Գլխավոր դատախազությանը գրություն է ուղարկվել՝ պարզելու կադաստրային քարտեզներում հնարավոր անճշտությունները։ Այսօր բյուջեի քննարկմանը պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե կադաստրային քարտեզներում ի՞նչ անճշտությունների մասին է խոսել Արդարադատության նախարարությունը, ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Ինչ վերաբերում է քարտեզներին, եթե չեմ սխալվում համապատասխան գրությունով դատախազությանը ուղարկվել է {գրություն}, որպեսզի պարզեն եղելությունը այդ քարտեզների հետ կապված», - տեղեկացրեց Արայիկ Հարությունյանը։
Արթուր Խաչատրյանն արձագանքեց Հարությունյանին, ասելով, թե հնարավոր է՝ դատախազությունը պարզի, որ ոչ մի անճշտությունն էլ չի եղել:
«Միգուցե սպասեիք, դատախազությունը հասկանար՝ ինչ է տեղի ունեցել, հետո զորքերը ափալ-թափալ հետ քաշեիք, թե՞ Ալիևը թույլ չէր տալիս»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:
Արայիկ Հարությունյանն անպատասխան թողեց Արթուր Խաչատրյանի այս դիտարկումը:
- «Ազատության» հետ զրույցում սահմանդրագետ Վարդան Պողոսյանը, վկայակոչելով «Վարչատարածքային բաժանման մասին» 2010 թվականի օրենքը, պնդել էր, թե այժմ Ադրբեջանին փոխանցվող գյուղերը այդ փաստաթղթով ներառվել են Հայաստանի դե յուրե տարածքի մեջ:
- Նաև ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էր այդ քարտեզների հարցով դիմել Կադաստրի կոմիտե, ի պատասխան կառույցից պաշտոնապես ասել են՝ «օրենքի ընդունման համար հիմք հանդիսացած քարտեզագրական նյութեր չեն հայտնաբերվել»:
- Արդարադատության նախարարությունը հայտարարեց, թե սահմանադրագետի վկայակոչած օրենքի կարգավորումներն ուժը կորցրած են ճանաչվել 2017 թվականին:
- Ինչ վերաբերում է կիրանցեցիների հարցին, թե ինչպե՞ս է պետությունը Հայաստանի տարածքից դուրս գտնվող գույքի համար տրամադրել սեփականության վկայական, Արդարադատության նախարարությունից ասել էին՝ սխալմունք է եղել. - «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս»։