Նոյեմբերի 5-ը ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների օրն է, բայց արդյոք հենց այս օրն են Միացյալ Նահանգներում նախագահ ընտրելու։
ԱՄՆ քաղաքացիները փաստացի վերջնական արդյունքների համար կսպասեն Ընտրիչների կոլեգիայի քվեարկությանը՝ դեկտեմբերին։
Իսկ ինչո՞ւ է ԱՄՆ նախագահին ընտրիչների կոլեգիան ընտրելու
Սա ԱՄՆ-ի հիմնադիրներն են որոշել, երբ մշակել են, իրենց կարծիքով, նախագահի ընտրության արդարացի համակարգ։ Ստացվում է՝ կա համընդհանուր համակարգ, երբ քվեարկում են բոլոր քաղաքացիները՝ մեկ մարդ, մեկ ձայն սկզբունքով։ Բայց, ԱՄՆ-ում կարծում են, որ այս պարագայում այն նահանգները, որտեղ բնակչությունն ավելի մեծ է, գերակայություն կունենա քիչ բնակեցված նահանգների համեմատ։
Օրինակ՝ Կալիֆորնիան ԱՄՆ-ի ամենաբնակեցված նահանգն է՝ 39 մլն բնակիչ կա այստեղ, այսինքն՝ մոտ այնքան, որքան երկրի ամենաքիչ բնակեցված 20 նահանգում միասին։
Այս պարագայում համընդհանուր ընտրության սկզբունքը կհակասի ֆեդերալիզմի գաղափարին, իսկ սա արդեն ԱՄՆ-ի Սահմանադրության հիմքում է։
Մյուս տարբերակն այն կլիներ, որ նախագահին Կոնգրեսն ընտրեր։ Բայց, այս պարագայում էլ նախագահը կոնգրեսմեններից էր կախվածություն ունենալու, ինչն էլ հակասում է իշխանության թևերի տարանջատման ու անկախության սկզբունքներին։
Սա է պատճառը, որ ԱՄՆ-ում մշակվել է փոխզիջումային տարբերակ՝ Ընտրիչների կոլեգիան։ Այստեղ համատեղվում են ուղղակի և անուղղակի քվեարկությունները։ Կոլեգիայում կա այնքան ընտրիչ, որքան տվյալ նահանգը ներկայացուցիչների պալատի անդամ ու սենատոր ունի։
Օրինակ՝ Վայոմինգն ԱՄՆ-ի ամենաքիչ բնակեցված նահանգներից է․ այստեղ կես միլիոնից մի քիչ ավելի շատ մարդ է ապրում։ Նահանգը 1 անդամ ունի ներկայացուցիչների պալատում և 2 սենատոր։ Ստացվում է, Վայոմինգն ունի 3 ընտրիչ ու հետևապես 3 ձայն նախագահ ընտրելիս։ Կալիֆորնիան իր 39 միլիոն բնակչությամբ ավելի մեծ ներկայացվածություն ունի Կոլեգիայում՝ ներկայացուցիչների պալատի 52 անդամ ու 2 սենատոր, արդյունքում 54 ձայն։ Այսինքն՝ չնայած Կալիֆորնիայի բնակչությունը 67 անգամ ավելի մեծ է, քան Վայոմինգինը, Կալիֆորնիայի էլեկտորատը միայն 18 անգամ է գերազանցելու Վայոմինգին։
Իսկ ընդհանուր առմամբ ԱՄՆ 50 նահանգում ու Կոլումբիա շրջանում, որտեղ էլ հենց մայրաքաղաք Վաշինգտոնն է գտնվում, 538 ընտրիչ կա։
Ովքե՞ր են ընտրում այդ 538 ընտրիչին
Ընտրիչները սովորաբար նշանակվում կամ ընտրվում են կուսակցությունների կողմից։ Նրանք պարտավոր են քվեարկել նահանգում հաղթած թեկնածուի օգտին, բայց երբեմն «ինքնակազմակերպվում» են և այլ թեկնածուի ձայն տալիս։
Օրինակ՝ 2016-ին միանգամից 10 ընտրիչ հրաժարվեց հետևել իր պարտավորություններին․ 8-ը որոշեցին իրենց ձայնը Հիլարի Քլինթոնին չտալ, երկուսն էլ Դոնալդ Թրամփի օգտին չքվեարկեցին։ Սա ընտրությունների ելքի վրա չազդեց, բայց շատ նահանգների ստիպեց պատասխանատվություն սահմանել «անսպասելի» քվեարկությունների համար։
Ինչպե՞ս և ովքե՞ր են հաշվում ընտրիչների ձայները
Ամեն նահանգ ու մայրաքաղաք ձայները հաշվում է առանձին։ Նեբրասկայից ու Մենայից բացի, ամենուր գործում է «հաղթողը վերցնում է ամեն ինչ» սկզբունք»։
Այսինքն՝ եթե Վայոմինգում Ա թեկնածուն Բ թեկնածուին հաղթի 52 տոկոսը 48-ի հարաբերակցությամբ, ապա հաղթողը կստանա այդ նահանգի բոլոր 3 ընտրիչների ձայները։ Տեխասում հաղթելու դեպքում կստանա այդ նահանգի բոլոր 40 ձայները։
Ընտրություններում վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ է ընտրիչների ձայների կեսից ավելին՝ 270 և ավելի ձայն։ Ընդ որում, կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ ընտրիչների ձայների մեծամասնությունը ստանա այն թեկնածուն, որի օգտին ԱՄՆ-ի բնակչության մեծամասնությունը չի քվեարկել։
Այդպես էլ եղել է 2000 թվականին, երբ դեմոկրատների թեկնածու Ալբերտ Գորը Ջորջ Բուշ կրտսերից կես միլիոնով ավելի քվե ստացավ, բայց ընտրիչների քվեարկությունից հետո նախագահ դարձավ հենց Բուշը։
Իսկ 2016-ին Հիլարի Քլինթոնի օգտին 3 միլիոնով ավելի շատ մարդ էր քվեարկել, քան Թրամփի, բայց նախագահ դարձավ հենց Թրամփը Ընտրիչների կոլեագիայում տարած հաղթանակի շնորհիվ։