Մատչելիության հղումներ

Ռուս սահմանապահները հեռանում են Իրան-Հայաստան հսկիչ-սահմանային կետից


Հայաստան-Իրան սահմանի անցակետի բեռնային համալիրը, արխիվ
Հայաստան-Իրան սահմանի անցակետի բեռնային համալիրը, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ հունվարի 1-ից ռուս սահմանապահները կհեռանան հայ-իրանական սահմանի հսկիչ-սահմանային կետից

«Համաձայնություն է ձեռքբերվել նաև այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով», - նշված է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի տարածած հաղորդագրությունում։

«Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում նշեց. «Ընդհանուր սահմանի երկայնքով պետք է արձանագրել, որ թե՛ Թուրքիայի և թե՛ Իրանի հետ պետական սահմանին մինչ այս կանգնած են եղել միայն ու բացառապես Ռուսաստանի սահմանապահ զորքերը, իսկ այսուհետ ծառայությունը կիրականացվի խառը ռեժիմով, այսինքն, Ռուսաստանի սահմանապահների հետ զուգահեռ ծառայություն կտանեն նաև Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության սահմանապահ զորքերը: Սա ևս աննախադեպ երևույթ է: Իսկ անցագրային կետում էլ արդեն բացառապես Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն է»:

«Ազատության» հարցն ՝ ի՞նչ նկատի ունեն հսկիչ-անցակետ ասելով, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. - «Հսկիչ-անցագրային կետն այն հատվածն է, որտեղով անցնում են, հատում են սահմանը քաղաքացիները ու այն հատվածն է, որտեղ անձնագրերն են ստուգում, բեռներն են ստուգում»:

«Այդ կետում մինչև այս պահը միայն ռուսներն են ծառայություն իրականացնում, իսկ ամսի 1-ից արդեն կլինի միմիայն Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես ասացի, սահմանի պահպանության տեսանկյունից, այնտեղ արդեն խառը», - նշեց ՔՊ փոխնախագահը:

Հարցին՝ «ինչ-որ համամասնություն է գործելո՞ւ ռուսների, հայերի մասնակցությամբ, Ալեքսանյանն արձագանքեց. - «Մանրամասներ են որոնք չեմ տիրապետում: Կարծում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունը ավելի լավ կմեկնաբանի այդ հատվածը»:

Դիատրկմանը, որ որոշումը կայացվել է միջկառավարական համաձայնության հիմա վրա և հետագա վավերացումներ չի ենթադրում, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. - «Կարծում եմ, չէ, չի ենթադրում, որովհետև մենք նմանատիպ իրավիճակ ունեցանք նաև «Զվարթնոցի հետ կապված»:

«Բնականաբար, ցանկացած պետության համար շատ ցանկալի է, որպեսզի հենց ինքը կարողանա ու ինքն էլ իրականացնի իր ողջ պետական սահմանի երկայնքով սահմանի պահպանությունը, դա միանշանակ ցանկալի բան է ցանկացած պետության համար», - ասաց նա:

Այս տարվա օգոստոսի 1-ից ռուս սահմանապահները դուրս են եկել նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG