Մատչելիության հղումներ

Խեյրումլին Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի տարածք. հեռակա բանավեճ՝ Արդարադատության նախարարության և սահմանադրագետի միջև


Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, արխիվ
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, արխիվ

ԱՆ-ը սահմանազատման գործընթացի շուրջ սահմանադրագետի հայտարարությունները մոլորեցնող է որակում

Մինչ Արդարադատության նախարարությունը սահմանազատման գործընթացի շուրջ սահմանադրագետի հայտարարությունները մոլորեցնող է որակում և պնդում՝ Խեյրումլին թե՛ Խորհրդային միության փլուզման պահի, թե՛ 1976 թվականի քարտեզներով ադրբեջանական է, Վարդան Պողոսյանը շարունակում է պնդել՝ կառավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Ադրբեջանին է փոխանցում Հայաստանի դե յուրե տարածքներ:

Ինչպես անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում, այսօր էլ Պողոսյանը վկայակոչում է «Վարչատարածքային բաժանման մասին» 2010 թվականի օրենքը, պնդելով, թե այժմ Ադրբեջանին փոխանցվող գյուղերը այդ փաստաթղթով ներառվել են Հայաստանի դե յուրե տարածքի մեջ:

«Իմ պնդումը կայանում է նրանում, որ այսօրվա Հայաստանի տարածքի մեջ մտնում է նախկին ադրբեջանական ԽՍՀ Խեյրումլի բնակավայրի տարածքը: Եթե Արդարադատության նախարարությունը ուզում է հերքել իմ այդ պնդումը, Արդարադատության նախարարությունը պետք է բարի լինեն գտնեն այդ քարտեզը և ներկայացնի, թե ինչպես է, որ Խեյրումլի ադրբեջանական ԽՍՀ նախկին բնակավայրը չի գտնվում Հայաստանի տարածքում», - ասաց սահմանադրագետը:

Վարդան Պողոսյանի՝ օրենքի ընդունման հիմքում ընկած քարտեզները ներկայացնելու՝ ավելի վաղ արած նույն առաջարկին նախարարությունը երեկվա տեքստում չի արձագանքել: Վերջերս նաև ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էր այդ քարտեզների հարցով դիմել Կադաստրի կոմիտե, ի պատասխան կառույցից պաշտոնապես ասել են՝ «օրենքի ընդունման համար հիմք հանդիսացած քարտեզագրական նյութեր չեն հայտնաբերվել»:

Փոխարենը երեկ Արդարադատության նախարարությունը հայտարարեց, թե սահմանադրագետի վկայակոչած օրենքի կարգավորումներն ուժը կորցրած են ճանաչվել 2017 թվականին: Վարդան Պողոսյանը հակադարձում է՝ 2017-ի փոփոխությամբ Կիրանցը, Ոսկեպարը, Բաղանիսը ընդամենը ներառվել են Իջևան և Նոյեմբերյան խոշորացված համայնքների մեջ, սակայն օրենքով դրանց տրված սահմանային նկարագրությունը որևէ կերպ չի փոփոխվել:

«Այսինքն ուժը կորցրել է այն, որ այլևս չկան Կիրանց, Ոսկեպար և Բաղանիս համայնքներ, բայց կան այդ գյուղերն իրենց սահմաններով և էդ սահմաններով են մտել Նոյեմբերյան համայնքի մեջ», - ընդգծեց նա:

Ի դեպ, եթե այժմ նախարարությունից ասում են, որ 2010-ի օրենքի կարգավորումները ուժը կորցրած են ճանաչվել, երեք տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ հակառակն էր պնդում: Այդ ժամանակ Փաշինյանը փորձում էր համոզել, որ հենց այդ օրենքով ու հավելվածներով են Շուռնուխի հարակից տարածքներն անցել ադրբեջանական վերահսկողության տակ։

Ինչպե՞ս է պետությունը ՀՀ տարածքից դուրս գտնվող գույքի համար տրամադրել սեփականության վկայական

Հակասական այս հայտարարությունների ֆոնին կիրանցցիները շաբաթներ շարունակ հարց են բարձրացնում՝ ինչպե՞ս է պետությունը Հայաստանի տարածքից դուրս գտնվող գույքի համար տրամադրել սեփականության վկայական։

Արդարադատության նախարարությունը երեկ արձագանքեց՝ սխալմունք է եղել. - «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս»։

Ասում են, բայց, ըստ սահմանադրագետի, փաստ չեն ներկայացնում, թե անճշտություն ինչպես է տեղի ունեցել:

«Դա ծիծաղելի փաստարկ է, եթե համայնքապետը և Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեն այդ հողակտորի տարածքը չդիտարկեին որպես Հայաստանի Հանրապետության տարածք իրենցից որևէ մեկի մտքով չէր անցնի այդ սեփականատիրոջը տալ կադաստրի վկայական», - նշեց Վարդան Պողոսյանը:

Բանավեճ՝ 1988-ի Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությունների շուրջ

Մասնագետի և նախարարության մինջև հեռակա բանավեճ է նաև 1988 թվականի Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությունների շուրջ:

Ըստ Վարդան Պողոսյանի՝ երկու երկրների կառավարությունների մակարդակով ստորագրված փաստաթղթերը իրավական ուժ ունեն՝ առանց Խորհրդային Միության բարձր ատյանների վավերացման։ Մինչդեռ Արդարադատության նախարարությունը հակառակն է պնդում, փաստարկելով՝ այդ արձանագրությամբ նախատեսված գործընթացի հետագա քայլերը չեն իրականացվել՝ համապատասխան քարտեզ չի կազմվել, փաստաթղթերը չեն փոխանցվել գերագույն խորհուրդների նախագահություններին հաստատման և Պետական երկրաբանական հսկողության տարածքային ստորաբաժանումներին հերթապահություն վարելու համար։ Ուստի այն մնացել է անավարտ և իրավական ուժ չի ստացել։

Վարդան Պողոսյանը, վկայակոչելով 1988 -ի արձանագրության 9-րդ կետը, հակադարձում է՝ այդ փաստաթղթերը հաստատման չպետք է ներկայացվեին: Մասնագետն այդ տարիների Սահմանադրությանը հղում անելով պնդում է՝ այդ իրավասությունն ունեցել են բացառապես երկու երկրների կառավարությունները: Իսկ նախարարության ներկայացրածը, ըստ Պողոսյանի, ընդամենը տեխնիկական ընթացակարգերի մասին է:

Տավուշում սկսված հատվածական սահմանազատումը՝ առանց ներպետական ընթացակարգերի, Վարդան Պողոսյանը որակել էր հակասահմանադրական և քրեորեն պատժելի: Նախարարությունից նշում են, թե 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը:

Ըստ կառավարության, սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը կվավերացվի խորհրդարանում: Սա Վարդան Պողոսյանի գնահատմամբ՝ կոպիտ մանիպուլյացիա է, թե՛ ապրիլի 19-ի, թե՛ մայիսի 15-ի հաղորդագրություններում հստակ նշվում է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված:

Սահմանի ամբողջական դելիմիտացիայի համար, ըստ պաշտոնական Երևանի և Բաքվի, կողմերը պետք է մինչև հուլիսի 1-ը համաձայնեցնեն համատեղ աշխատանքային կանոնակարգը, և սկսեն դրա ներպետական հաստատումը՝ իրենց օրենսդրություններով սահմանված կարգով ու պահանջների համաձայն: Փաստացի, Տավուշում կատարվող հատվածական այս սահմանազատումն իրականացվում է առանց երկկողմանի հաստատված այդ կանոնակարգի:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG