ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունիսի 11-ին Հորդանանում մասնակցել է Գազայի հատվածին հումանիտար աջակցություն ցուցաբերելու միջազգային համաժողովին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցել, այդ թվում՝ Պաղեստինյան ինքնավարության վարչապետ Մոհամադ Մուստաֆայի հետ։
«Պետքարտուղար Բլինքենը ողջունել է բարեփոխումների վերաբերյալ պաղեստինյան վարչակազմի հայտարարությունը և վարչապետ Մուստաֆայի հետ քննարկել այդ բարեփոխումների լիակատար և հետևողական իրագործելու անհրաժեշտությունը՝ հասնելու համար պաղեստինցիների ձգտումներին Արևմտյան ափում և Գազայի հատվածում։
Նա վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը անկախ Պաղեստինյան պետության ստեղծմանը՝ Իսրայելի համար անվտանգության երաշխիքներով», - նշված է պետդեպարտամենտի հաղորդագրությունում։
Մարդասիրական օգնության համաժողովում Բլինքենը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից պաղեստինցիներին ավելի քան 400 միլիոն դոլար օգնություն տրամադրելու մասին և մյուս դոնորներին կոչ արել ակտիվացնել իրենց ջանքերը։ Նա նշել է, որ Իսրայելը մի շարք կարևոր քայլեր է կատարել, ավելի շատ անցակետեր է բացել հումանիտար բեռների համար, միաժամանակ նշելով, որ Իսրայելը կարող է և պետք է ավելին անի։
Բլինքենը Հորդանան է ժամանել Իսրայելից, որտեղ հանդիպումներ է ունեցել Իսրայելի վարչապետի, նախագահի, պաշտպանության նախարարի, ընդդիմադիր առաջնորդների և պատանդների հարազատների հետ։ Իսրայելի տվյալներով ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ը Գազայի հատվածում դեռ 120 պատանդ է պահում։
Իսրայելում լրագրողների հետ զրույցում պետքարտուղարը հուսադրող ազդանշան է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեկ ընդունված բանաձևը «Համաս»-ի կողմից ընդունելու հայտարարությունը, բայց նշել է, որ այն արվել է Գազայի հատվածից դուրս գտնվող «Համաս»-ի ներկայացուցչի կողմից։ «Գազայի ներսից «Համաս»-ի արձագանքը նշանակություն ունի, որը դեռ չկա», - նշել է նա։
Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ճնշող մեծամասնությամբ բանաձև ընդունեց հավանություն տալով Գազայի հատվածում կրակը դադարեցնելու պլանին։ ԱՄՆ-ի կողմից ներկայացված բանաձևն ուղղված է վերջ տալու ավելի քան ութ ամիս շարունակվող պատերազմին։ Երկուշաբթի տեղի ունեցած քվեարկությունում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը կողմ է քվեարկել։ Միայն Ռուսաստանն է ձեռնպահ մնացել։ Բանաձևը ողջունում է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի առաջարկները, որի հետ, Բայդենի ասելով, Իսրայելը համաձայնվել էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունեց Գազայի հատվածում հրադադարի մասին ԱՄՆ բանաձևըԵռափուլ այդ պլանը նախատեսում է պատանդների և կալանավորների փոխանակում և ժամանակավոր զինադադար։ Երկրորդ փուլում պատանդների վերջնական ազատում, ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում և իսրայելական զորքերի դուրս բերում Գազայի հատվածից։ Եզրափակիչ փուլը ենթադրում է Գազայի հատվածի վերականգնում։
Բլինքենն Անվտանգության խորհրդի բանաձևի մասին ասել է, որ «բոլորը կողմ են քվեարկել, բացառությամբ մեկի և դա «Համաս»-ի ձայնն է»։
Նա հայտնել է, որ երկուշաբթի ուշ երեկոյան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ կայացած հանդիպմանը Նեթանյահուն վերահաստատել է իր հավատարմությունը առաջարկներին։
Լրագրողների հետ զրույցում Բլինքենը պարզաբանել է, որ այդ առաջարկները առաջին հերթին ապահովում են կրակի անհապաղ դադարեցում և կողմերին պարտադրում է գնալ բանակցությունների։ «Հանձնառությունը կայանում է ամուր հրադադար հաստատելու մեջ ու քանի դեռ այդ ուղղությամբ բանակցությունները կշարունակվեն՝ կրակը դադարեցնելու պայմանավորվածությունը կմնա ուժի մեջ», - նշել է նա։
Անցած տարվա հոկտեմբերի սկզբից բռնկված պատերազմից ի վեր Բլինքենը 8-րդ անգամ է այցելել Մերձավոր Արևելք։ Երկուշաբթի նա Եգիպտոսից ժամանել է Իսրայել։ Իսրայելի և տարածաշրջանի երկրների առաջնորդների հետ նա քննարկում է նաև պատերազմից հետո Գազայի հատվածի ապագան։