Բաքուն պաշտոնապես դեռ չի արձագանքել հաղորդակցությունները բացելու Երևանի առաջարկին

Բաքուն պաշտոնապես չի արձագանքել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու Երևանի առաջարկին, Հայաստանցի պաշտոնյաները չեն գաղտնազերծում, թե ինչ փաթեթ են ուղարկել Բաքու։

«Ես տեղյակ եմ, թե ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չկա, չէի ուզենա բացել դրանց բովանդակությունը», - ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Առաջարկները հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել հոկտեմբերի 24-ին Կազանում տեղի ունեցած Ալիև-Փաշինյան բանակցություններից հետո: Վարչապետ Փաշինյանն անգամ պնդում էր, թե կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ունենալ փոխադարձ ընդունելի լուծում: Հայտնի է միայն, որ այդ առաջարկները բխում են կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի տրամաբանությունից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին գրավոր առաջարկ է արել կոմունիկացիաների բացման հարցով. վարչապետ

Երևանին չպատասխանելուն զուգահեռ Բաքվից պարբերաբար հիշեցնում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը չի համաձայնում, որ ապաշրջափակումից հետո ճանապարհները գործեն յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր հարցին ուղիղ չպատասխանեց:

«Մենք քանի անգամ ենք կրկնել, որ կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է: Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել դա: Նման բան ուղղակի չի լինելու: Եթե շարունակաբար դրա մասին խոսվում է, մենք էլ շարունակաբար կրկնում ենք, որ Հայաստանը ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների ներքո՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո», - ասաց Գրիգորյանը:

Երևանն ու Բաքուն այս հարցի շուրջ չորս տարի է՝ բանակցում են, բայց անարդյունք: Նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախագծից հարցը հանեցին, որ խաղաղության պայմանագրի ստորագրման մի խոչընդոտից ազատվեն: Բայց դրանից հետո էլ ադրբեջանցի պաշտոնյաներն ապաշրջափակման թեմային անդրադառնալիս միակ համաձայնությունը, որի մասին հիշատակում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այս փաստաթղթի ստորագրումից հետո տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցով աշխատանքային խումբ էր ձևավորվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ, բայց անցած տարվա հուլիսից հանձնաժողովը նիստեր չի անցկացրել: Հնարավո՞ր է կողմերը վերադառնան այդ ձևաչափով քննարկումներին, թե՞ բանակցություններն արդեն երկկողմ են ընթանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը. ԱԳՆ

«Դեռ չենք կարող ասել, որ բանակցություններ վարում ենք, կարող ենք ասել, որ մենք տվել ենք առաջակ, որի մասով սպասում ենք պատասխանի», - պատասխանեց Գրիգորյանը:

Ի տարբերություն ապաշրջափակմանը՝ սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը շարունակում են աշխատել: Մհեր Գրիգորյան վստահեցնում է՝ առաջիկայում նաև հանդիպում կլինի Շահին Մուստաֆաևի հետ: Գարնանը Տավուշի հատվածի չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելուց հետո միայն կողմերը վավերացրին սահմանազատման կանոնակարգը: Այս փաստաթղթի համաձայն՝ Երևանն ու Բաքուն պետք է համաձայնեցնեն, թե առաջիկայում որ հատվածներն են սահմանազատվելու: Հայկական կողմը կառաջարկի՞, որ դելիմիտացիան շարունակվի այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ - ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը մտավ ուժի մեջ

«Մեր հանդիպումները միշտ տեղի են ունենում, որից հետո հրապարակում ենք հաղորդագրություններ ու փորձում ենք մաքսիմալ մանրամասն ներկայացնել ձեզ ու հանրությանը արդյունքների մասին», - նշեց Մհեր Գրիգորյանը:

Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել, հայկական կողմից կարծում են՝ հենց սահմանազատմամբ են հետ բերելու դրանք: