Աբխազիայի նախագահը խոստացել է հրաժարական տալ

Ասլան Բժանիան` Թամիշ գյուղում, համախոհների հետ հանդիպման ժամանակ, 16-նոյեմբերի, 2024թ․

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետությունում իրավիճակը երեկվանից լարված է մնում։ Սուխումիում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո, որոնց ժամանակ ընդդիմադիրները ներխուժել էին կառավարական շենքեր, այսօր նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, թե պատրաստ է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն կառավարական շենքերը։

Աբխազիայի նախագահը հայտարարությունն արել է մայրաքաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող իր հայրենի Թամիշ գյուղում համախոհների հետ հանդիպմանը, ուր մեկնել էր երեկվա ցույցերից հետո։ Բժանիան նաև ասել է, թե պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել հաջորդ ընտրությունների ժամանակ։

«Չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե ես կառչած եմ իշխանությունից։ Ո՛չ, ես ուզում եմ ասել հետևյալը՝ եթե զարգացումները չընթանան սահմանադրական ճանապարհով, եթե մենք չհետևենք Սահմանադրությանը, մեր պետությունը սրան չի դիմանա։ Ուստի՝ նրանք, ովքեր զավթել են շենքերը, ովքեր փորձել են ավարտին հասցնել հեղաշրջումը, պետք է ազատեն համալիրը, որից հետո ես պատրաստ եմ ընտրություններ նշանակել, պատրաստ եմ հրաժարական տալ և գնալ ընտրության։ Երկիրը կղեկավարի փոխնախագահը։ Եվ թող մարդիկ ասեն, թե ում են սատարում», - հայտարարել է Բժանիան։։

Աբխազիայում ներքաղաքական իրադրությունը կտրուկ սրվել է Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքված ներդրումային համաձայնագրի պատճառով։ Ընդդիմությունը պահանջում է հրաժարվել գործարքից՝ պնդելով, որ տնտեսական օգուտներ խոստացող այդ փաստաթղթով Սուխումին Մոսկվային է հանձնում «սեփական շահերը»։

Երեկ փաստաթղթի չեղարկման պահանջով բողոքի ցույցի մասնակիցները քանդել էին կառավարական շենքերի համալիրի պարսպի մի մասը և ներխուժել խորհրդարան, այնուհետև՝ նախագահի նստավայր։ Ցուցարարները ձվեր ու շշեր էին նետել ոստիկանների ուղղությամբ, ուժայիններն իրենց հերթին արցունքաբեր գազ էին կիրառել ակցիայի մասնակիցների դեմ, 8 մարդ վնասվածքներ էր ստացել։

Ընդդիմադիրների ցույցը կառավարական համալիրի մոտ, 15-ը նոյեմբերի, 2024թ․


Ցույցերի ֆոնին Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել էր, թե նախագահը որոշել է չեղարկել վիճահարույց փաստաթուղթը, սակայն այսօր տեղեկացրել է, որ Ասլան Բժանիան այն հետ չի կանչել խորհրադրանից։

Աբխազիայի և Մոսկվայի միջև ներդրումային համաձայնագրի մասին հայտարարվել էր գրեթե մեկ տարի առաջ։ Դրա հիմնական դրույթները վերաբերում են ռուսաստանյան խոշոր ներդրումներ անող ընկերություններին զգալի արտոնություններ տալուն՝ Աբխազիայում հողակտորներ, ավելի քան երկու տասնամյակ հարկային արձակուրդ, արտերկրից աշխատողներ բերելու թույլտվություն ու նաև շինարարության համար անհրաժեշտ նյութերի անմաքս ներմուծում։ Պահանջվող ներդրումների նվազագույն շեմը 2 միլիարդ ռուբլի կամ 20 միլիոն դոլար։

Քննադատները սա համարում են Աբխազիայի փոքր և միջին բիզնեսի շահերի ոտնահարում՝ առաջին հերթին զբոսաշրջության ոլորտում, որը չճանաչված հանրապետության բյուջեի եկամուտների մեկ երրորդն է ապահովում։ Ըստ նրանց՝ եթե համաձայնագիրն ուժի մեջ մտնի, ապա ռուսաստանցի ներդրողներին հնարավորություն կտրվի առանց Աբխազիայի քաղաքացիների մասնակցության՝ գործունեություն ծավալել, իսկ աբխազներին կվերապահվի միայն էժան վարձու աշխատողի դերը։

Տելեգրամյան RESPUBLICA ընդդիմադիր ալիքը տեղեկացրել է, որ Աբխազիայի նախագահը երեկ «փորձել է Անվտանգության խորհրդի նիստ գումարել և հրաման տալ գրոհել կառավարական շենքերը», բայց նրան դա չի հաջողվել, քանի որ անվտանգության ուժերը մեջբերում եմ՝ «հրաժարվել են դուրս գալ ժողովրդի դեմ»:

Աբխազիայում արդեն երկու անգամ նախագահները վաղաժամկետ հրաժարական են տվել: 2014 թվականի հունիսի 1-ին ընդդիմության բողոքի ակցիաների պատճառով հրաժարական տվեց Ալեքսանդր Անկվաբը։ Այդ ժամանակ բողոքի պատճառ էր դարձել ինքնահռչակ հանրապետության արևելյան շրջանների ազգությամբ վրացի բնակիչներին աբխազական անձնագրերի տրամադրումը։

2020 թվականի հունվարի 12-ին հրաժարական տվեց Ռաուլ Խաջիմբան այն բանից հետո, երբ Աբխազիայի Գերագույն դատարանը չեղարկեց 2019 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները։ Այդ ժամանակ Ասլան Բժանիան առողջական պատճառներով չէր կարողացել մասնակցել ընտրություններին, սակայն հաղթեց արդեն 2020 թվականին կայացած ընտրություններում։