ՔՊ վարչության որոշմամբ, Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, հաղորդում են կուսակցությունից՝ նշելով, որ նախօրեին տեղի է ունեցել Վարչության նիստը, քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր։
Նիստը վարել է Վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ասլանյանը դեկտեմբերի 11-ին հայտարարեց մեկ ամսով Փաշինյանի գլխավորած կուսակցությանն իր անդամակցությունը սառեցնելու մասին՝ նշելով, որ նախընտրում է արդարությունը՝ ծանոթացել է իր ընկեր, ՔՊ խմբակցությունից օրերս հեռացված Հովիկ Աղազարյանի կյանքին առնչվող տեղեկատվությանը, այնտեղ չի գտել որևէ բան, որի համար կամաչեր իր ընկերոջ փոխարեն։
Այս հայտարարությունից ժամեր անց Հակոբ Ասլանյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ նամակագրության սքրինշոթը։ ՔՊ-ական նախարարը Ասլանյանին տեքստ է ուղարկում, որ նա իր անունից հրապարակի նախարարի ձևակերպած տեքստը, որ զղջում է այսօրվա հայտարարությունների համար։
Ապա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հակոբ Ասլանյանը հեռացվեց իշխող խմբակցությունից՝ նշելով, որ Ասլանյանը չի ցանկանում մանդատը վայր դնել, իսկ կուսակցությունից նրան հեռացնելու որոշումը վարչության նիստում կորոշվի:
Ասլանյանը հրաժարվել էր մեկնաբանել խմբակցությունից իրեն հեռացնելու որոշումը։
Իսկ Հովիկ Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագրից» հեռացրին կուսակցական փակ քննարկումից տեղեկություն լրագրողին հայտնելու, կուսակցական ու բարոյական նորմեր խախտելու պատճառաբանությամբ։ Այս որոշումը եղավ Աղազարյանի հայտարարությունից հետո, որ հրապարակավ մերժեց Փաշինյանի խնդրանքն ու մանդատը վայր չդրեց։