Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) օրերս վճռել է, որ Ադրբեջանը խախտել է երկու հայ զինծառայողների կյանքի իրավունքը, հետևաբար պետք է սպանվածների ընտանիքներին 16 հազարական եվրո վճարի։
Ողբերգական այս դեպքը տեղի էր ունեցել 2016-ի դեկտեմբերին, զինծառայողների Էդգար Նարայանին, Էրիկ Աբովյանին և Շավարշ Մելիքյանին սպանել էր հայկական դիրքերում հայտնված ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Ղուրբանովը։
«Եռամսյա ժամկետ կա, որպեսզի կողմերը այն վիճարկեն Մեծ պալատ կամ հայտնեն, որ չեն վիճարկելու: Նման հայտարարության առկայության դեպքում կամ ժամկետի ավարտից հետո կմտնի ուժի մեջ: Ուժի մեջ մտնելուց հետո պետությունները պարտավոր են այն կատարել: Մենք ցույց ենք տվել Եվրոպական դատարանին, որ Ադրբեջանը, պարտավոր լինելով համագործակցել, աջակցել Եվրոպական դատարանում վարույթին, դա չի իրականացրել, կեղծել է, խաբել է, էս ամբողջը ցույց ենք տվել», - ներկայացրեց փաստաբան Արտակ Զեյնալյանը:
Եվրոպական դատարանում զինծառայողների շահերը ներկայացնող փաստաբան Զեյնալյանի խոսքով՝ վճռով, ըստ էության, հաստատվել է նաև, որ Բաքվի պնդումները ստահոդ են։ Անցած տարիների ընթացքում Ադրբեջանը Ստրասբուրգին փորձում էր համոզել, որ հայ զինծառայողներն են դիվերսիա կատարել և Բաքվի ներկայացրած մի տարբերակով սահմանը հատած հայ զինծառայողները մարտի են բռնվել ադրբեջանցի Չինգիզ Ղուրբանովի հետ, վերջինս երեքին սպանել է, բայց մյուս հայ զինծառայողներին հաջողվել է նրան տեղափոխել Հայաստան ու սպանել՝ ներկայացնելով, թե ադրբեջանցին է անցել սահմանն ու այդտեղ սպանել հայ զինծառայողներին։
Եվրոպական դատարանում զինծառայողների շահերը ներկայացրած մյուս փաստաբանների՝ Սիրանուշ Սահակյանի ու Արա Ղազարյանի հետ միասին Զեյնալյանը հայաստանյան իրավապահների հետ անցած տարիներին քննություն են անցկացրել տեղում և դեպքի մանրամասները ուղարկել Ստրասբուրգ։
«Մեկ այլ վարկածով, որ ամբողջությամբ քննարկվել է եվրոպական դատարանի դատական ակտի մեջ, հետևյալն է՝ որ հայկական կողմը նրան առևանգել, բերել է Հայաստան, այնուհետև նրան սպանել է, հետո Ղուրբանովի հրազենի ինքնաձիգով սպանել է 3 հայ զինծառայողներին, որպեսզի ներկայացնի, թե Ղուրբանովն է սպանել, բեմականացում ներկայացնի ու միջազգային հանրությանը ներկայացնելով տապալի բանակցային գործընթացը: Այս վարկածը Ադրբեջանն ամբողջ ընթացքում պաշտպանել է, ապացույցները կեղծել, աղավաղել, այս ամբողջը վերլուծված է դատական ակտերում», - ասաց Զեյնալյանը:
Իրենց երիտասարդ տղաներին կորցրած հարազատներն այսօր չցանկացան զրուցել՝ սիրտ չունեն, 8 օրից կլրանա զինվորների մահվան 7-րդ տարին։
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ասում է՝ Հայաստանից ուղարկած դիմումներով արդեն վեց վճիռ կա, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել, իսկ Եվրոպական դատարանի վճիռների ընթացքին հետևող Նախարարների կոմիտեն հարցին, ըստ էության, լուծում չի տալիս։
«Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն շատ հեռու է անկախ անաչառ, անկողմնակալ, արդար մարմին լինելուց: Այնտեղ կան բազմաթիվ շահեր ու տարբեր երկրների արտաքին գործերի նախարարները չեն առաջնորդվում Եվրոպայի խորհրդի իրավունքի ոգով, այդ վճիռները չեն կատարվում», - ընդգծեց նա:
Եվրոպական դատարանը հաստատել է զինվորների սպանության հայկական վարկածը, ըստ որի 7 տարի առաջ՝ դեկտեմբերի 29-ի առավոտյան Չինգիզ Ղուրբանովը հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և առաջացել դեպի հայկական դիրք։ Այդ ընթացքում Նարայանն ու Աբովյանը մարտական հենակետում չեն եղել, մեկը գնացել էր ջուր հավաքելու, մյուսը՝ պետքարանում էր։ Երկուսն էլ անզեն են եղել։ Լսվել են կրակոցներ ու ավելի ուշ պարզվել է, որ Նարայանն ու Աբովյանը սպանվել են: Մարտական հենակետում գտնվող մյուս զինվորները անմիջապես վազել են կրակոցների ուղղությամբ, հետևել է փոխհրաձգություն, որի ընթացքում զոհվել է երրորդ հայ զինծառայողը՝ Մելիքյանը: Փոխհրաձգության ընթացքում Ղուրբանովը ևս սպանվել է։