Բողոքի ակցիա՝ Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ու մյուսներին ազատ արձակելու պահանջով

Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ու մյուս հայերին ազատ արձակելու պահանջով քաղաքացիներն այսօր բողոքի ակցիաներ անցկացրին ՄԱԿ-ի գրասենյակի, Արտգործնախարարության ու երեք դեսպանատների շենքերի առջև։

«ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի նախաշեմին հանդես գալ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված անձանց իրավունքների պաշտպանության, նրանց ազատ արձակման և անհայտ կորած բոլոր անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ Ադրբեջանին ուղղված հրապարակային պահանջով», - նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի COP 29 համաժողովը նոյեմբերի 11-ից 24-ը Բաքվում է անցկացվելու։ Դրան տասնյակ հազարավոր հյուրեր են հրավիրված աշխարհի տարբեր երկրներից։

«Հրապարակային քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի միջազգայնորեն ճանաչված վերադարձի իրավունքի իրացման համար, իրացման հարցը միջազգային բանակցությունների օրակարգ վերադարձնելու և միջազգային գործնական մեխանիզմների ներդրման ուղղությամբ՝ որպես տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևորագույն բաղադրիչ», - նշեց Ստեփանյանը:

Երևանն, ըստ Արցախի օմբուդսմենների, բավարար քայլեր չի ձեռնարկում գերիներին ազատ արձակելու համար։ Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ն Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։

«Բոլոր տեղերից թե՛ պաշտոնապես, թե՛ ոչ պաշտոնապես ստանում ենք պատասխաններ՝ «ձեր պետությունն էդ հարցով նախանձախնդիր չի, ի՞նչ եք մեզնից պահանջում»: Ցավոք սրտի, այդ պատասխանին, այդ խոսքերին այլևս դժվար է հակադարձել», - նշեց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Իր վերջին ասուլիսում վարչապետ Փաշինյանը վստահեցրել էր՝ գերիների հարցը Հայաստանի կառավարությանը շատ է մտահոգում և իրենք ամենօրյա աշխատանք են կատարում այդ ուղղությամբ, բայց ոչ մի մանրամասն չէր հայտնել:

Ակցիաների կազմակերպիչները պաշտոնական Մոսկվայից պահանջեցին պարզել Ադրբեջանի հարձակման ու վառելիքի պահեստի պայթյունից անհետ կորած ավելի քան 30 արցախցիների ճակատագիրը, վերադարձնել գերիներին։ Շեշտում են՝ Ադրբեջանն Արցախի վրա հարձակվեց, Արցախը հայաթափվեց ռուս խաղաղապահների աչքի առջև։

«Խնդրելով, որ հնարավորություն ընձեռնվի, օրինակ, պայթյունի վայրում նոր որոնողական աշխատանքներ իրականացնելու կամ տարբեր մարտական դիրքերում նոր որոնողական աշխատանքներ իրականացնելու: Հարազատների մոտ բնական, օբյեկտիվ այդ ակնկալիքը կա, որ այս հարցում հատկապես մեծ դերակատարություն կարող է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը», - ասաց Գեղամ Ստեփանյանը:

Բաքվում պահվող գերիների հարազատները ևս միացել էին ակցիային։ Նրանք դեռ հույսը չեն կորցնում՝ հնարավոր է Ադրբեջանի վերադարձնի իրենց տղաներին, ամուսիններին։ Հարազատները նրանց որպիսության մասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ են ինչ-որ բան իմանում։

Նարինեի ամուսինը մեկ տարի առաջ է գերեվարվել՝ Արցախից. «Քանի որ մենք տառապում ենք, ինքն էլ էնտեղ է տառապում, բոլոր գերիներն են տառապում, մենք էլ այստեղ տառապում ենք, խնդրում ենք նորից բոլորին, որ հետ վերադարձնեն մեր գերիներին»:

Ակցիայի մասնակիցները եղան նաև Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների դեսպանատների առջև, իրենց պահանջներով նամակները հանձնեցին դիվանագիտական ներկայացուցչություններին. «Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պարտադիր կերպով պետք է ընդունվեն գործողություններ, որոնք ուղղված կլինեն մինչև 2024 թվականի նոյեմբեր ամիսը, մինչև COP 29 համաժողովն ազատ արձակել ապօրինաբար պահվող մեր ռազմագերիներին և պատանդներին»: