Մատչելիության հղումներ

Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը, 22-ը նոյեմբերի, 2024թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը, 22-ը նոյեմբերի, 2024թ.

Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը կանաչ լույս վառում Ադրբեջանի համար, երբ պատմական կեղծիքի դեմ պայքարելու փոխարեն հենց ինքն է այն դարձնում քննարկման առարկա. Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից խիստ զայրացած է Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

«Զուգահեռներ երբ մենք անցկացնում ենք, դա նշանակում է, որ մենք պատմական կեղծիքը ադրբեջանցիների թույլ տված, որով նրանք «Արևմտյան Ադրբեջան» ասելով հասկանում են ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը՝ բացահայտ նկրտումներ ունենալով Հայաստանի տարածքի նկատմամբ և չբավարարվելով Արցախով, արդեն ինքնին դա ամեն ինչ պարզ էր, և մենք փաստորեն դրանով ջրաղացին ջուր ենք լցնում մեր հարևանների», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մելքոնյանը:

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյան, արխիվ
Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյան, արխիվ

Ուրբաթ օրը Հանրայինին տված հարցազրուցում վարչապետ Փաշինյանը բացի Հայաստանի Անկախության հռչակագիրը քննադատելուց, այս անգամ արդեն նույն հարթության վրա դիտարկեց Արևմտյան Հայաստանն ու Բաքվի առաջ քաշած «Արևմտյան Ադրբեջան»-ը:

«Հիմա մենք ինչքան նեղվում ենք և շատ ծանր ենք տանում և պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞, բա մենք որ ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են «Արևմտյան Ադրբեջան», մեզ է գրգռում, տենց էլ ոնց որ ասում ենք Արևմտյան Հայաստան, որիշներին է գրգռում», - հայտարարեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ որպես երկրի ղեկավարի իր պարտականությունն է ժողովրդին ներկայացնել խնդիրների պատճառահետևանքային կապերը, իսկ եթե դա չանի, երկիրը կտանի դեպի պետականության կորուստ:

Վարչապետի մեկնաբանություններին պատմաբան Աշոտ Մելքոնյանն արձագանքում է փաստերով. - «Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» բառակապակցությունը գործածվում է պետական մակարդակով, առաջին դեմքի շուրթերից է դա հնչում, և բնականաբար իր շրջապատն էլ պաշտպանում է էդ գաղափարը՝ հավակնելով Հայաստանի տարածքի նկատմամբ, մենք լռում ենք և ընդհակառակը՝ բերում ենք զուգահեռներ, որ դա կարող է ջղայնացնել թուրքերին, երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան»:

XS
SM
MD
LG