Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ (թարմացված)

16:38

Մոսկվան ամերիկյան նոր վարչակազմի հետ աշխատելու է՝ կոշտ կերպով պաշտպանելով սեփական ազգային շահերը և կենտրոնանալով «հատուկ ռազմական գործողության» նպատակներին հասնելու վրա: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում։

Պաշտոնական Մոսկվան նաև ընդգծել է՝ «իրենք պատրանքներ չունեն Ռուսաստանում լավ հայտնի Ամերիկայի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Կոնգրեսի նոր կազմի հետ կապված, որտեղ հանրապետականները, նախնական տվյալներով, վերահսկողություն են վերցնում»։

16:22

ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն շնորհավորել է հանրապետական Դոնալդ Թրամփին, պատրաստակամություն հայտնել աշխատել նրա հետ։

Հյուսիսատլանտյան դաշինքի քարտուղարը նաև ընդգծել է՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ավելացնում են իրենց ռազմական ծախսերը։

15:11

Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում «վճռական հաղթանակի» կապակցությամբ շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

15:09

Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հույս հայտնելով, որ նրա նախագահության օրոք կամրապնդվեն Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները։

14:50

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու համար հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ապահովեց ընտրական քոլեջի անհրաժեշտ առնվազն 270 ձայնը՝ հաղթելով դեմոկրատ Քամալա Հարիսին, հայտնում են բազմաթիվ ամերիկյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ Associated Press-ը և CNN-ը:

Այսպիսով, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը դառնում է նաև 47-րդ նախագահը և չորս տարի անց կվերադառնա Սպիտակ տուն:

14:22

Կենտրոնական Ասիայից Դոնալդ Թրամփին առաջինը շնորհավորեց Ղրղըզստանի նախագահը. նախագահ Սադիր Ժապարովի շնորհավորական ուղերձի մասին տեղեկացնում է նրա մամուլի ծառայությունը:

14:11

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում վերջինիս հնարավոր հաղթանակի կապակցությամբ, հույս հայտնելով, որ Թրամփի վերադարձը կնպաստի թուրք-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, գլոբալ հակամարտությունների լուծմանը, այդ թվում՝ Ուկրաինայում, Գազայում պատերազմների ավարտին։

14:07

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է Միացյալ Նահանգների հետ շփումների և երկխոսության համար, հայտարարում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

14։05

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին, իր ձևակերպմամբ, «տպավորիչ հաղթանակի» կապակցությամբ։

Շնորհավորական ուղերձում Հայաստանի ղեկավարը համոզմունք է հայտնում, որ Թրամփի նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն:

13:55

Հանրապետականները հաղթում են նաև ԱՄՆ Սենատի, առջևում են՝ Ներկայացուցիչների տան ընտրություններում:

13:10

Եվրահանձնաժողովի նախագահն է շնորհավորել

Դոլանդ Թրամփին շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

12։29

Մակրոնը շնորհավորել է

Ֆրանսիայի նախագահը Էմանյուել Մակրոնը շնորհավորել է Թրամփին։

12:22

Զելենսկին շնորհավորել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է հանրապետական, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ սպասում է Թրամփին անձամբ շնորհավորելուն և «քննարկելու ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները»։

11։59

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ևս շտապել է շնորհավորել Թրափին. «Մենք միասին կհաղթահարենք այն լուրջ մարտահրավերները, որոնք սպասում են մեզ», - գրել է նա X-ում:

11։52

Հայ դատի հանձնախմբի և ամերիկահայ համայնքի նշաձողը չպիտի իջեցնեին. Չուլջյան

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանն «Ազատության» հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչպես կազդեն այս ընտրությունների արդյունքները ԱՄՆ հայ համայնքի ու Հայաստանի վրա։

11:40

Օրբանը շնորհավորել է Թրամփին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ նշելով՝ «ԱՄՆ քաղաքական պատմության ամենամեծ վերադարձը»:

«Շնորհավորում եմ նախագահ Դոնալդ Թրամփին իր հաղթանակի առթիվ: Աշխարհի համար շատ անհրաժեշտ հաղթանակ», - X-ի իր էջում գրել է Օրբանը:

Ընտրությունների արդյունքների հաշվարկը շարունակվում է:

11։37

Դոնալդ Թրամփը հայտարարում է՝ հաղթանակ է տարել, ոսկե դար է խոստանում

«Տեսեք, թե ինչ եղավ, սա խենթանալիք է, սա քաղաքական հաղթանակ է։ Ուզում եմ ամերիկացիներին շնորհակալություն հայտնել ինձ ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրելու համար։ Ես պայքարելու եմ բոլորիդ համար, հանգիստ չեմ առնի, մինչև չկառուցենք արդար, ուժեղ Ամերիկա։ Սա Ամերիկայի ոսկե դարն է լինելու»։

Ընտրությունների արդյունքների հաշվարկը շարունակվում է:

11։33

Թրամփը հաղթում է Փենսիլվանիայում

Դոնալդ Թրամփը հաղթում է Փենսիլվանիայում ևս: Երկու թեկնածուներն էլ բավականին մեծածավալ քարոզարշավ են իրականացրել այս նահանգում՝ այցելելով այնտեղ ավելի հաճախ, քան մյուսները: Թրամփը ստանում է Փենսիլվանիայի 19 ընտրական ձայները։ Associated Press-ը Թրամփին հաղթող է ճանաչել:

11։26

Օհայոյում հաղթում է Թրամփը

Ըստ նահանգներից ստացված տվյալների՝ այս պահին առաջատարը հանրապետական, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն է։ «Ազատության» թղթակիցը Օհայոյից հայտնում է, որ այստեղ ևս հաղթում են հանրապետականները։

11։20

Associated Press-ը չի շտապում Թրամփին հաղթող հռչակել Միչիգանում, Վիսկոնսինում և Փենսիլվանիայում՝ նրան տալով հաղթանակի համար անհրաժեշտ 270 ընտրական ձայներից միայն 248-ը։

11։06

Ընտրությունների արդյունքների ազդեցությունն Իրանի վրա

Այս ընտրությունների արդյունքները կարող են ազդել աշխարհում փոթորկվող մի շարք հակամարտությունների ու երկրների, այդ թվում՝ Իրանի վրա։ Վաշինգտոնը Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի արդեն մի քանի տասնամյակ։ Ի՞նչ կփոխվի Թրամփի կամ Հարիսի ընտրության դեպքում։

«Ազատության» անդրադարձը՝ այստեղ։

11։04

Թրամփը ելույթ կունենա Ֆլորիդայում, Հարիսն այսօր ելույթ չի ունենա

Դոնալդ Թրամփը ելույթ կունենա Ֆլորիդայում իր աջակիցների առջև երկու առանցքային նահանգներում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում հաղթանակից անմիջապես հետո:

Ավելի վաղ Քամալա Հարիսի քարոզարշավի համանախագահ Սեդրիկ Ռիչմոնդը տեղեկացրել էր, որ դեմոկրատների թեկնածուն այսօր ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի գալու։

10:48

Քամալա Հարիսը հաղթում է Նյու Հեմփշիր նահանգում

10։39

Հայաստան, Արցախ. ինչ հայտարարություններ արեցին թեկնածուները

Վերջին շաբաթների թեժ մրցապայքարի ընթացքում երկու թեկնածուներն էլ ընտրողներին խոստումներ էին տվել հայերի համար կարևոր թեմաների ու հատկապես Արցախի հարցի շուրջ։

Այս մասին «Ազատության» անդրադարձը՝ այստեղ։

10:30

Դոնալդ Թրամփը հաղթել է նաև Ջորջիայում

Նախկին նախագահ Թրամփը այսպիսով մոտենում է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակին՝ Հյուսիսային Կարոլինայի և Ջորջիայի արդյունքներից հետո։

Ընտրությունների արդյունքների հաշվարկը շարունակվում է:

10:16

Հանրապետականները կարող են մեծամասնություն ստանալ Սենատում

Օհայոյում Բեռնի Մորենոյի հաղթանակով Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է ապահովել Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում:

10։13

«Մենք դեռ ձայներ ունենք հաշվելու»

Հարիսի նախընտրական շտաբի համանախագահ Սեդրիկ Ռիչմոնդն ասել է, որ ԱՄՆ փոխնախագահն այսօր ելույթ չի ունենա, և որ իրենք չեն հրաժարվում Թրամփի դեմ պայքարից:

«Մենք դեռ ձայներ ունենք հաշվելու։ Մենք դեռ ունենք նահանգներ, որոնք դեռ չեն հայտարարվել», - ասել է Ռիչմոնդը։

9:21

Թրամփը հաղթել է Հյուսիսային Կարոլինայում

AP-ն հայտնում է Հյուսիսային Կարոլինայում Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին: Հարիսը հաղթել է Օրեգոնում, Նյու Մեքսիկոյում, ինչպես նաև Վիրջինիայում:

8։42

Հարիսը կամ Թրամփը. ի՞նչ է դա նշանակելու Ուկրաինայի համար

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքը կարող է ավելի շատ ազդել Ուկրաինայի, քան ցանկացած այլ երկրի վրա։

Թեկնածուները երկու՝ իրարից միանգամայն տարբեր դիրքորոշումներ են արտահայտել Ուկրաինային աջակցելու վերաբերյալ:

Հարիսը կամ Թրամփը. ի՞նչ է դա նշանակելու Ուկրաինայի համար, «Ազատության» անդրադարձը՝ այստեղ։

8։26

Արդյունքներ

ԱՄՆ արևմտյան նահանգներում քվեարկությունն ավարտվել է։ Ըստ AP-ի՝ Թրամփը հաղթել է Այդահոյում Հարիսը՝ Կալիֆոռնիայում և Վաշինգտոնում:

07։29

Կեղծիքների մասին Թրամփի հաղորդումը հերքվել է

Հանրապետական թեկնածու Թրամփը սոցիալական ցանցում գրել է, որ Ֆիլադելֆիա քաղաքում, որը դեմոկրատների հենակետն է Փենսիլվանիա նահանգում, «խոսվում է զանգվածային կեղծիքների մասին»:

Քաղաքային կոմիսար, հանրապետական Սեթ Բլյուշտեյնը X-ում պատասխանել է, որ մեղադրանքը բացարձակապես անհիմն է:

«Սա ապատեղեկատվության ևս մեկ օրինակ է։ Ֆիլադելֆիայում քվեարկությունն անվտանգ և ապահով էր»,- ասել է Բլյուշտեյնը:

07։14

Հարիսը հաղթել է Կոլորադոյում

Դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը հաղթել է Կոլորադոյում՝ ստանալով նահանգի 10 ընտրիչների ձայները, հայտնում է Associated Press-ը։

Կոլորադոն ժամանակին մանուշակագույն նահանգ (մանուշակագույն համարվում է այն նահանգը, որտեղ նախագահական տարբեր ընտրությունների ժամանակ երկու անգամ քվեարկել են հօգուտ նախագահի հանրապետական թեկնածուի և երկու անգամ հօգուտ դեմոկրատականի) էր, բայց վերջին երկու տասնամյակների ընթացքում այն դարձել է կապույտ: Նախագահի վերջին հանրապետական թեկնածուն, որը հաղթել է Կոլորադոյում, Ջորջ Բուշ կրտսերն էր 2004 թվականին:

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը հեռախոսով խոսում է Դեմոկրատական ազգային կոմիտեի կենտրոնակայանում նախագահական ընտրությունների ժամանակ, Վաշինգտոն

07:05

Արդյունքեր

Թրամփն, այս պահի տվյալներով, ստանում է 178 ընտրիչների ձայներ, Հարիսը՝ 99, բայց «տատանվող» նահանգներում՝ Արիզոնայում, Ջորջիայում, Միչիգանում, Նևադայում, Փենսիլվանիայում և Վիսկոնսինում, որոնք առանցքային են ընտրությունների արդյունքների համար, պատկերը դեռ պարզ չէ։

