Արդյոք Ագարակի անցակետից ռուսական սահմանապահ ուժերի դուրս բերման որոշումից հետո փոփոխության կենթարկվի՞ Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին հայ- ռուսական պայմանագիրը։
Օրերս Փաշինյան-Պուտին կես ժամանոց հանդիպումից հետո Երևանը տեղեկացրեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ռուս սահմանապահները դուրս կգան Ագարակի անցակետից, և այնտեղ հունվարի 1 -ից հսկողություն կիրականացնեն միայն Հայաստանի սահմանապահները։ Մինչդեռ 1992-ին կնքված հայ - ռուսական պայմանագրի 6-րդ կետում նշվում է. «Ռուսաստանի սահմանապահ զորքերն իրականացնում են մարդկանց, փոխադրամիջոցների, բեռների, ապրանքների և այլ իրերի բացթողումը՝ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանի վրա գտնվող և գոյություն ունեցող անցումային կետերով»։
Այժմ, երբ Երևանի և Մոսկվայի միջև ձեռք բերված նոր պայմանավորվածության համաձայն այս հոդվածը փաստացի դադարում է գործել, արդյոք 32 տարվա վաղեմության պայմանագիրը կվերանայվի։ Հայաստանի արտգործնախարարությունից խնդրեցին հարցը գրավոր ուղարկել, ինչն արել ենք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս սահմանապահները հեռանում են Իրան-Հայաստան հսկիչ-սահմանային կետիցՍարգսի Խանդանյանը պնդում է՝ պայմանագրի փոփոխության կարիք չկա
Հայ-ռուսական պայմանագիրը, ըստ փաստաթղթի վերջին հոդվածի, գործում է ռուս սահմանապահների՝ Հայաստանում գտնվելու ժամանակամիջոցում և կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ։ Մինչ այդ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգսի Խանդանյանը պնդում է՝ պայմանագրի փոփոխության կարիք չկա՝ հղում անելով նույն փաստաթղթի 4-րդ հոդվածին։
«Չեմ կարծում, որ պայմանագիրը վերանայման կարիք ունի, որովհետև այդ նույն պայմանագրում նաև ֆիքսված է, որ այն ժամանակ, երբ Հայաստանը ունենա սեփական սահմանապահ ուժերն ու ունենա ռեսուրսներ արդեն ինքնուրույն Իրանի և Թուրքիայի հետ սահմանների պահպանությունն իրականացնել, կսկսի դա իրականացնել և հիմա կարծես թե հասնում ենք այդ փուլին», - ասաց Խանդանյանը:
Արդյոք Երևանն ու Մոսկվան քաղաքական այս որոշումն ավելի վա՞ղ են կայացրել, որը հրապարակվեց միայն Փաշինյան - Պուտին հանդիպումից հետո։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կարծում է, որ այդ համաձայնությունը կայացվել է բոլորովին վերջերս, երբ այդ մասին հայտարարվեց։
Ի դեպ, Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում Սյունիքի մարզի Ագարակի անցակետից ռուսներին դուրս բերելու մասին գրեց միայն այն բանից հետո, երբ Կրեմլի խոսնակը պնդեց, թե Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ առանձին հանդիպումների քննարկել է՝ «Զանգեզուրի միջանցքի խնդիրը»։ Այս տերմինը ռուսական կողմը մինչև վերջերս չէր կիրառում։
«Ազատության» հարցին՝ «ռուսները հոժարակա՞մ են ընդունել այդ որոշումը, այսինքն, որոշակի խնդիրներ ի հայտ չե՞ն եկել բանակցությունների ճանապարհին», ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Կարծեց թե որևէ խնդիր չկա, և նաև տրամաբանական է, որ Հայաստանի Հանրապետության սահմաններն ի վերջո պետք է հսկեն Հայաստանի Հանրապետության համապատասխան ծառայությունները»:
Ագարակի անցակետից ռուսների դուրսբերմանը զուգահեռ, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի պետական սահմանին Հայաստանի սահմանապահները ռուսների հետ համատեղ ծառայություն կիրականացնեն։
Թե երբ է Երևանը ծրագրում նաև պետական սահմաններից ռուսներին դուրս բերել, հստակ ժամանակացույց չկա։
«Ժամկետներ կդժվարանամ նշել, բայց ենթադրաբար ինչ - որ պահ կգա, որ մենք ամբողջությամբ պատրաստ կլինենք ծառայություն իրականացնել երկու սահմաններին էլ: Բայց այս պահին այդ հարցը չի քննարկվում», - ասաց Սարգիս Խանդանյանը:
«Հայաստանն ունի՞ այդ ռեսուրսները Ագարակի անցակետում պահպանությունն ինքնուրույն իրականացնելու համար»
Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մինչդեռ հարցնում է, արդյոք Հայաստանն այսօր ունի՞ այդ ռեսուրսները, ինչպես «Զվարթնոց»-ում, այնպես էլ Ագարակի անցակետում պահպանությունն ինքնուրույն իրականացնելու համար։
Պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է՝ 1992-ին, երբ ռուսական զորքերը տեղակայվեցին Հայաստանի սահմանին, դրանով 2 հարց լուծվեց։ Նախ, ռուս սահմանապահները քաղաքական առումով զսպիչ դեր էին կատարում, քանի որ Թուրքիայի կողմից կար հարվածի կամ ներխուժման վտանգ։ Եվ հաջորդը, Հայաստանը դրա շնորհիվ կարողանում էր իր հիմնական մարդկային ռեսուրսները կենտրոնացնել այն ուղղություններով, որտեղից կարող է լինել հարված կամ հարձակում։
«Չկա որևէ մարդ, ով քիչ թե շատ տիրապետում է ռազմաքաղաքական իրադրության, որ համարի, որ ադրբեջանական հարձակման կամ հարվածի հավանականությունը փոքր է: Հիմա հայ-իրանական սահմանն այն ուղղությունն է եղել, որն ավանդաբար որևէ խնդիր չի առաջացրել: Հիմնականում սահմանապահ զորքերի ֆունկցիան այնտեղ եղել է իրենց գործառույթներին համաձայն օրինախախտների, մաքսանենգության և այլ օրենքով նախատեսված ուղղություններով: Այս տեսանկյունից քանի Ադրբեջանի հետ ամբողջական կարգավորում կամ հանգուցալուծում չկա ու պատերազմի հավանականությունը կտրուկ իջեցված չէ, ես կարծում եմ, որ ցանկացած նման քայլ անելուց պետք է հաշվի առնել մարդկային ռեսուրսների հնարավորությունը և փորձեն այդ ռեսուրսն ուղղել ճիշտ ուղղություններով», - նշեց Աբրահամյանը:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի համոզմամբ՝ իշխանությունը ինչպես Ագարակի անցակետից, այնպես էլ «Զվարթնոց»-ից ռուսներին դուրս բերելու քայլը փորձում է քարոզչական դաշտում ներկայացնել իբրև ինքնիշխանության ամրապնդում կամ հակառուսական քաղաքականության դրսևորում, ինչը փորձելու է օգտագործել Արևմուտքի հետ իր հարաբերություններում։
«Չի բացառվում, որ իշխանությունը փորձում է այդ քայլը պարզապես ծախել Արևմուտքին», - ընդգծեց նա:
Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ այս բավական ծանր փուլում Ռուսաստան - Արևմուտք դիմակայության դաշտ մտնելու փոխարեն, Հայաստանը պետք է հաշվի առնի իր անվտանգային առաջնահերթությունները և շարժվի այդ ուղղությամբ։