Ինքնահռչակ Աբխազիայի հանրապետության առաջնորդ Ասլան Բժանիան մտադիր է չեղարկել Մոսկվայի և Սուխումիի միջև կնքված ներդրումային ծրագրերի մասին փաստաթուղթը։ Բժանիայի մամլո ծառայության այս հայտարարությունը տարածվել է ընդդիմության բողոքի ցույցերի ֆոնին։
«Նման որոշում կայացվել է՝ հանրապետությունում իրավիճակը կայունացնելու նպատակով»,- ասված է Աբխազիայի նախագահականի հաղորդագրությունում։
Այսօր առավոտից հարյուրավոր ընդդիմադիրներ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց են իրականացրել, ինչը ուղեկցվել է ուժայինների հետ բախումներով։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ներխուժել խորհրդարանի շենքի տարածք։ Տեղից ստացվող հաղորդումների և տեսանյութերի համաձայն՝ բողոքի ակցիայի մասնակիցները շշեր և ձվեր են նետել ուժայինների ուղղությամբ։
Աբխազիայի խորհրդարանում այսօր նախատեսված էր քննարկել և հաստատել բողոքի ալիք հարուցած Սուխումիի և Մոսկվայի միջև ներդրումային համաձայնագրի նախագիծը։ Ընդդիմության ցույցերի ֆոնին նիստը հետաձգվել է, ակցիայի մասնակիցները մինչդեռ պահանջում են հրաժարվել փաստաթղթից, պնդելով, որ տնտեսական օգուտներ խոստացող այդ համաձայնագրով Սուխումին Մոսկվային է հանձնում «սեփական շահերը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բախումներ Աբխազիայի խորհրդարանի մոտ. ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցույցերի ֆոնին Աբխազիայի ԱԺ-ն չեղարկեց Սուխումիի և Մոսկվայի միջև ներդրումային համաձայնագրի հարցով նիստը