Արևմուտքը Հարավային Կովկասում Հայաստանին ներգրավում է Ռուսաստանի դեմ ուղղված համագործակցության տարբեր ձևաչափերի մեջ: Այդ մասին այսօր ճեպազրույցում, խոսելով «Արծիվ գործընկեր 2024» հայ-ամերիկյան զորավարժությունների մասին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այդ զորավարժությունները ափսոսանքից զատ ոչինչ չեն առաջացնում, հատկապես այն հանգամանքներում, երբ Երևանը փաստացի սառեցնում է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում և հասարակական հարձակումներ է կատարում այդ կազմակերպության դեմ», - ասել է Զախարովան։
Նրա պնդմամբ, Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը միայն կուժեղացնի տարածաշրջանում հակամարտությունների մնացորդային ներուժը և կստեղծի նոր բաժանարար գծեր։
Զախարովայի խոսքով, այդօրինակ զորավարժությունների միջոցով ամերիկացիները Հայաստանին պարտադրում են ՆԱՏՕ-ի զինված ուժերի չափանիշները և արտաքին քաղաքականությունը։
«Արծիվ գործընկեր 2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները պետք է տեղի ունենան հուլիսի 15-ից 24-ը։