Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պատկերացմամբ՝ Փաշինյանի կառավարությանը փոխարինող անցումային կառավարությունը վերկուսակցական պետք է լինի։
«Պրոֆեսիոնալների, ունակների կառավարություն պետք է լինի», - ասել է Բագրատ սրբազանը։
Նա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ խոսել է իրենց սկզբունքներից՝ ինչ է առաջարկում Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջող շարժումը։
«Երբ մենք բոլոր ոլորտների հետ հանդիպել և հանդիպում ենք, խնդրում ենք, որ երեքական թեկնածուներ լինեն, մարդիկ, ովքեր և՛ հարգանք ունեն տվյալ ոլորտում, և՛ ներդրում ունեն, և՛ վստահելիություն, մարդիկ, որոնք զարգացման տեսիլք ու հնարավորություն ունեն, այլ մեթոդ չունենք», - նշեց Տավուշի թեմի առաջնորդը։
Շարժման աջակիցների պատկերացմամբ` հանրային ճնշմամբ պետք է հասնեն Փաշինյանի հրաժարականին, անցումային կառավարություն ձևավորեն ու մեկ տարի անց նոր ընտրություններ անցկացնեն։ Վարչապետի թեկնածուի մասին սպասվող հանրահավաքում կհայտարարեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հանրահավաքին կիմանան՝ ով է վարչապետի թեկնածուն, ու ինչ ծրագիր կա. Բագրատ սրբազան
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Բագրատ սրբազանը հանդիպել է խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին։ Մասնակիցները հաստատում են՝ երկու հարցում համախոհ են` Փաշինյանի հրաժարականի ու արքեպիսկոպոսի վարչապետության։
Իսկ ի՞նչ են քննարկել կառավարության ձևավորման սկզբունքների հարցով, ի՞նչ է նշանակում վերկուսակցական կառավարություն՝ շարժմանն աջակցող կուսակցությունների անդամները կառավարության գլխավոր պաշտոններում չե՞ն լինելու։ Հանդիպմանը մասնակցած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն ասաց՝ մանրամասն չեն քննարկել, իր կարծիքով՝ ընդհանուր սկզբունքը սա է. - «Կուսակցությունները, որոնք մաս կկազմեն հաջողության դեպքում անցումային կառավարությանը, իրենք, ըստ էության, կարող են տեխնոկրատ կադրեր առաջադրել՝ ձեռնպահ մնալով այնպիսի անունների ներկայացումից, որոնք առաջիկա ընտրական ցիկլում շատ ակտիվ և գործուն դերակատարություն կունենան»։
Ըստ Սուրենյանցի՝ անցումային կառավարության օրակարգի շուրջ համախոհությունը դեռ չի նշանակում, որ ընտրություններին այս ուժերը մեկ դաշինքով են մասնակցելու, այդ պատճառով կուսակցությունների հետ նույնացվող դեմքերը ժամանակավոր կառավարությունում չպետք է լինեն։ Հանրապետականի առաջնորդ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, օրինակ, օրերս ասել էր, թե վերադառնալու ցանկություն չունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հանրապետականն ամբողջությամբ սատարում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժմանը. Սերժ Սարգսյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Որևէ բանից չենք վախենում». ընդդիմությունից հայտարարում են՝ «անարձագանք չեն թողնի Սուքիասյանի սպառնալիքները»«Այստեղ հիմնական մեսիջն այն է, որ գործադիր իշխանության ընձեռած լիազորությունները և մանդատը չպետք է չարաշահվի առաջիկա ընտրություններում էլեկտորալ ռեսուրս ունենալու համար», - նկատեց նա։
Հանրահավաքին ընդառաջ Մայր աթոռում եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով է եղել, անդրադարձել են նաև եկեղեցու հասցեին բարձրագույն իշխանության մեղադրանքներին։ Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, դատապարտել Փաշինյանի մեղադրանքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որտե՞ղ եք տեսել, որ մենք Կոկա-կոլա կամ գինի ենք վաճառում. Շիրակի թեմի առաջնորդ
Եթե նույնիսկ մայիսի 26-ին որպես վարչապետի թեկնածու հնչի Բագրատ սրբազանի անունը, նա Սահմանադրությամբ չի կարող առաջադրվել՝ երկքաղաքացի է։ Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում էլ նրա թեկնածությունը օրենքով չի կարող հաստատվել։ Ընդդիմության սցենարով դրան հնարավոր է հասնել հանրային ճնշմամբ։ Իշխանականները համոզված են՝ Փաշինյանի կառավարության դեմ հանրային ճնշում չկա, և որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն էլ մարել է։