44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից ու Ֆրանսիայից պահանջում են ակտիվ քայլեր՝ որդիների ճակատագիրը պարզելու համար։ Պաշտոնական տվյալներով՝ 2020-ի պատերազմից հետո անհետ կորած է համարվում 195 անձ, նրանցից 175-ը՝ զինծառայող, 20-ը՝ խաղաղ բնակիչ։
Ծնողները ռազմական գործողություններից գրեթե 4 տարի անց որևէ տեղեկություն չունեն տղաներից, բայց հույսը դեռ չեն կորցնում՝ հնարավոր է գերության մեջ են նրանք։ Անհետ կորածների մայրերն ու հայրերն այսօր հավաքվել էին Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի դեսպանատների առջև՝ իրենց պահանջը ներկայացնելու։ Կտրականապես հրաժարվեցին խոսել լրագրողների հետ։ Մտահոգվում են՝ հնարավոր է իրենց խոսքը վնասի տղաների ճակատագիրը պարզելուն։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։ Հաստատված գերիների ցանկում անհետ կորած զինծառայողներ կամ խաղաղ բնակիչներ անուններ չկան։
«Այսօրվա պահանջն, իհարկե, մեկն է, որովհետև Մինսկի խմբի անդամներ հանդիսացող պետությունների դեսպանատներ տրվում են նամակներ, որպեսզի նրանք հետամուտ լինեն, առաջիկայում COP 29-ի, որն անցկացվելու է Ադրբեջանում, ընդառաջ՝ անել այն գործողությունները, որը մենք որպես պետություն պետք է անեինք. նախևառաջ դադարեցնել Ադրբեջանի միջազգային համբավի ու կերտվածքի սրբադասումը, ինչ որ այսօր մենք տեսնում ենք, և հակառակը՝ նրա պատերազմկան ու մարդկության դեմ հանցագործությունների համար նրան պատասխանատվության կանչել ու օր առաջ վերադարձնել թե՛ գերիներին, թե՛ տալ ամբողջական տեղեկություն անհայտ կորածների մասին», - ասաց իրավապաշտպան Նարե Արամյանը:
Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անհրաժեշտ է համարում, որ հայ գերիների հարցը բարձրացվի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին` COP29-ին։ Արգենտինացի փաստաբանն այս հարցում կարևորում է Սփյուռքի գործոնը:
«2 ամսից Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին` COP29-ին առանցքային է, որ չարհամարվի հայ պատանդների հարցը։ Հուսով եմ՝ այս հարցը կքննարկվի մինչ գագաթաժողովը։ Եթե, ոչ ապա COP29-ի քննարկումների մաս պետք է լինի պատանդների հարցը», - նշել է Օկամպոն:
Միջազգային քրեական դատարանի նախկին ներկայացուցիչը Բաքվի բանտերում պահվող գերիների հարցը քաղաքական է համարում։ Համոզված է՝ Ադրբեջանում անկախ դատարաններ չկան, գերիներին ազատ արձակել հնարավոր է միայն միջազգային ճնշումների ու բանակցությունների միջոցով։