Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն: Այդ մասին ասված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Միացյալ Նահանգների նախագահի հղած նամակում:
«Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ», - ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Փաշինյանին գրել է Բայդենը:
Ինչպես և Ադրբեջանի նախագահին հղած նամակում, որը երեկ է հրապարակվել, ԱՄՆ նախագահը նշում է՝ ուրախ է տեսնել, որ Հայաստանը և Ադրբեջանը «կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, որը կկարգավորի ձեր երկու երկրների միջև հարաբերությունները»:
Հայաստանի ղեկավարին ևս Բայդենը վստահեցնում է՝ «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը»։
«Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար: Այն կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը», - համոզված է ԱՄՆ նախագահը:
«Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը», - գրում է Բայդենը Փաշինյանին:
«Ինչպես անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հիշատակվեց, այժմ եկել է պահը վերահաստատելու հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և խաղաղության հիմնարար սկզբունքներին: Ավելի պայծառ ապագան հասանելի է, և ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքին՝ այն բաց չթողնելու համար», - ասված է Միացյալ Նահանգների նախագահի նամակում:
Իլհամ Ալիևին հղած նամակում, որը ևս Բաքվին փոխանցել էր Մայքլ Քարփենթերը, Ջո Բայդենը հիշատակել էր նաև Ադրբեջանի մայրաքաղաքում եկող ամիս անցկացվելիք COP29 համաժողովը՝ գրելով. - «Այժմ, երբ աշխարհի ուշադրությունը ուղղվում է դեպի Բաքու՝ COP29-ի կապակցությամբ, Դուք բացառիկ հնարավորություն ունեք համաշխարհային հանրության առջև ցույց տալու Ձեր հանձնառությունը խաղաղությանը: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների համաձայնեցումը կպահանջի ստեղծագործական մոտեցում ու փոխզիջում բոլոր կողմերից։ Սակայն ես վստահ եմ, որ Դուք կշարունակեք քայլերն այդ ուղղությամբ, և քաջալերում եմ Ձեզ ավարտին հասցնել պայմանագիրն այս տարվա ընթացքում»։
Ադրբեջանի նախագահին նույնպես ԱՄՆ նախագահը հորդորել է ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն այս տարվա ընթացքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենն Ալիևին կոչ է անում այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրըՄայքլ Քարփենթերը երեկ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներ է ունեցել Բաքվում, այսօր Երևանում ԱՄՆ նախագահի օգնականին ընդունել են Հայաստանի ղեկավարները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բայդենը նամակ է գրել Փաշինյանին. այն նրան փոխանցել է ԱՄՆ նախագահի օգնականըԲայդենը՝ Փաշինյանին. Համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, փոխզիջումՀայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ շաբաթներ առաջ Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ կայացած հանդիպմանը Էնթոնի Բլինքենը խրախուսել էր ջանքեր գործադրել՝ համաձայնագիրը հնարավորինս շուտ վերջնական տեսքի բերելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բլինքենը կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել ջանքերը՝ խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու ուղղությամբՄիրզոյանը և Բայրամովը համաձայնել են լրացուցիչ ջանքեր ներդնել խաղաղության համաձայնագրի՝ ամենասեղմ ժամկետում կնքման ուղղությամբ