Ադրբեջանը երեկ Հայաստանին սպառնաց իր ողջ զինանոցով, ի պատասխան Երևանն անընդունելի համարեց Հայաստանին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերը։
Ըստ ադրբեջանական ՊՆ-ի՝ Երևանը սահմանային «սադրանքների» է գնում՝ միջազգային աջակցությունից ոգեշնչված:
«Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքերի տրամադրումն ու ԵՄ կողմից՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի ներքո 10 միլիոն եվրոյի ռազմական օգնության տրամադրումը, ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին, որպեսզի նոր սադրանքների դիմի և Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվի։ Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին, որ պետք է ձեռնպահ մնան Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից։ Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցներով ինքնապաշտպանության նպատակով կձեռնարկվեն պատասխան միջոցներ», - նշված է ադրբեջանական ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին՝ Բաքվի որակումները Հայաստանի ԱԳՆ-ը իրականությանը չհամապատասխանող որակեց, հիշեցրեց ավելի քան մեկ ամիս առաջ Ադրբեջանին արած՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որն անպատասխան է մնացել։ Եվս մեկ անգամ վերահաստատեց սպառազինությունների փոխադարձ վերահսկման պայմանագիր կնքելու առաջարկը։ Դրան էլ Բաքուն չի պատասխանել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանը վերահաստատում է հրադադարի խախտումների համատեղ հետաքննության մեխանիզմի առաջարկը Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման մեխանիզմ, չհարձակման մասին պայմանագիր. վարչապետ«Ինչ վերաբերում է Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի: Բանակի բարեփոխումների գործընթացում Հայաստանը գործում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում», - նշված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:
«Քամին փչում ա հյուսիսից». - Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը կարծում է՝ Ռուսաստանն է Ադրբեջանին հրահրում նման սպառնալիքներ տեղալ։
«Ադրբեջանը ունի տաս անգամ ավել զենք ու զինամթերք, քան՝ մենք, բայց Ադրբեջանը չպիտի մոռանա, որ 90-ական թվականներին ինքը ուներ տասնհինգ և ավել զենք ու զինամթերք, ու վերջը ի՞նչ եղավ: Թող մեր համբերության հետ իրենք չխաղան, թող իրենց խելոք պահեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքոնյանը՝ շարունակելով. - «Մենք հասկանում ենք, որ իրենց թիկունքում ովքեր են կանգնած և ովքեր են իրենց հրահրում, դուխ տվել, որ իրենք նմանատիպ հայտարարություններ անեն: Էդ նույն հայտարարությունը նաև Ռուսաստանն է անում՝ Զախարովա, Պեսկով, նորից սպառնում են մեզի, իրար դուխ են տալիս, հը»:
Պատերազմից խուսափել վարչապետ Փաշինյանը չէր երաշխավորում, բայց ռիսկերի նվազեցում՝ Տավուշի ու Ղազախի հատվածում սահմանազատման ժամանակ, խոստանում էր։ Նրա թիմակիցներն ավելի հեռուն էին գնում՝ հայտարարելով՝ ադրբեջանական չորս գյուղերը Բաքվի վերջին փաստարկներն են Հայաստանի վրա լեգիտիմ հարձակում իրականացնելու համար։
Ինչպես «Քաղաքացիական պայմանագրից» Գագիկ Մելքոնյանը ձևակերպեց՝ է՞լ ինչ անի իշխանությունը. - «Իշխանությունը ինչքան պետք ա ինքը կարողանում ա զենք առնել, ինչքան պետք ա իրա բանակը արդիականացնել, ամեն ինչ անում ա, ի՞նչ պիտի անի: Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը 20 թվականին կազմակերպված ձևով հարձակվեցին, 23 թվականին Ղարաբաղը հանձնեց Ալիևին, մենք ի՞նչ կարայինք անեինք: Ի՞նչ պիտի անի իշխանությունը, որ չի անում: Քշեր-ցերեկ էտեղ են Ամերիկայի ներկայացուցիչները, մեր սահմաններում կանգնած են եվրոպական դիտորդները»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստանին ուղղված բացահայտ սպառնալիք». վերլուծաբանները՝ Պեսկովի հայտարարության մասին«Երրորդ մեղավոր կողմ գտնելը առնվազն քաղաքական ցինիզմ է»
«Եթե իշխանություններն ասում են՝ քայլեր են ձեռնարկում, որոնք պետք է ռիսկերը նվազեցնեն, բայց ռիսկերը, ընդհակառակը, մեծանում են, նշանակում է՝ իշխանությունները ընդունում են, որ իրենց վարած քաղաքականությունը սխալ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Իշխանությունը վախենում է մեղքի սլաքներն Ադրբեջանին ու Թուրքիային ուղղել, կարծում է դաշնակցական պատգամավորը:
«Երրորդ մեղավոր կողմ գտնելը, կներեք, էլի, դա առնվազն քաղաքական ցինիզմ է: Ադրբեջանը սպառնում է Հայաստանի պետության դեմոնտաժով, ցեղասպանություն իրականացրեց Արցախի հանրապետությունում, բռնակցեց Արցախի հանրապետությունը, ադրբեջանական օկուպացիոն ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանում են պահվում հայ ռազմագերիները», - նշեց Խաչատրյանը՝ շարունակելով. - «Մեղադրում են ուսական կողմին, քանի որ գիտակցում են, որ իրանց իշխանության մնալը կախված է Ադրբեջանից և Թուրքիայից: Ասում են՝ «զիջումներ կանես, այլապես մենք իրավիճակը սահմանի վրա կսրենք, և բոլորը կտեսնեն, որ քո խաղաղության օրակարգը բերել է պատերազմի»:
Ի դեպ, վերջին շրջանում Ադրբեջանը առաջարկում է մինչև խաղաղության պայմանագիրը հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնագիր ստորագրել՝ դարձյալ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու նախապայմանով։ Երևանից չեն արձագանքել հրապարակային այս առաջարկին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կմեկնի՞ Բաքու Արարատ Միրզոյանը. COP29-ին մասնակցելու հրավերը Հայաստանի արտգործնախարարին են ուղարկել Բաքուն Երևանին առաջարկել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները նախքան լայնածավալ պայմանագրի կնքումը. Հաջիև