«Այդ ծառի տակը ոնց որ թուրք ա կանգնած, այ, այ էն դզած տեղը». - սահմանազատումից հետո Կիրանցի տարբեր հատվածներից գյուղացիները պարբերաբար են ադրբեջանցի սահմանապահների տեսնում, ժամանակ առ ժամանակ էլ շինարարական աշխատանքներ իրականացնող ու ոչ միայն՝ քաղաքացիականների։
«Բաջանաղիս հենց տան տակը խոտ էին հնձում», - «Ազատությանն» ասաց գյուղի բնակիչ Արտակ Ղազարյանը:
Կիրանցում, սակայն, միայն մի փոքր հեռու գտնվող ադրբեջանցիների ներկայությունը չէ, որ մտահոգում է գյուղացիներին։ Գյուղ եկող լրագրողներից վերջերս են իմացել՝ նոր սահմանը նոր պայմաններ է թելադրում գյուղի հյուրերին։ Կիրանցն արդեն «սահմանային շերտ» է համարվում՝ չնայած նման ցուցանակ, ինչը Կառավարության որոշման պահանջն է, այնտեղ չտեսանք։
Կիրանց մտնելու համար հյուրերը, լրագրողները Ազգային անվտանգության ծառայության թույլտվությունը պետք է ունենան։ Իսկ ԱԱԾ-ից մուտքի անցագիր ստանալ հնարավոր է մինչև 30 օրում։ Ընդ որում՝ Կառավարությունն այս փոփոխությունը մայիսին՝ հատվածական սահմանազատման մեկնարկի օրերին է արել։ Ավելի վաղ, օրինակ, լրագրողներից առավելագույնը 14 օր էր պահանջվում անցագիր ստանալու համար այլ սահմանամերձ տարածքներ գնալուց առաջ։
«Այն ժամկետները, որոնք նախատեսված են Կառավարության որոշման մեջ, ամենևին էլ ընդունելի չեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Մելիքյանը Կառավարության կատարած նոր փոփոխությունը լրագրողների գործունեությունը սահմանափակող հանգամանք է համարում։ Ըստ նրա՝ գործադիրը հիմա նվազագույնը պետք է վերանայի անցագիր տրամադրելու ժամկետի հարցը։
«Կարծում եմ, որ և՛ լրատվամիջոցները, և՛ հատկապես լրագրողական կազմակերպությունները այս հարցը պետք է բարձրացնեն Կառավարության առջև», - նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:
Մելիքյանը շեշտում է՝ անցագրի բացակայության պատճառով Կիրանցի ու սահմանային շերտ համարվող մյուս բնակավայրերի խնդիրները լրագրողները դժվարությամբ կարող են վերհանել, իսկ անցագիր ստանալուց հետո էլ հնարավոր է այդ խնդիրներն այլևս ակտուալ չլինեն։ Պնդում է՝ նման փոփոխությունների դեպքում իշխանությունը պետք է հաշվի նստի լրագրողների, լրագրողական կազմակերպությունների հետ, քննարկումներ կազմակերպի ու լսի նրանց տեսակետը։
«Կարծում եմ՝ հասարակական շահը նաև պահանջում է, որպեսզի այդ սահմանամերձ գոտում և սահմանի մոտ ամեն ինչ կանոնակարգված լինի: Սա նույնպես հանրային շահ է, բայց հանրային շահ է նաև, որպեսզի լրատվամիջոցները կարողանան բարենպաստ պայմաններ ունենալ այնտեղ աշխատելու: Այս պարագայում հասարակության տեղեկացված լինելու շահը այնուամենայնիվ ստորադասվել է», - ընդգծեց Աշոտ Մելիքյանը:
Ոչ միայն լրագրողները, այլև պատգամավորները պետք է անցագիր ունենան Կիրանց մտնելիս։
«Լուրջ մտածելու տեղիք է տալիս էդ ժամկետները՝ 30 օր», - «Ազատությանն» ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Դաշնակցական պատգամավորն անտրամաբանական է համարում գյուղ մտնելու համար սահմանված անցագրի առավելագույն ժամկետը. - «Լուսին հարցում են ուղարկում՝ Լուսնից պատասխան է գալի՞ս: Երևանում հարցնում են, Նալբանդյան 103-ում հարցնում են, ի՞նչ կա մի մեծ պատմություն դրա մեջ նույն լրագրողների դեպքում, որ սահմանափակում են մտցնում»:
Մինչ իշխանությունները պնդում են, թե մարդկանց անվտանգության համար է այս խստացումը, ընդդիմադիր պատգամավորը համոզված է՝ իշխանությունները միտումնավոր են մտցրել այս սահմանափակումը, որ մարդիկ չտեսնեն նույն Կիրանցի իրական պատկերը:
Մի քանի այլ գյուղեր էլ են համարվում սահմանային շերտ, օրինակ՝ Սյունիքի մարզի Շուռնուխը, որ սահմանամերձ դարձավ 2020 44-օրյա պատերազմից հետո։ Այնտեղ ևս մուտքը անցագրով է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կիրանց. Նոր գծած սահման, անվտանգային մտահոգություններ, փոխհատուցման խնդիրԿիրանցում կորցրած տան, հողի կամ տարածքի դիմաց փոխհատուցումը՝ փակ թեմա