Արդեն երեք ամիս տնային կալանքի տակ գտնվող էկոմոնիկայի նախկին նախարարի փաստաբանը պնդում է՝ գործի քննությունն առաջ չի գնում, Քննչականն էլ հրաժարվում է Վահան Քերոբյանին ազատել տնային կալանքից։
«Չգիտեմ՝ ինչ են անում, նախորդ կալանքը երկարացնելու միջնորդությամբ վարույթն իրականացնող մարմինը նշել էր, որ դեռ պետք է մի վեց վկայի հարցաքննի։ Որևէ պատճառ չկար այդ վկաներին, օրինակ, փետրվար ամսին չհարցաքննելու, մարտ ամսին չհարցաքննելու, բայց, փաստորեն, այդ անհրաժեշտությունը պահվել է, որ հետո բերեն կալանքի միջնորդություն ներկայացնեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տիգրան Եգորյանը։
Քննչականն ուղիղ մեկ ամիս առաջ միջնորդեց դատարանին՝ ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։ Եգորյանն ասում է, որ պատճառաբանությունն այն էր, թե դեռ կան վեց վկաներ, որոնց պետք է հարցաքննեն։ Անցած երեք ամսում կատարվել են առերես հարցաքննություններ, քննարկվել են բոլոր հարցերը, էլ ի՞նչ է անում Քննչականը, դժգոհում է փաստաբանը։
Քննչական կոմիտեն, սակայն, չի բացահայտում, թե արդյոք հարցաքննել է այդ վկաներին, ասացին՝ դա հրապարակման ենթակա տեղեկություն չէ։
«Հասկանալի չի՝ էդ ինչն է էդքան դժվար ստացվում նախաքննական մարմնի մոտ, որ չեն հասցնում անել։ Էն պայմաններում, որ բոլոր անկյունաքարային հարցերը արդեն քննարկված են, դրանց վերաբերյալ ցուցմունքներ կան, դրանց վերաբերյալ առերես հարցաքննություններ կան, վերջ։ Այլ էլ ի՞նչ հարց կա, որի կապակցությամբ այս նախաքննությունը դեռ պետք է շարունակվի, ու դեռ մի բան էլ Վահան Քերոբյանը պահվի տնային կալանքի և դրան համակցված բոլոր հնարավոր մյուս սահմանափակումների պայմաններում», - ընդգծեց փաստաբանը։
Նախկին նախարարը մեղադրվում է «Սիներջի» ընկերության գործով։ Ըստ Քննչականի՝ անցած տարի Էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթին հայտ ներկայացրած երկու ընկերությունների միջև ընտրություն է կատարվել ավելի բարձր գին առաջարկած «Սիներջ»-ի օգտին։ Քննիչները պնդում են, թե նախարարը, նախկին փոխնախարարն ու մյուս աշխատակիցներն այնպես են արել, որ ավելի ցածր գին առաջարկած «Հարմոնիա» ընկերությունը զրկվի մրցույթին մասնակցելուց։ «Հարմոնիա»-ն, սակայն, հետագայում վիճարկել է այս որոշումը և հաղթել։ Գործը հարուցվել էր այս ամենից հետո։
Քննիչները Վահան Քերոբյանին մեղադրում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Քննչական կոմիտեն ի սկզբանե պնդել էր, որ նախկին նախարարն ազատության մեջ կազդի վկաների վրա, ուստի պետք է տնային կալանքի տակ մնա։
Փաստաբան Եգորյանը կասկածներ ունի, որ Քննչականը պարզապես երկարաձգում է իր պաշտպանյալի կալանքի ժամկետը, որ Քերոբյանից զղջում ստանա։ Օրենքը տալիս է նման հնարավորություն, որի դեպքում գործը դատարան չի հասնում՝ որևէ ապացույց չի քննվում, չի հրապարակվում, գործը փակվում է գործուն զղջալու հիմքով՝ առանց արդարացման։
«Էն, ինչ որ նախաքննական մարմինն ուզում է անի՝ ենթադրաբար այս ճնշման միջոցներով, տալու է իրենց մաքրում, մաքրման հնարավորություն։ Որովհետև այս գործը՝ այն դատարկությամբ, որ դրա մեջ առկա է, կարծում եմ, որ նրանք չեն կարող հանդուրժել հրապարակայնորեն քննարկման հնարավորությունը», - պնդեց Տիգրան Եգորյանը։
Քննչականից, սակայն, հակադարձում են՝ Եգորյանի ենթադրությունները պաշտպանական տակտիկայից բխող դիտարկումներ են, և իրենք մինչև չավարտեն անհրաժեշտ բոլոր գործողությունները, նախաքննությունը չեն ավարտի։
Այս գործով ևս յոթ մեղադրյալ կա, նրանց թվում՝ «Սիներջի»-ի ղեկավարը և նախկին ու ներկայիս երկու աշխատակից։ Ընդ որում՝ «Սիներջի»-ի ներկայացուցիչները, որոնցից մեկն Ազգային ժողովի նախագահի եղբոր կինն է, նախ կալանավորվեցին, ապա ազատ արձակվեցին։ Դատախազությունը հաշվի էր առել նաև այն, որ նրանք ցուցմունքներ էին տվել էական հանգամանքների վերաբերյալ։
Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, թե Ալեն Սիմոնյանի հարսը պատրաստ է զղջալ, այսինքն՝ ընդունել, որ անմեղ չէ ու իր մասով գործը փակել։ Անի Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանն «Ազատության» ասաց՝ այս փուլում քննարկում են իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը արդարացման հիմքով, բայց և չեն բացառում նաև գործուն զղջալու տարբերակը։
«Դա էլ ենք քննարկում, բայց մեր քննարկելը քիչ է, որովհետև դա դատախազի բացառիկ լիազորություն է, մենք կարող է քննարկենք՝ դատախազը չկիրառի։ Եթե մեզ լինի նման առաջարկ, կքննարկենք նաև էդ հանգամանքները», - ասաց Ալեքսանյանը։
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» միայն ասացին՝ որոշում լինելու դեպքում այն կհրապարակեն։ Գործը վերահսկող դատախազը Անի Գևորգյանին կանի՞ նման առաջարկ, թե՞՝ ոչ, դեռ պարզ չէ։