Ադրբեջանի իրավահները կրկին թիրախավորել են երկրի ամենաարմատական ընդդիմադիր ուժի առաջնորդ Ալի Քերիմլիին։
«Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահի դեմ քրեական նոր գործ է հարուցվել՝ զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով։ Քերիմլին պնդում է՝ իշխանությունը շարունակում է իր դեմ բռնաճնշումները՝ մեղադրանքները որակելով կեղծ։
«Ես խստորեն քննադատում եմ Ադրբեջանի իշխանություններին, խոսում եմ նրանց կոռուպցիայի, ընտրությունները կեղծելու, Ադրբեջանում ռեպրեսիաների մասին, Ադրբեջանից գողացված հարստությունը օֆշորներ տեղափոխելու մասին, բայց ես որևէ անձի չեմ վիրավորում, որևէ մեկին չեմ զրպարտում։ Հետևաբար, սա իմ նկատմամբ ճնշում է։ Իշխանությունները չափն անցել են», - ասել է նա։
Քերիմլիի խոսքով՝ իր դեմ հերթական քրեական գործը կարվում է ոմն Այդըն Ալիևի օգնությամբ։ Նույն անձի բողոքի հիման վրա ամիսներ առաջ չեղարկվել էր «Ժողովրդական ճակատ» կուսակցության համագումարի որոշումը Քերիմլիի նախագահ ընտրվելու վերաբերյալ։ Այդըն Ալիևի մեկ այլ հայցի շրջանակներում Բաքվի վերաքննիչ դատարանը քննում է ընդդիմադիր առաջատար ուժի գործունեությունը ընդհանրապես կասեցնելու պահանջը։
«Սա ակնհայտ քաղաքական ռեպրեսիա է։ Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում Ադրբեջանում քաղաքական և իրական ընդդիմություն։ Վստահ եմ, որ սա կոնկրետ պաշտոնյայի կամայականություն չէ։ Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ ընդդիմության առաջնորդին ձերբակալելու որոշումը կայացվում է Իլհամ Ալիևի մակարդակով», - հայտարարել է գործիչը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալի Քերիմլին հայտարարում է Ադրբեջանում «պետական հեղաշրջման սպասվող իմիտացիայի» մասինԱլի Քերիմլին ավելի քան երեք տասնամյակ է՝ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, բազմիցս ճնշումների, բռնությունների է ենթարկվել իշխանությունների կողմից։ Ընդդիմության առաջնորդի ավելի քան հինգ տասնյակ համախոհներ բանտերում են հայտնվել, նրանցից 12-ը դեռ շարունակում են մնալ ճաղերի հետևում։ Մինչ օրս Ալիևի վարչակազմը հրաժարվում է Քերիմլիին վերադարձնել 2006 թվականից բռնագրաված արտասահմանյան անձնագիրը. ընդդիմադիր առաջնորդն արդեն 18 տարի չի կարողանում հատել երկրի սահմանները։
«Այս ամեն ինչն ինձ համար անսպասելի չէ, որովհետև ես գիտեմ, թե ինչպես են երկրում բռնաճնշումները հասել անհեթեթ մակարդակի», - ասել է նա։
Ադրբեջանական առաջատար ընդդիմադիր ուժի առաջնորդի դեմ քրեական գործ է հարուցվում մի ժամանակահատվածում, երբ նա պատրաստվում էր արշավ սկսել COP 29 համաժողովին ընդառաջ՝ ՄԱԿ-ի կլիմիայի հարցերով միջազգային համաժողովի մասնակիցներից պահանջելու բնապահպանական խնդիրներին զուգահեռ ադրբեջանցի ավելի քան 300 քաղբանտարկյալների հարցը բարձրացնել։
Այդ մասին անցած օրերին ընդդիմադիր գործիչը հայտարարել էր «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում. - «Այս երկրում չեն խնայում առաջին կարգի հաշմանդամություն ունեցողին անգամ․ երիտասարդ, թե ծեր, ուսյալ, թե ոչ գրագետ՝ բոլորը ենթարկվում են բռնության, մարդիկ չունեն խոսքի, հավաքների ազատության, ձայնի իրավունք, այսինքն՝ բոլոր այն իրավունքները, որոնց համար Եվրոպան պայքարել է 18-19-րդ դարերում, Ադրբեջանում գոյություն չունեն։ Հետևաբար, ադրբեջանցիների համար տարօրինակ է, որ բնապահպան ակտիվիստները, համաշխարհային առաջնորդները ժամանում են Ադրբեջան՝ քննարկելու կլիմային առնչվող հարցեր, կարծես ոչինչ տեղի չի ունեցել, կարծես 300 քաղբանտարկյալ չկա, և բոլորն ազատություն ունեն։ Դե թող հավաքվեն, հարմարավետ տեղավորվեն և խոսեն շրջակա միջավայրից մի երկրում, որտեղ ընտրություններ չեն անցկացվում, քվեարկության արդյունքներն էլ կանխորոշված են»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ COP 29. Քերիմլին պահանջում է բնապահպանական խնդիրներին զուգահեռ քաղբանտարկյալների հարցը բարձրացնել
Քերիմլիի գլխավորած կուսակցությունն Ադրբեջանում միակ ընդդիմադիր ուժն է, որ շարունակաբար բոյկոտում է ընտրությունները, այդ թվում՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ պնդելով, որ տասնամյակներով Ալիևների ընտանիքի կողմից կառավարվող երկրում արդար և ազատ ընտրությունների համար պայմաններն իսպառ բացակայում են, երկրի միակ անկախ դիտորդական կազմակերպության ղեկավարը՝ Անար Մամադլին ճաղերի ետևում է, բանտարկված են տասնյակ անկախ լրագրողներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր ակտիվիստներ:
«Մենք լավ գիտենք, որ բոյկոտի միջոցով չենք գա իշխանության: Բայց, մեզ համար այսօր հարցն այն չէ, թե ինչպես ենք մենք իշխանության գալու։ Հարցն այն է՝ միանո՞ւմ ենք իշխանության կեղծ ընտրությունների դիմակահանդեսին, թե՞ մաքուր ենք պահում մեր խիղճը», - ասել է նա։
Ադրբեջանի նախկին առաջնորդ՝ ընդամենը մեկ տարի երկու ամիս պաշտոնավարած Աբուլֆազ Էլչիբեյի հիմնադրած «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, որն Ալիևների իշխանության ընթացքում լավագույն դեպքում մի քանի պատգամավորական մանդատ է ստացել խորհրդարանում, մինչ օրս թիրախավորվում է անձամբ Իլհամ Ալիևի կողմից։
Ադրբեջանի նախագահն իր ելույթներում հաճախ կոշտ քննադատություն, վիրավորական արտահայություններ, ծանր մեղադրանքներ է հնչեցնում Ադրեբեջանի հակակոմունիստական առաջին ազդեցիկ ուժի հասցեին, հայտարարելով, թե «պետք է վերջ դնել հինգերորդ շարասյանը», դեռևս 2020 թվականին խոստանալով գնալ կուսակցության «կեղտոտ ու կոռումպացված առաջնորդների, վախկոտների ու դասալիքների հետևից»: