«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները» թեմայով քննարկման ժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը ծավալուն անդրադարձել է Ալմա Աթիի հռչակագրին՝ պնդելով, որ Հայաստանը տարիներ շարունակ հակասական դիրքորոշում է ունեցել այս փաստաթղթի վերաբերյալ։
«Պետք է հստակ դիրքորոշում որդեգրել։ Ի՞նչ է դա։ Մենք ունե՞նք միջպետական սահմաններ՝ հիմնված 1991 թվականի դեկտեմբերի Ալմա Աթիի հռչակագրի վրա, թե՞ չունենք», - նշել է Մամեդովը:
Բարձրաստիճան դիվանագետը պնդում է, որ Երևանը բանակցությունների սեղանի շուրջ մի բան է ասում, միջազգային դատարաններում՝ այլ բան. - «Միայն այս տարվա մարտին Ադրբեջանի պնդումներից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2021 թվականի փետրվարին ներկայացված իր դիմումից Հայաստանը պաշտոնապես հանեց մի կոնկրետ հատված, որտեղ 12-13 էջ փաստացի Ալմա Աթիի հռչակագրի դեմ էր։ Այսպիսով, այսպիսի իրողությունների ենք մենք բախվում Հայաստանի հետ բանակցությունների ժամանակ»:
Շարունակելով՝ Մամեդովը նշել է. - «Ակնհայտ է, որ մենք այնպիսի հարցեր ենք տալիս, որոնց պատասխանը պետք է տրվի, որպեսզի հասկանանք՝ դա իսկական ճանապարհ է դեպի խաղաղություն, թե՞ ընդամենը մարտավարական որոշումներ են՝ գործընթացը ձգձգելու համար։ Բայց, այնուամենայնիվ, հիմնարար դիրքորոշումը ապագայի համար պետք է լինի, երբ լավ ժամանակներ գան: Իսկ Հայաստանը կարող է վերադառնալ ու ասել՝ մենք երբեք այդ դիրքորոշումը չենք ունեցել։ Այն, ինչ եղել է բանակցային սեղանի շուրջ, եղել է բանակցությունների ժամանակ. Այնտեղ մենք երբեք համաձայնության չենք եկել։ Մեր դիրքորոշումը դատարանների առջև է, մենք երբեք չենք փոխել այդ դիրքորոշումը։ Սա հիպոթետիկ ռիսկ չէ, ուստի մենք խոսում ենք բավականին իրատեսական ռիսկի մասին»։
Հայցից հանված ի՞նչ 12-13 էջի մասին է խոսում Մամեդովը, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչից օրվա ընթացքում պատասխան ստանալ չհաջողվեց։
Մի քանի օր առաջ խորհրդարանում Եղիշեն Կիրակոսյանը հրաժարվել էր մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն, ըստ որի Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում պատրաստ է միջազգային ատյաններից փոխադարձության սկզբունքով հայցերը հետ կանչել: Կիրակոսյանը վստահեցրել էր՝ այժմ նման հարց չի քննարկվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այժմ Ադրբեջանի դեմ հայցերը փոխադարձության սկզբունքով հետ կանչելու հարց չի քննարկվում. Եղիշե ԿիրակոսյանՀայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, առաջինը վերաբերում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո եղած խախտումներին, երկրորդը՝ տարբեր փուլերում գերեվարված մարդկանց դատավարություններին և ապօրինի բանտարկության հարցերին, երրորդը՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցիների զինված ստորաբաժանումների ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին, իսկ չորրորդը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած բոլոր խախտումներին, այն ներառում է նաև 2023 թվականի սեպտեմբերի արցախահայերի բռնի տեղահանության փուլը:
«Սենյակում ոչ թե մեկ, այլ երկու փիղ կա», - Մամեդովն այս այլաբանությունն է արել՝ խոսելով խաղաղության ճանապարհի խոչընդոտներից։ Եվ եթե երկրորդ փիղն, ըստ նրա, այն է, որ հայկական պատվիրակության անդամները բանակցությունների սեղանի շուրջ հանդես են գալիս տարբեր դիրքերից, առաջին փիղը Հայաստանի Սահմանադրությունն է, իսկ ավելի ստույգ մայր օրենքում Անկախության հռչակագրի հղումը, որտեղ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ են տեսնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպես է Անկախության հռչակագրին հղումը հայտնվել Սահմանադրության նախաբանում«Սա վտանգավոր է, քանի որ ստորագրման պահից կամ ապագայում ցանկացած ապագա կառավարության կողմից այս փաստաթուղթը կարող է չեղյալ համարվել։ Այսպիսով, դա հիպոթետիկ ռիսկ չէ: Սա հենց այն է, ինչ առաջ են քաշում Հայաստանի գործող ռևանշիստական ընդդիմադիր խմբերը՝ որպես փաստարկներ Փաշինյանի կառավարության դեմ», - ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։
Բաքուն հերթական պահանջով հերթական պատրվակն է փնտրում խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այս եզրակացությունն է արել՝ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններից։
Հիշեցնում է՝ շաբաթներ առաջ փորձագիտական կենտրոններից մեկի միջոցով Ադրբեջանն արտահոսք տարածեց չհամաձայնեցված դրույթների մասին. - «Պատճառը հասկանալի է, Ադրբեջանը տեսնում է միջազգային միջավայր, որտեղ ինքը դեռ կարող է ակնկալել ուժի կիրառման հնարավորություն, իսկ քանի որ ուժային բալանսը համարում է իր օգտին, մշտապես փորձում է այդ հնարավորությունը պահել»:
Քաղաքական մեկնաբանն ընդգծում է՝ հերթական պահանջը ապացուցում է, որ Ադրբեջանը չի էլ թաքցնում պայմանագրի ստորագրումը ձգձգելու իր մարտավարությունը։