ԱԺ ընդդիմությունը խաղաղության պայմանագրում Հայաստանի շահը չի տեսնում, իշխանությունից հակադարձում են

Ազգային ժողովի նիստ, արխիվ

Խորհրդարանական ընդդիմության համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն գնով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել՝ 2026 թվականին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում իր նախընտրական կարգախոսը ապահովելու նպատակով։

«Հաջորդ քարոզարշավը «ապագա կա ու խաղաղություն կա», հա՞, բրենդը օգտագործելու հարցն է՞», - այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ շարունակելով. - «Այսինքն՝ Ադրբեջանից իրենք հիմա գնում են հաջորդ իրենց քարոզարշավի սլոգանը։ Իսկ ինչո՞վ է վճարելու այդ գնման դիմաց՝ Հայաստանի Հանրապետության անվտանգային շահերով. «ինչ ուզում եք սահմանազատեք, ինչ գյուղ ուզում եք տանք, մենակ թողեք ես խաղաղություն բառը հաջորդ ընտրություններին օգտագործեմ»։

Մամիջանյանի պնդմամբ՝ խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթուղթը Հայաստանի շահերից բխող որևէ կետ չի ներառում: Նա թվարկեց՝ Բաքվում պահող հայ գերիների ազատ արձակման, սահմանազատման, ճանապարհների ապաշրջափակման հարցերը պայմանագրում ներառված չեն։

«Լավ, մեր շահը էդ փաստաթղթի մեջ ո՞րն է, անունը՞՝ խաղաղության պայմանագիր», - նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:

Խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի համոզմամբ խաղաղության պայմանագիրը կարող է լիարժեք լինել միայն այն դեպքում, եթե այնտեղ անդրադարձ լինի Արցախի հարցին ու բոլոր հայ գերիների ազատ արձակմանը։

«Խաղաղության պայմանագիրը պարզապես խաբկանք է», - հայտարարեց Օհանյանը:

«Մենակ Նիկոլ Փաշինյանին պետք է սպիտակ թուղթ, որ էն 21 թվականի մուրճից հետո մի ձեռին էլ ունենա սպիտակ թուղթ, թե՝ «ժողովուրդ, ձեզ բերեցի խաղաղություն», - հավելեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Փաշինյանին պետք է խաղաղություն կոչվող թղթի կտոր՝ վերընտրվելու համար». ընդդիմությունը՝ Բաքվին վարչապետի առաջարկի մասին

Ընդդիմությունը նույնպես տեղյակ չէ՝ խաղաղության պայմանագրի նախագծում այդ ի՞նչ կետի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն գալիս։ Երևանը Բաքվին առաջարկել է խաղաղության պայմանագրի 17 կետից բաղկացած փաստաթուղթը ստորագրել 16 կետերով, որոնցից 13 ամբողջությամբ համաձայնեցված են, ևս 3-ը՝ մասամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանը չի բացահայտում՝ ինչ հարցի շուրջ Բաքվի հետ չեն կարողանում գալ համաձայնության

Ի դեպ, Մանուկյանը տեղեկացրեց, որ օրերս կրկին դիմել են Արտգործնախարարությանը՝ փաստաթղթին ծանոթանալու խնդրանքով։ Ընդդիմադիր պատգամավորները կրկին մերժում են ստացել և հարցը պատրաստվում են դատական կարգով լուծել:

«Բնականաբար, ես չեմ կարող դետալների մեջ խորանալ և հիմա ներկայացնել, թե որն է այդ դրույթը», - իր հերթին, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Նա հրաժարվեց փակագծեր բացել, թե այդ ո՞ր դրույթի շուրջ Երևանն ու Բաքուն համաձայնության գալ չեն կարողանում։ Հովհաննիսյանը հորդորեց չկենտրոնանալ փաստաթղթի դրույթների քանակի վրա, քանի որ քննարկումների ընթացքում կարող են փոփոխություններ տեղի ունենալ։

«Հիմա մեր առաջարկն է 16-կետանոց խաղաղության պայմանագիրը, որի 13 կետն ամբողջությամբ համաձայնեցված է: Մենք առաջարկում ենք դա համաձայնեցնել և շարժվել առաջ», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:

Վարչապետ Փաշինյանն իր վերջին ասուլիսում ասել էր՝ հնարավոր է ստորագրել փաստաթուղթն արդեն իսկ համաձայնեցված դրույթներով, իսկ մնացած հարցերի քննարկումը շարունակել դրանից հետո։ Իշխանությունը քննադատներին հակադարձում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական, և հարևանների հետ խաղաղ գոյակցությունը կնպաստի Հայաստանի առաջընթացին։

«Չկան երկրներ, որոնց հարաբերությունները կարգավորվում են մի պայմանագրով: Բայց շատ կարևոր է դնել այն հիմքը կամ ավելի ճիշտ՝ չմերժել այն հիմքը, որն արդեն դրված է մեր մի քանի տարվա բանակցությունների արդյունքում: Ես հույս ունեմ, որ մենք առաջիկայում առիթ կունենանք ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված մասը, համաձայնեցված տեքստը և անցնել հետագա բանակցությունների՝ մնացած հնարավոր հարցերը լուծելու համար», - անցած շաբաթ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին ասել էր Նիկոլ Փաշինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Շատ առանցքային հարցեր դուրս են բերվել խաղաղության համաձայնագրի օրակարգից. փորձագետԲաքուն ՀՀ տարածքը հստակ մակերեսով ճանաչելու մասին չի հայտարարում. ՔՊ-ում դա խնդիր չեն համարում խաղաղության պայմանագրի կնքման համարՀայաստանն Ադրբեջանին առաջարկում է 16 հոդվածով խաղաղության պայմանագիր. ՓաշինյանԵրևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը. վարչապետ