Գլխավոր դատախազությունը չի մեկնաբանում՝ նախաձեռնվելո՞ւ է արդյոք քրեական վարույթ պաշտոնից հեռացված Վահան Քերոբյանի վերջին հայտարարության վերաբերյալ, թե Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանը մի քանի անգամ տարբեր անձնական խնդրանքներով դիմել է իրեն:
«Սիներջի»-ի քրեական գործով առանցքային մեղադրյալ Քերոբյանը, որն օրեր առաջ է ազատվել տնային կալանքից, Factor TV-ի հետ զրույցում անուղղակի ակնարկում է, թե դա կապ ունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ:
«Ես իմ աշխատանքի ընթացքում եղել եմ սկզբունքային և չեմ զիջել այն տեղերում, որտեղ որ զիջելը կլիներ իմ սկզբունքներից հետ կանգնել, բերել է նրան, որ տարբեր պաշտոնյաների հետ ես չեմ ունեցել լավ հարաբերություններ, որ կարողանայի, այսպես ասենք, ակնկալեի իրենց կողմից բարի վերաբերմունք: Այո, այդ թվում ԱԱԾ տնօրենը՝ դե, մի քանի էպիզոդով ես իր խնդրանքները չեմ կատարել, [մասնավորապես] ինչ-որ մեկին ինչ-որ մի տեղ նշանակելու հարց էր», - հարցազրույցում ասում է էկոնոմիկայի նախկին նախարարը:
ԱԱԾ մամուլի կենտրոնից «Ազատությանը» փոխանցեցին՝ Քերոբյանի ասածները բացարձակ սուտ են:
Երեկվա հարցազրույցում նախկին նախարարը նաև այլ պաշտոնյաների անուններ է տվել. - «Եղել են խնդիրներ փոխվարչապետերի, եղել են խնդիրներ վարչապետի աշխատակազմի ղեկավարի և այլոց հետ, որ ես ուղղակի այն արժեհամակարգը, որը հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արժեհամակարգն է, չեմ ուզեցել դրանից զիջումներ անել, որպեսզի, չգիտեմ, հետո կարող է ինչ-որ մի տեղ ավելի լավ աչքով նայեն իմ աշխատանքին»։
Դժգոհելով իրեն առնչվող գործով իրավապահների, մասնավորապես Ազգային անվտանգության ծառայության աշխատանքից՝ Քերոբյանը մոտ մեկ ժամ տևած հարցազրույցում այդպես էլ չանդրադարձավ երկու առանցքային հարցի՝ ինչո՞ւ Արմեն Աբազյանի խնդրանքից անմիջապես հետո այդ մասին չի բարձրաձայնել, և արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղյակ պահե՞լ է տեղի ունեցածից:
«Այդ էպիզոդից անմիջապես հետո պետք է պարոն Քերոբյանը ահազանգեր: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ՝ նրան հանեցին պաշտոնից, կալանավորեցին, հետո տնային կալանք, և այլն, և այլն, և այս ամենի ավարտից հետո միայն նա ասում է դա: Այսինքն, անցել է, վստահ եմ, բավականին զգակի ժամանակահատված, և բացահայտել մի բան, որը շատ դժվար բացահայտելի է, դրան գումարած՝ այսքան ուշ է եղել, մի քիչ լուրջ չեմ համարում», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
«Ազատություն»-ը փորձեց այս հարցերի պատասխանն այսօր ստանալ նախկին նախարարից, սակայն Քերոբյանը ո՛չ մեր զանգերին, ո՛չ նամակներին չարձագանքեց:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Արմեն Աբազյանի ղեկավարած կառույցից խնդրանք-հորդորներ ստանալու վերաբերյալ մեղադրանքներ են հնչում, այդպիսի մի հայտարարություն էլ անցած տարեվերջին արել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ կրկին առանց հստակ մանրամասների: Ընդ որում՝ այս դեպքում էլ բացահայտումն արվեց միայն այն բանից հետո, երբ Հարությունյանի համար ակնհայտ էր՝ իշխող մեծամասնությունն իրեն նույն պաշտոնում չի ընտրի:
Սրանից հետո էլ Գլխավոր դատախազությունը որևէ իրավական գործընթաց չի նախաձեռնել: