Ալիևը Երևանին մեղադրել է «խաղաղությանը խոչընդոտելու» մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

«Հայ հասարակության մեջ ադրբեջանական ժողովրդի հանդեպ արմատացած ատելությունը, «մեծ Հայաստանի» մասին երազանքները, Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի սահմանադրությամբ դեռ պահպանված տարածքային պահանջները, այս երկրի արագ զինումը խոչընդոտում են կայուն խաղաղության հաստատմանը», - այսօր Բաքվում, համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևն ասել է, թե Հայաստանը փորձում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գործունեությունը որպես սպառնալիք ներկայացնել իր տարածքային ամբողջականությանը, իսկ համայնքի նպատակն, ըստ Ադրբեջանի նախագահի, «Արևմտյան Ադրբեջանից վտարվածների արժանապատիվ վերադարձն է իրենց պապենական հողեր՝ խաղաղ և ապահով պայմաններում»:

Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ «Հայաստանը հերքում է ադրբեջանական ժողովրդի դարավոր ներկայությունը իր պապենական հողերում»՝ նշելով, թե «ոչնչացվում են «Արևմտյան Ադրբեջանի» պատմական հուշարձանները, գերեզմանոցները, մզկիթներն և հնագույն բնակավայրերը»։

«Տարածաշրջանի պատմությունն ու մշակութային լանդշաֆտը խեղաթյուրելուն և վերաշարադրելուն ուղղված այս ավերիչ գործողությունները անհանդուրժողականություն և ռասիզմի դրսևորումներ են»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։

Բաքուն ամենաբարձր՝ երկրի ղեկավարի մակարդակով Հայաստանի տարածքի մի մասն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», դրա վրա կառուցում պետական քաղաքականություն: Ամիսներ առաջ նախագահ Ալիևն անգամ պահանջում էր հստակ ասել՝ ինչպե՞ս կարող են ադրբեջանցիները վերադառնալ «իրենց պատմական հողերը»: Մինչդեռ Հայաստանում «Արևմտյան Հայաստանի» մասին խոսում են որպես պատմական հիշողություն, ոչ ավելի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» վարչապետի զուգահեռը՝ քննադատության թիրախում