Ասադը Ռուսաստանում է և նրան այստեղ անվտանգ է․ Ռյաբկով

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը Ռուսաստանում է և նրան այստեղ անվտանգ է, NBC-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը ապաստան է տվել Ասադին՝ նրան այնտեղ տեղափոխելով «ամենաապահով ճանապարհով»։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ իր կողմից «չափազանց սխալ» կլինի մանրամասնելը, թե ինչպես է դա տեղի ունեցել։

«Նա այժմ պաշտպանված է, և դա ցույց է տալիս, որ Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես պահանջվում է նման արտակարգ իրավիճակում»,- ասել է Սերգեյ Ռյաբկովը։

Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիական ընդդիմության ներկայացուցիչները մտան Դամասկոս, հայտարարեցին Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը լքեց Սիրիան։ Ավելի ուշ հաղորդվեց, որ նա գտնվում է Մոսկվայում․ Ռուսաստանի նախագահը նրան և նրա ընտանիքի անդամներին ապաստան է տվել։

Ռյաբկովն NBC-ին ասել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Ասադին։

Հիշեցնելով, որ Ասադի ռեժիմը մեղադրվում է քիմիական զենքով հարձակումների, ռազմական հանցագործությունների համար, գործակալությունը հետաքրքրվել է, թե արդյո՞ք Կրեմլը կհանձնի Ասադին դատավարության համար։ Ռյաբկովը պատասխանել է․ - «Ռուսաստանը Միջազգային քրեական դատարանի կոնվենցիայի անդամ չէ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպես է Ասադի անկումը սպառնում Ռուսաստանի ռազմական ազդեցությանը Սիրիայում և ողջ տարածաշրջանում