Ընտրական կոլեգիայի 270 ձայն ստացած թեկնածուն կդառնա երկրի 47-րդ նախագահը։

06։58

Ջորջիա նահանգում երկու ընտրատեղամաս 30 րոպեով տարհանվել է

ԱՄՆ-ի հարավարևելյան Ջորջիա նահանգում երկու ընտրատեղամաս մոտ 30 րոպեով տարհանվել է ռումբի սպառնալիքների պատճառով, որոնց ահազանգերը, ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ), ռուսական տիրույթից են:

ՀԴԲ-ն հաղորդել է, որ մի քանի նահանգներում ընտրատեղամասերը դարձել են սպառնալիքների թիրախ, դրանք, սակայն, արժանահավատ չեն:

Ընտրություններ ԱՄՆ-ում, Ջորջիա նահանգ, 5-ը նոյեմբերի, 2024թ.

06։52

Ընտրություններն ավարտվում են

Երկրի նահանգների կեսից ավելիում արդեն փակվել են ընտրատեղամասերը, հաղորդում է AP-ն։

06։20

Արդյունքներ

Ինչպես և սպասվում էր, Թրամփը հաղթում է Ալաբամա, Արկանզաս, Ֆլորիդա, Ինդիանա, Կենտուկի, Լուիզիանա, Միսիսիպի, Օհայո, Օկլահոմա, Հարավային Կարոլինա, Հարավային Դակոտա, Թենեսի, Տեխաս, Արևմտյան Վիրջինիա և Վայոմինգ նահանգներում՝ լրատվամիջոցների ոչ պաշտոնական կանխատեսումներով:

Հարիսը, ինչպես և սպասվում էր, հաղթում է Կոնեկտիկուտում, Դելավերում, Իլինոյսում, Մերիլենդում, Մասաչուսեթսում, Նյու Հեմփշիրում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Ռոդ Այլենդում և Վերմոնտում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Թրամփն ունի ընտրական կոլեգիայի 120 ձայն Հարիսի 99-ի դիմաց, բայց շատ կարևոր նահանգների արդյունքներ դեռ հայտնի չեն, ներառյալ՝ Կալիֆոռնիան:

06։00

ԱՄՆ-ում նախագահ են ընտրում

Ամիսներ տևած բուռն ընտրապայքարից հետո Միացյալ Նահանգներում նախագահ են ընտրում։ Աշխարհը հետևում է, թե ով կդառնա ԱՄՆ 47-րդ նախագահը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը, թե դեմոկրատ Քամալա Հարիսը։

Ընտրատեղամասերը նոյեմբերի 5-ի վաղ առավոտից առաջինը բացվել են ԱՄՆ-ի Արևելյան ափին։

Միացյալ Նահանգների նախագահն ընտրվում է ոչ թե ուղղակի կամ ոչ միայն քվեարկությամբ, այլև Ընտրական կոլեգիայի միջոցով, որում ամեն նահանգ ներկայացված է իր բնակչության թվին համապատասխան քանակի ընտրիչներով: Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ 538 ընտրիչներից առնվազն 270-ի քվեն:

Քվեների նախնական հաշվարկն ակնկալվում է մի քանի օրից, ինչը սրում է նախընտրական լարվածությունը։ Ըստ վերջին հարցումների՝ Թրամփն ու Հարիսը գրեթե հավասար վարկանիշ ունեն՝ մոտ 47 տոկոս։

Ամերիկյան ընտրություններին աշխարհում մեծ ուշադրությամբ են հետևում. այս քվեարկությունից է նաև կախված՝ Վաշինգտոնը կշարունակի՞ ակտիվ ներգրավվածությունը Իսրայելից Ուկրաինա պատերազմները հարթելու հարցում, թե՞ կվերադառնա մեկուսացման ու առաջին հերթին Ամերիկայի շահերը վեր դասող քաղաքականության։