից գաղտնիք պահել, թե ինչ է տեղի ունեցել Տավուշում»
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է՝ դատախազությունը, պատճառաբանելով, թե տեղեկությունը գաղտնիք է պարունակում և մերժելով դրա տրամադրումը, նպատակ ունի թաքցնել իշխանության կողմից Ադրբեջանին տարածքներ հանձնելու գործընթացի մանրամասները:
«Տրամաբանությունն ասում է, որ ներկառավարական գործընթաց է եղել, հարցում է գնացել, պատասխան է եկել, այդտեղ թաքցնելու որևէ տրամաբանություն ես չեմ տեսնում, բացի այն տրամաբանությունից՝ ժողովրդից գաղտնիք պահել, թե ինչ է տեղի ունեցել Տավուշում», - նշեց Խաչատրյանը:
Հատվածական սահմանազատումից հետո պարզվեց՝ Ադրբեջանին անցնող տարածքներում 50-ից ավելի հողակտորի դեպքում մարդիկ սեփականության վկայականներ ունեն: Ինչպե՞ս են այդ տարածքներն ադրբեջանական, եթե Կադաստրի կոմիտեն գրանցել է նրանց սեփականության իրավունքը: Ընդ որում, բոլոր դեպքերում գրանցումը եղել է համայնքի ղեկավարի որոշման, կադաստրային քարտեզի, նոտարի կողմից վավերացված պայմանագրի հիման վրա: Պետական կառույցներից հնչող միակ բացատրությունն այն է, որ կադաստրային քարտեզներում «անճշտություններ» կան, բայց թե ե՞րբ է դա պարզվել, ի՞նչ է արվել քարտեզներում առկա, այսպես ասած, սխալները սահմանված ընթացակարգով վերացնելու ուղղությամբ, պարզաբանում կա՛մ չի տրվում, կա՛մ մեկնաբանությունները կցկտուր են: Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մի բացատրություն ունի:
«Իրենք ասում են՝ Հայաստանի սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր թուրքին չի տրվել, հիմա ակնհայտ է, որ կա կադաստրի վկայական և այդ կադաստրի վկայականը քանի դեռ չի չեղարկվել, չի շտկվել, իսկ դա՝ մի ընթացակարգ, ուրեմն կարող ենք ասել, որ այդ քարտեզի վրա եղած ցանկացած միլիմետր, որը տրվել է Ադրբեջանին, տրվել է Հայաստանի Հանրապետության տարածքից», - ասաց ընդդիմադր պատգամավորը:
Արթուր Խաչատրյանը նշում է՝ անցած շաբաթ էլ Կադաստրի կոմիտեի ղեկավարը խորհրդարանում հրաժարվեց հայտնել, թե սեփականության իրավունքով Կիրանցի բնակիչներին պատկանող, բայց Ադրբեջանին անցած տարածքը քանի՞ քառակուսի մետր է կազմում:
«Այդ ամեն ինչը գաղտնի պահել, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից են իրենք Ադրբեջանին հող տվել՝ չունենալով որևէ իրավական հիմք», - պնդեց նա:
Հակառակ կառավարության անդամների հավաստիացումներին, թե տեղի ունեցածի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները կտան իրավապահները, Գլխավոր դատախազությունից մոտ 10 օր առաջ «Ազատությանը» հայտնել են՝ Կիրանցում իրավունքի պետական գրանցումների մասով քրեական վարույթ նախաձեռնված չէ: