Մատչելիության հղումներ

Քերոբյանի տնային կալանքի ժամկետը լրացել է. նա պնդում է՝ գործը մտացածին է


Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյան, արխիվ
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյան, արխիվ

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հայտնում է, որ իր չորսամսյա տնային կալանքի ժամկետը լրացել է։ Նախկին նախարարը շարունակում է պնդել, որ իրեն առնչվող քրեական գործը մտացածին է։

Նա փետրվարից տնային կալանքի տակ է։

«Քրեական գործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին, և իմ սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու և այլ նպատակներ հետապնդելու վերաբերյալ միայն ամրապնդվել է։ Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ հնարավոր կլինի ներկայացնել, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ», - գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Էկոնոմիկայի նախարարությանն ու «Սիներջի» ընկերությանն առնչվող աղմկահարույց քրեական գործով 1 դրվագով կրճատվել է Վահան Քերոբյանին առաջադրված մեղադրանքը։ Այնուամենայնիվ, նախկին պաշտոնյան շարունակում է մնալ այս գործով անցնող հիմնական մեղադրյալը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով։

8 մեղադրյալներից 6-ի դեպքում քրեական հետապնդումը վերջերս դադարեցվել է, 1-ն արդարացվել է, 5-ը ընդունել են մեղքն ու զղջացել, այդ թվում՝ «Սիներջի»-ի նախկին աշխատակից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը և էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը։

Այսօր արած գրառման մեջ Վահան Քերոբյանը նշել է, որ կհասնի ինչպես իր, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը, «ում իրավապահ համակարգը ճկել է ու պարտադրել «զղջման» հիմքով քրեական հետապնդման դադարեցման սցենարին»։

«Դեռևս նախորդ շաբաթ մենք բողոքներ ենք բերել դատախազության կայացրած այդ ապօրինի որոշումների դեմ», - գրել է նա։

  • Նախկին նախարարը մեղադրվում է «Սիներջի» ընկերության գործով։ Ըստ Քննչականի՝ անցած տարի Էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթին հայտ ներկայացրած երկու ընկերությունների միջև ընտրություն է կատարվել ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի»-ի օգտին։ Քննիչները պնդում են, թե նախարարը, նախկին փոխնախարարն ու մյուս աշխատակիցներն այնպես են արել, որ ավելի ցածր գին առաջարկած «Հարմոնիա» ընկերությունը զրկվի մրցույթին մասնակցելուց։ «Հարմոնիա»-ն, սակայն, հետագայում վիճարկել է այս որոշումը և հաղթել։ Գործը հարուցվել էր այս ամենից հետո։
  • Իրավապահները Վահան Քերոբյանին մեղադրում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Քննչական կոմիտեն ի սկզբանե պնդել էր, որ նախկին նախարարն ազատության մեջ կազդի վկաների վրա, ուստի պետք է տնային կալանքի տակ մնա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG