Մատչելիության հղումներ

COP 29. Քերիմլին պահանջում է բնապահպանական խնդիրներին զուգահեռ քաղբանտարկյալների հարցը բարձրացնել


Ադրբեջանի ընդդիմադիր «Դեմոկրատական ճակատ»-ի առաջնորդ Ալի Քերիմլին, արխիվ
Ադրբեջանի ընդդիմադիր «Դեմոկրատական ճակատ»-ի առաջնորդ Ալի Քերիմլին, արխիվ

COP 29 համաժողովին ընդառաջ Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին փորձում է հասկանալ՝ ինչպես են համաշխարհային առաջնորդները հավաքվելու և կլիմայի հարցեր քննարկելու մի երկրում, որտեղ շուրջ 300 քաղբանտարկյալ կա, այլախոհությունը ճնշվում է ամենակոշտ մեթոդներով, չկան իրավունքներ, ընտրությունների արդյունքները կանխորոշված են:

Քննադատները հիշեցնում են, որ ՄԱԿ-ի միջազգային համաժողովը կազմակերպում է մի ռեժիմ, որը սեփական երկրում բնապահպանական աղետի դեմ բողոքներն է նաև ճնշել ոստիկանական կոշտ մահակով, ձերբակալություններով, անգամ՝ ընդդիմացողներին մեկուսացրել։

Ադրբեջանի «Դեմոկրատական ճակատ» կուսակցության առաջնորդ Քերիմլին գլոբալ հավաքի մասնակիցներից պահանջում է բնապահպանական խնդիրներին զուգահեռ ադրբեջանցի հարյուրավոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը բարձրացնել։ Քաղաքական գործիչը, որի բազմաթիվ համախոհներ ևս ճաղերի ետևում են, փորձում է արտասահմանցի հյուրերին իր երկրի իրական պատկերը ցույց տալ։

«Այս երկրում չեն խնայում առաջին կարգի հաշմանդամություն ունեցողին անգամ․ երիտասարդ, թե ծեր, ուսյալ, թե ոչ գրագետ՝ բոլորը ենթարկվում են բռնության, մարդիկ չունեն խոսքի, հավաքների ազատության, ձայնի իրավունք, այսինքն բոլոր այն իրավունքները, որոնց համար Եվրոպան պայքարել է 18-19-րդ դարերում, Ադրբեջանում գոյություն չունեն։ Հետևաբար ադրբեջանցիների համար տարօրինակ է, որ բնապահպան ակտիվիստները, համաշխարհային առաջնորդները ժամանում են Ադրբեջան՝ քննարկելու կլիմային առնչվող հարցեր, կարծես ոչինչ տեղի չի ունեցել, կարծես երեք հարյուր քաղբանտարկյալ չկա և բոլորն ազատություն ունեն։ Դե թող հավաքվեն, հարմարավետ տեղավորվեն և խոսեն շրջակա միջավայրից մի երկրում, որտեղ ընտրություններ չեն անցկացվում, քվեարկության արդյունքներն էլ կանխորոշված են», - նշել է ընդդիմադիր «Դեմոկրատական ճակատ»-ի առաջնորդը:

Ադրբեջանցի իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը գլոբալ կլիմայով մտահոգված Ալիևի հյուրերին հորդորում է նրան հարցեր ուղղել առնվազն բնության ապօրինի շահագործման դեմ պայքարի համար շուրջ մեկ տարի բանտում գտնվող Նազիմ Բեյդամիրլիի ճակատագրի մասին։

Նախկին պատգամավորը ձերբակալվել է Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում ոսկու հանքի դեմ բռնկված ցույցերի ֆոնին։ Գյուղացիները պահանջում էին չեղարկել շահագործումը, պնդելով, որ իրենց արոտավայրերն օգտագործվում են հանքարդյունաբերության նպատակով, իսկ գյուղի մերձակա սարերից մեկում կառուցված պոչամբարի արտանետումները թունավորում են ընդերքն ու գետերը՝ անասնապահությունը գրեթե անհնարին դարձնելով։ Բեյդամիրլին հրապարակավ աջակցել էր այս բողոքներին և հիմնավոր համարել մարդկանց դժգոհությունը, ինչից հետո բանտում է հայտնվել, միայն թե բոլորովին այլ՝ շորթման մեղադրանքով։

«Նազիմ Բեյդամիրլին տեղական և միջազգային իրավապաշտպաններին հայտնի է որպես բնապահպան-բանտարկյալ: Նա շարունակում է մնալ ճաղերի ետևում, մինչդեռ այս համաժողովի և միջազգային միջոցառման ժամանակ աշխարհի աչքը Բաքվի վրա է լինելու, քանի որ դրան մասնակցելու են պետությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության վստահելի ներկայացուցիչներ ու իրավապաշտպան կազմակերպություններ», - նշել է իրավապաշտպանը։

Բաքուն սկսել է սահմանափակել օտարերկրյա լրագրողների մուտքը COP 29-ի միջոցառումներին

Բաքուն, սակայն, սահմանափակումները թուլացնելու կամ քաղբանտարկյալներին ազատ արձակելու մտադրություն ցույց չի տալիս։ Ավելին, սկսել է անգամ օտարերկրյա լրագրողների մուտքը սահմանափակել COP 29-ի միջոցառումներին։

Առնվազն երեք լրագրող Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից Guardian-ին պատմել են, որ Ադրբեջանի իշխանությունները իրենց արգելել են լուսաբանել Բաքվում կայացած էներգետիկ շաբաթ համաժողովը, որի պաշտոնական հովանավորներն էին բրիտանական BP-ն, ֆրանսիական TotalEnergies-ը և գերմանական Uniper էներգետիկ ընկերությունները։ Թույլ չտալու հիմքերը պարզելու լրագրողների փորձերին Ալիևի վարչակազմի ներկայացուցիչներն արձագանքել են սպառնալիքներով, ինչից հետո արևմտյան լրատվամիջոցների թղթակիցները «նախընտրել են հեռանալ» միջոցառման վայրից։

Ադրբեջանցի վտարանդի լրագրող Արզու Գեյբուլան անցած ամիս ելույթ ունենալով Բոննի կլիմայական կոնֆերանսում հարց էր հնչեցնում՝ որևէ մեկին հետաքրքրո՞ւմ է՝ ովքեր և ինչպես պետք է Եվրամիության երկրների գազային գործընկեր Ալիևի վարչակազմին պարտադրեն հաշվետու լինել կլիմայական ներքին քաղաքականության վերաբերյալ, ով պետք է վեր հանի ադրբեջանական հանածո վառելիքի արդյունաբերության թերությունները, երբ երկրի անկախ ձայները բանտարկված են:

«Խոսելով Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին՝ կարող եմ ասել, որ այն այնքան մտահոգիչ է, որ COP 29-ին ընդառաջ երկրում կարող է որևէ անկախ, անկողմնակալ ձայն, քաղհասարակություն չմնալ։ Անցյալ տարվանից ի վեր քաղաքացիական խմբերի դեմ բռնաճնշումները շարունակվում են», - ասել է Արզու Գեյբուլան:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումը կայացվել է անցած դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց․ որոշումն ընդունվել է այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնել է ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։

COP29-ը հյուրընկալող երկրի ընտրությունը հարցեր է առաջացրել ոչ միայն ագրեսիայի ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, այլև բուն համաժողովի նպատակների և Ադրբեջանի կլիմայական քաղաքականության միջև հակասությունների պատճառով։

Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է հենց հանածո վառելիքից, առաջին հերթին՝ նավթից և գազից, ավելին՝ իշխանությունները հայտարարում են, որ մտադիր են առաջիկա տարիներին մեկ երրորդով ավելացնել գազի արդյունահանումը, այն դեպքում, երբ Բաքուն պարտավորվել է մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 1990-ի համեմատ կրճատել ավելի քան մեկ երրորդով, և 40 տոկոսով՝ մինչև 2050 թվականը:

Բնապահպանական առումով առավել նախընտրելի՝ վերականգնվող էներգիայի զարգացման հարցով Բաքվից առայժմ միայն բանավոր հայտարարություններ են հնչում․ Ալիևը խոստանում է մինչև 2030 թվականը արևից, քամուց և հիդրոկայաններից ստացվող էներգիայի ծավալը հասցնել 30 տոկոսի, ինչը, սակայն, ենթակառուցվածքային հսկայական ներդրումներ է պահանջում։

Իսկ մինչ այդ՝ Էներգետիկ ոլորտում Ադրբեջանի ներկայիս քաղաքականության շարունակության դեպքում բնապահպանները անխուսափելի վտանգներ են կանխատեսում։

Փորձագետների հաշվարկներով, առաջիկա տասնամյակների ընթացքում Ադրբեջանում ջերմաստիճանը կբարձրանա ավելի արագ, քան համաշխարհային միջին ցուցանիշը` 2090-ականներին տաքանալով մինչև 4,7 տոկոսով, ինչն էլ իր հերթին կհանգեցնի բերքատվության նվազման, անապատացման, ջրամատակարարման ոլորտում խնդիրների։ Ադրբեջանական բանտերում պահվող տասնյակ լրագրողներ, ակտիվիստներ ու իրավապաշտպաններ նաև այս մասին բարձրաձայնելու համար են հայտնվել Ալիևի վարչակազմի թիրախում։

XS
SM
MD
LG