Ասլան Բժանիան հրաժարական կտա, խորհրդարանը հարցն այսօր կքննարկի

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիա, արխիվ

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիան հրաժարական կտա՝ «երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը պահպանելու նպատակով», շուրջ ութ ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել է Բժանիայի մամուլի ծառայությունը՝ նշելով՝ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները բանակցություններից հետո համաձայնագիր են ստորագրել։

Աբխազիայի խորհրդարանը Բժանիայի հրաժարականի հարցն այսօր կքննարկի։

Աբխազական ընդդիմության ու իշխանության երեքական ներկայացուցիչներ երեկ երեկոյան նստեցին դեմառդեմ բանակցությունների՝ ինքնահռչակ հանրապետությունում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու հարցով։

«Ազատության» վրացական ծառայությունը նշում է, որ ըստ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բժանիան նոյեմբերի 19-ին հրաժարական է տալիս, իսկ նոյեմբերի 15-ից կառավարական շենքերի համալիրը վերահսկող ցուցարարներն ազատում են տարածքը։ Եթե այս պայմանը չկատարվի, Բժանիան հետ կկանչի իր հրաժարականը։

Սուխումիում իրավիճակը կտրուկ սրվեց նոյեմբերի 15-ին՝ Ռուսաստանի հետ ներդրումների վիճահարույց պայմանագիրը վավերացնելու դեմ ցույցերի ժամանակ, որը ենթադրում է տնտեսական շատ լայն արտոնություններ ռուսաստանցի խոշոր ներդրողների համար։ Ըստ իշխանության՝ այն տնտեսական օգուտներ կբերի, ընդդիմության պնդմամբ՝ պայմանագիրն ազգային շահերի դեմ է և բոլոր առումներով արտոնյալ պայմաններ ստեղծելով ռուսական կապիտալի համար՝ կկործանի տեղական փոքր ու միջին բիզնեսները։

Նոյեմբերի 15-ին ցուցարարները քանդել են կառավարական շենքերի համալիրի պարսպի մի մասը և ներխուժել խորհրդարանի շենքի հարակից տարածք, այնուհետև խորհրդարան և նախագահի նստավայր։ Ցուցարարները ձվեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ուժայիններն իրենց հերթին արցունքաբեր գազ են կիրառել ակցիայի մասնակիցների դեմ։

Ցույցերի ֆոնին Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիայի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ նախագահը որոշել է չեղարկել վիճահարույց փաստաթուղթը, սակայն ցուցարարներն այդ քայլը բավարար չեն համարել՝ շարունակելով ակցիան Բժանիայի հրաժարականի պահանջով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աբխազիայի նախագահը խոստացել է հրաժարական տալ