Մատչելիության հղումներ

«Սիներջի»-ին առնչվող գործով 1 դրվագով կրճատվել է Վահան Քերոբյանին առաջադրված մեղադրանքը


Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, արխիվ
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, արխիվ

Էկոնոմիկայի նախարարության ու «Սիներջի» ընկերությանն առնչվող աղմկահարույց քրեական գործով 1 դրվագով կրճատվել է նախկին նախարար Վահան Քերոբյանին առաջադրված մեղադրանքը, տեղեկացրին նրա պաշտպանները։

Այնուամենայնիվ, Քերոբյանը շարունակում է մնալ այս գործով անցնող հիմնական մեղադրյալը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով, նա փետրվարից տնային կալանքի տակ է, ընդ որում՝ փոխվել է ոչ թե նրան առաջադրված մեղադրանքի հոդվածը, այլ դրա դրվագների նկարագրությունից հեռացվել է «պետությանը հասցված էական վնաս» արտահայտությունը։

«Այս որոշումներն այն մասին են, որ ըստ էության պետությանը որևէ վնաս չի պատճառվել, որ չկա հանրային վտանգավորություն այս արարքներին, հակառակ դեպքում այս հիմքով հնարավոր չէր լինի կարճել քրեական հետապնդումը: Բաց է մնում հետևյալ հարցը՝ իսկ եթե ոչ մի վնաս չի պատճառվել, ինչի՞ մասին է այս գործը», - ասաց փաստաբանը:

8 մեղադրյլաներից 6-ի դեպքում քրեական հետապնդումը դադարեցվել է անցյալ շաբաթ, 1-ն արդարացվել է, 5-ը ընդունել են մեղքն ու զղջացել, այդ թվում, «Սիներջի»-ի նախկին աշխատակից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը և էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը։

Քերոբյանից բացի քրեական հետապնդումը շարունակվում է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ։

Վահան Քերոբյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Վաչե Սիմոնյանի պնդմամբ՝ մյուս մեղադրյալների ցուցմունքներին ծանոթանալուց հետո եզրակացրել են, որ անգամ զղջման մասին հայտնած 5 անձինք չեն կարողացել հստակ նշել, թե կոնկրետ որ դրվագում են մեղք գործել։

Հետաքրքրվեցինք, թե ըստ գործի նյութերի՝ ո՞ր պահին է նախկին նախարարը չարաշահել իր պաշտոնեական դիրքը. - «Վարույթ իրականացնող մար մարմինն ինքն էլ դեռ չի հասկանում, թե էդ որ պահն է, որովհետև այդպիսի պահ չկա այդ նյութերում, պահ, երբ Վահան Քերոբյանը կչարաշահի իր լիազորությունները, այդ պահը բացակայում է գործի նյութերում: Կարող է կան նյութեր, որ մեզ չեն տվել, բայց այն, ինչ մեր սեղանին դրված է, այդ նյութերում այդպիսի պահ չկա»:

Փաստաբանների կարծիքով՝ «պետությանը հասցված էական վնաս» արտահայտությունը ոչ միայն Քերոբյանի, այլև գործով անցած մյուս անձանց արդեն կարճված մեղադրանքներից ևս հեռացվել է, քանի որ հակառակ դեպքում քրեական հետապնդումը դադարեցնելուց առաջ պետք է պահանջեին վերականգնել պետությանը հասցված վնասը։

Քերոբյանի տնային կալանքի հերթական 2-րդ ամիսը լրանում է հունիսի 15-ին, կդիմի՞ Քննչական կոմիտեն դատարան տնային կալանքի ժամկետը երկարաձգելու համար, թե՝ ոչ, առայժմ պարզ չէ, Քննչականից հորդորեցին սպասել մինչև կտեղեկացնեն։

էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթներից մեկի հետքերով հարուցված այս քրեական գործի մասին շատ մանրամասներ Քննչական կոմիտեն դեռ չի հայտնել, բազմաթիվ փակագծեր չեն բացում նաև պաշտպանները՝ նշելով, որ առայժմ իրավունք չունեն։

Այս պահին հայտնի է, որ անցած տարի Էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթին հայտ ներկայացրած ընկերություններից ընտրվել է ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի»-ն, պարտվել՝ ցածր գին առաջարկած «Հարմոնիա»-ն, որը ավելի ուշ դատարան է դիմել ու արդյունքում վերականգնել իր խախտված իրավունքը։ Սակայն քրեական գործի առարկա դարձած ծրագիրը մինչ օրս չի ֆինանսավորվել կառավարության կողմից և ողջ գործն առայժմ չիրականացված մի նախագծի շուրջ է։

«Ազատության» խնդրանքով Քննչականից արձագանքեցին Քերոբյանի պաշտպանների հայտարարություններին՝ նշելով, որ «դրանք մեկնաբանելու անհրաժեշտություն չեն տեսնում և համարում են պաշտպանական տակտիկայի դրսևորումներ»։

XS
SM
MD
LG