Հայաստանի արտգործնախարարությունից չեն հստակեցնում՝ ե՞րբ և ի՞նչ օրակարգով է նախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել Մոսկվա: Այցի մասին երկու օր առաջ հայտնել էր Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը ևս չէր մանրամասնել՝ հարցերի ինչ շրջանակ են քննարկելու սպասվող հանդիպմանը:
«Պաշտոնական մակարդակում հայ-ռուսական հարաբերություններն այսօր բարդ են», - ընդգծել էր ՌԴ ԱԳ նախարարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրով․ «Պաշտոնական մակարդակում հարաբերությունները բարդ են, բայց երկխոսությունը Երևանի հետ շարունակվում է»Արարատ Միրզոյանի մոսկովյան այցը Արտգործնախարարությունը հաստատել էր՝ նշելով, որ այցն ավելի քան երկու ամիս առաջ էր ծրագրվել: Վերջին անգամ Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում եղել է անցած տարվա հոկտեմբերին, մասնակցում էր ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: Այցի շրջանակում Միրզոյանն ու Լավրովը առանձին չէին հանդիպել: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները վերջին անգամ Մոսկվայում երկկողմ ձևաչափով բանակցել են 2023-ի հուլիսին, երբ Արցախը լիակատար շրջափակման մեջ էր: Հետագայում ոչ միայն նախարարների, այլև առհասարակ հայ և ռուս բարձրաստիճան պաշտոնյաների երկկողմ հանդիպումներ հազվադեպ են եղել:
«Հայ-ռուսական հարաբերությունները շատ բազմաշերտ են, և գրեթե չկա մի ոլորտ, որտեղ երկու երկրները առնչություններ չունեն միմյանց հետ: Հետևաբար՝ երկկողմ բանակցությունների օրակարգը շատ լայն կարող է լինել: Բնականաբար, քաղաքական առաջնահերթ հարցերը առավել մեծ կարևորություն ունեն նման հանդիպումների ժամանակ, որոնք կարծես թե կուտակվել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը:
Հայ-ռուսական հարաբերություններում հիմնական քննարկումներն այժմ ծավալվում են Եվրասիական տնտեսական միությունը լքել-չլքելու շուրջ: Նարեկ Սուքիասյանը կարծում է՝ Ռուսաստանը ցանկանում է պարզաբանումներ ստանալ մասնավորապես Եվրամիությանն անդամակցության մեկնարկի մասին օրինագծի վերաբերյալ: Նախագիծը հեղինակել և ներկայացրել էին արևմտամետ մի խումբ գործիչներ, Հայաստանի կառավարությունն անցած շաբաթ այն հավանության է արժանացրել, դրա քննարկումը կշարունակվի արդեն խորհրդարանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը հավանությունն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին«Պետք է պարզաբանել, թե բացի այս՝ առանց այն էլ երկարատև տևող գործընթացից, Հայաստանի կառավարությունը մտնում է այս եվրաինտեգրման նպատակի կամ տեսլականի տակ որպես հեռահար երազա՞նք, կարելի է ասել, թե՞ ավելի պրակտիկ քայլի է դիմելու: Որովհետև պրակտիկ քայլերի դիմելու դեպքում է, որ պետք է պարտադիր որոշում կայացվի Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության շուրջ, որը անհամատեղելի է Եվրամիության անդամ լինելու հետ», - ընդգծեց քաղաքագետը:
Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այս օրերին հենց դա են շեշտում՝ Հայաստանը միաժամանակ չի կարող լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ: Իսկ Հայաստանի կառավարությունը մի կողմից ասում է՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ այժմ չունի, մյուս կողմից հայտնի չէ՝ ինչպիսին է ԵՄ-ին հնարավոր անդամակցության հեռանկարը:
Նարեկ Սուքիասյանն ընդգծում է՝ անգամ Կառավարության անդամները, որ խոսում են իրենց եվրոպական ձգտումներից, չունեն այդ հարցի պատասխանը:
«Մենք գիտենք, որ մեր բազմաթիվ ոլորտներ կախված են նաև ռուսական շուկայից, և անգամ մի քանի պրոդուկտի՝ տեխնիկական պատճառներով Ռուսաստան ներկրման խնդիրները կարող են այստեղ դոմինոյի էֆեկտ ունենալ և մի շարք ոլորտների և բազմաթիվ ձեռնարկությունների մեծ վնասներ հասցնել, անգամ եթե դա արվի կարճաժամկետ պլանով», - ընդգծեց քաղաքագետը:
ԵԱՏՄ, թե ԵՄ տիրող անորոշությունն, ըստ քաղաքագետի, Ռուսաստանը գուցե երկար չհանդուրժի: Սուքիասյանը հիշեցնում է այդ երկրի ունեցած մեծ ու փոքր լծակները, որոնք կարող են կիրառվել Հայաստանի նկատմամբ:
«Դիվանագիտական որոշակի անորոշություն պահելը մանևրի տարածք ստեղծելու համար տարածված պրակտիկա է արտաքին քաղաքականության մեջ, բայց երբ այդ անորոշությունը անհասկանալի է բոլոր գործընկերների համար, սա վստահ չեմ ինչքանով արդյունավետ է: Որովհետև թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում անգամ՝ սեփական քաղաքացիները, ունեն կասկածներ ու հարցեր, թե ի վերջո որն է այս Կառավարության նպատակը», - ընդգծեց քաղաքագետը:
Բրյուսելում ուսումնասիրում են Հայաստանի կառավարության հաստատած օրինագիծը, որը, սակայն, անդամակցության իրական գործընթացի մաս չի կազմում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան Երևանին զգուշացնում է ԵՄ անդամակցության գործընթացի հետևանքների մասին