Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը գործընկերների փնտրտուքի մեջ չի գնա Կիևի վարչակարգի ճանապարհով՝ ընտրելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև, չորեքշաբթի ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ապավինում ենք Հայաստանի քաղաքական իմաստությանը, պարզապես չէինք ցանկանա, որ այդ փնտրտուքները կատարվեին այն ռեժիմով, որը ժամանակին ընտրել էր Կիևը, այսինքն՝ «կամ-կամ»»,- մեկնաբանելով Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման ԵՄ որոշումն՝ ասել է Դմիտրի Պեսկովը։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար դաշնակից և եղբայրական երկիր է։
Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ շարունակում են լարված մնալ. դրանք սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ Ռուսաստանի առաջնորդած ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության հիմադրամից Հայաստանին օգնելու որոշումները ընդունվեցին Երևանի ու Բրյուսելի միջև վերջին շրջանում սերտացած բանակցությունների ֆոնին։
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն, ավելի վաղ շնորհակալություն հայտնելով աջակցություն տրամադրելու որոշման համար, նշել էր, որ համագործակցության այս արդյունքը, որ հիմնված է Հայաստանի և ԵՄ միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա, նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները։