Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունից հետո հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը պնդում է՝ Հայաստանի բանակցային ֆոնդն ամբողջությամբ սնանկացած է:
Բաքվից անցած շաբաթավերջին առաջին անգամ հրապարակային հայտարարեցին, թե «Ալմա-Աթայի հռչակագրով չեն որոշվում ԱՊՀ անդամ երկրների սահմանները և այն, թե որ տարածքները որ երկրին են պատկանում»: Երևանում այս մեկնաբանությանը համաձայն չեն, կասկածներ ունեն, թե գուցե սա իրականում նշանակում է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանից: Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ հենց Երևանի արտաքին քաղաքականությունը հանգեցրեց սրան:
«Սա բանկրոտ իրավիճակ է, որ երբ որ դու քո մոտ եղած բանակցային ֆոնդը անդադար սպառում ես, միակողմանի քո գործիքները տալիս ես դիմացինին և դրա դիմաց որևէ բան չես ստանում, դու սնանկանում ես: Եվ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի այդ հայտարարությունը հենց դրա մասին է, որ ձեզ իրազեկում են, ձեզ ծանուցում են, որ դուք սնանկացել եք, ձեր բոլոր փաստարկները սնանկացել են, և դատարկ է ձեր բանակցային ֆոնդը՝ բանակցությունների իմաստով», - հայտարարեց հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը:
Գարնանը Տավուշի ու Ղազախի հատվածում չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելուց հետո վարչապետ Փաշինյանն ու թիմակիցները վստահեցնում էին, թե Բաքուն, համաձայնելով սահմանազատման գործընթացում առաջնորդվել Ալմա-Աթայի հռչակագրով, ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
«Ըստ էության, Հայաստանը և Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին և հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե, իրավական նշանակություն ունեցող սահմանը», - հայտարարել էր վարչապետը:
Սա, նախկին դեսպանի գնահատմամբ, իրականության հետ կապ չունի, և դա է փաստում նաև Բաքվի վերջին հայտարարությունը: Էդմոն Մարուքյանը մանրամասնում է՝ եթե այդպես լիներ, սահմանազատման կանոնակարգում Ալմա-Աթայի հռչակագրին քարտեզ կցված կլիներ:
Էդմոն Մարուքյանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ մոտ երկու տարի ներգրավված էր հայ - ադրբեջանական բանակցություններում, կարծում է՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքը համարում է պայմանական, և պարզ չէ՝ ինչ նկատի ունի, երբ ասում է, թե ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
«Ամեն կտորը քննարկելիս իրենք կգան ինչ-որ մի կտոր քարտեզով և կասեն, որ «էս մերն է, էս սենց պետք է ... ճանապարհը պիտի ստեղ լինի, էն պետք է էնտեղ լինի», և էս ձևով Հայաստանի Հանրապետության խուզումն են իրականացնում, որը ... էն ինչ որ ունենք, դա էլ չի մնում, լավ, էս ձևով ձևակերպեմ», - ասաց հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը:
Մարուքյանն ընդգծում է՝ Հայաստանի բանակցողները, հատելով իրենց իսկ հռչակած կարմիր գծերը, սահմանազատման կանոնակարգում համաձայնեցրին Ալմա-Աթայի հռչակագրին հղումը առանց Խորհրդային Միության հստակ քարտեզ կցելու: Իսկ այժմ, երբ դա արդեն իրողություն է, ըստ նախկին դեսպանի, կոպիտ կերպով խախտված է իրավական որոշակիության սկզբունքը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
«Այդ թողնված անորոշությունը բերելու է էսկալացիայի, բերելու է էսկալացիաների և միակողմանի նոր զիջումների: Այսինքն՝ Հայաստանին անդադար ահաբեկելու են, որ «եթե դու էդ անորոշությունը չես մեկնաբանում ի օգուտ Ադրբեջանի, կլինի էսկալացիա»: Եվ անդադար էդ ատրճանակը մեր գլխին դրած շարունակելու են Հայաստանից կորզել նոր տարածքներ և նոր զիջումներ», - վստահ է Մարուքյանը:
Հայկական կողմը տևական ժամանակ փորձում էր Ադրբեջանի հետ ստորագրվելիք խաղաղության պայմանագրում կոնկրետ քարտեզ ամրագրել, բայց Բաքուն դեմ էր։ Իշխանությունից անգամ այս տարեսկզբին վստահեցնում էին, թե դա իրենց համար մնում է սկզբունքային:
«Եթե այս սկզբունքը չպաշտպանվի և չիրագործվի, ապա սահմանազատման գործընթացը անհասկանալի է թե ինչպես տեղի կունենա», - հայտարարել էր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Հենց այդ տարաձայնությունների փուլում Ադրբեջանն առաջ մղեց Ղազախի հատվածում չորս գյուղերի վերադարձի հարցը: Որ սահմանազատման հանձնաժողովները հատվածական սահմանազատման հարց էին քննարկում, հայկական կողմը հաստատեց միայն երկու ամիս անց՝ մարտի սկզբին։ Զուգահեռ դադարեցին սահմանազատումը կոնկրետ քարտեզով իրականացնելու Երևանի հայտարարությունները:
Այժմ սահմանազատման գործընթացը Բաքվի պահանջով առանձնացված է խաղաղության պայմանագրից: Խոսք չկա նաև Խորհրդային Միության վերջին քարտեզները համաձայնագրում ամրագրելու մասին: Մարուքյանը շեշտում է՝ սա միակ դրվագը չէ, որ Երևանը պնդել, բայց հետամուտ չի եղել. - «Դեռ չի եղել որևէ բան, որ Հայաստանի Հանրապետությունը ետքայլ չանի իր ասած, իր հայտարարած որևէ թեզից: Եթե դուք հիշեք մեր թեզերը, ժամանակին ասվում էր, որ 75 թվականի քարտեզով պետք է արվի ամբողջ տարածքի սահմանազատումը և վերջ: Ինչ եղա՞վ էդ հայտարարությունը: Նախորդ հայտարարությունները, որ հստակ պետք է քարտեզ գծվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»:
Ալմա-Աթայի հռչակագրի մասին Բաքվի հայտարարությունից հետո պաշտոնական Երևանը պնդել է, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանները հստակ են, ապա հիշեցրել Խորհրդային Միության քարտեզների մասին։ Էդմոն Մարուքյանը հակադարձում է՝ սա որևէ նշանակություն չունի, եթե դրանք բանակցային փաստաթղթերում ամրագրված չեն: ԱԳՆ հայտարարությունում կոնկրետ թվականի քարտեզ չի հիշատակվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանը Բաքվին տարածքային նկրտումների մեջ է կասկածում Ալմա-Աթայի հռչակագրի մեկնաբանության ֆոնին ՀՀ Սահմանադրության հետագա տեքստում որևէ բան չկա, որ հնարավոր լինի մեկնաբանել որպես որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