Այսօր շարունակվեց իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի գործով դատավարությունը։ Ամբաստանյալը ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդ Սամվել Վարդանյանն է, որը մեղադրվում է խուլիգանության և համացանցում քաղաքական հայացքներով պայմանավորված՝ պատգամավորի նկատմամբ խտրականություն, ատելություն տարածելու համար, նա մեղքը չի ընդունում։
Ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդը մեկ տարվա ընթացքում երկու անգամ վիճել է Ասլանյանի հետ։
Վարդանյանի ու պատգամավորի վերջին հանդիպումը ավտոբուսում այս տարվա ապրիլին էր, երիտասարդն Ասլանյանին «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» էր անվանել։ Տարածված կադրերում երևում է, որ պատգամավորն, ի պատասխան, հարվածում է Վարդանյանին։ Իսկ ուղիղ մեկ տարի առաջ, էլի ապրիլին, Վարդանյանը YouTube-ում հեռարձակվող փոդքասթի հյուրն էր ու պատմել էր, թե ինչպես է փողոցում պատահաբար հանդիպել Հակոբ Ասլանյանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Վիրավորական արտահայտություններ անելը հանցակազմ չի կազմում». շարունակվում է Սամվել Վարդանյանի գործով քննությունը«Մենք մեղադրանքը չենք ընդունում». ՔԿ-ն ավարտել է Սամվել Վարդանյանի դեմ հարուցված գործի քննությունըՏնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը բավարարել է Սամվել Վարդանյանին կալանավորելու ՔԿ միջնորդությունըՓաստաբան Ռուբեն Մելիքյանը պնդում է՝ գործում քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն կամ խտրականություն չկա։ Մելիքյանն ասում է՝ Սամվել Վարդանյանը քաղաքական անձ չէ, որպես քաղաքացի իր բողոքն է արտահայտել իշխանության քաղաքականության առնչությամբ, հետևաբար՝ այս, ինչպես նաև խուլիգանության հոդվածը չպետք է վերագրվեին նրան։ Հավելում է՝ Վարդանյանը պարզապես վիրավորական արտահայտություններ էր արել, ինչը հանցակազմ չի պարունակում։
«Այս պահին մեր հստակ դիրքորոշումն է, որ Սամվել Վարդանյանը դուրս չի եկել քաղաքացու կողմից իշխանության ներկայացուցչին քննադատելու՝ այո, թեկուզ կոշտ, այո, թեկուզ կոպիտ քննադատելու չարգելված, չասեմ խրախուսելի, բայց ասեմ չարգելված շրջանակներից», - «Ազատությանն» ասաց փաստաբանը:
Վարդանյանը պետք է այսօր հարցաքննվեր, բայց աշխատանքային օրվա ավարտի պատճատով նիստն ընդմիջվեց մինչև դեկտեմբերի 27-ը։
«Ավտոբուսի գործով» տուժած Հակոբ Ասլանյանն այսօր դատարանում էր,բայց հրաժարվեց որևէ հարցի պատասխանել։
Խոշտանգման մասով ութ ամիս անց որևէ մեղադրյալ չկա
Եթե իրավապահներն արագ քննեցին այս գործն ու ուղարկեցին դատարան, ապա Վարդանյանին խոշտանգելու գործն արդեն ութ ամիս է քննում են, դեռևս չկա որևէ մեղադրյալ։
Վարդանյանը ձերբակալվելուց հետո Քննչականի ճանապարհին ծեծի էր ենթարկվել։ Հարուցվել էր քրեական գործ խոշտանգման հոդվածով։ Փաստաբանի կարծիքով՝ սա քաղաքական պատվեր էր մի մարդու հանդեպ, ով համարձակվել էր իշխանական պատգամավորի հետ վեճի բռնվել։
«Եկեք հիշենք իրավիճակը. առաջին դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ անձը գտնվել է ոստիկանության ամբողջական վերահսկողության ներքո, երկրորդ՝ դեպքը տեղի է ունեցել փակ տարածքում՝ տարածք, որտեղ ցանկացած քաղաքացի մտնել չի կարող, երրորդ՝ դեպքից շատ կարճ ժամանակ հետո Սամվել Վարդանյանը այդ փակ տարածքի հաջորդականությունը, աջ ու ձախը, հիշելով, քննիչին հայտնելով գնացել ենք, և անգամ մի քանի օր հետո էդ տրորված խոտի հետքերը էնտեղ կային: Դրանից այն կողմ հանցագործության, ինքնին հանցանք կատարած լինելու փաստը՝ թե՛ հանրության աչքում, թե՛ իրավաբանորեն, էն որ հանցանք է տեղի ունեցել, չեմ կարծում, որ որևէ ողջամիտ մարդու մոտ կասկած առաջացնի», - ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:
Քննչականից հակադարձում են՝ քննությունը շարունակվում է, քաղաքական պատվերի մասին խոսք լինել չի կարող։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել