Մատչելիության հղումներ

Կիրանցում կորցրած տան, հողի կամ տարածքի դիմաց փոխհատուցումը՝ փակ թեմա


Կիրանց գյուղ, Տավուշի մարզ, արխիվ
Կիրանց գյուղ, Տավուշի մարզ, արխիվ

Կիրանցում կորցրած տան, հողի կամ տարածքի դիմաց փոխհատուցումը փակ թեմա է։ Ո՛չ բնակիչները, ո՛չ գյուղապետարանը, ո՛չ էլ ավելի վերևներում այս մասին հրապարակային չեն խոսում։

Փոխհատուցում ստացողներն ու չստացողներն իրար ծուռ աչքով են նայում, հանկարծ իրենց դավաճան չանվանեն, հանկարծ իրենց սեփական հողից երես թեքող ու հակառակորդին տուն վաճառող չասեն։ Կա՛մ առհասարակ հրաժարվում են հարցազրույցից, կա՛մ էլ անանուն մնալու պայմանով են խոսում՝ կցկտուր։

«Մարդիկ տուն են կորցրել, տեղ են կորցրել, դարեդար հիշվելու է, ասեն՝ էս ինչ մարդիկ իրենց հողը ծախեցին, բայց սա իրենց ցանկությունը չի եղել», - ասաց բնակիչներից մեկը։

Սահմանազատման հետևանքով Կիրանցի 100 ընտանիքների մոտ 30 տոկոսը սեփական տուն, տարածք կամ բիզնես է կորցրել։ Մի մասն էլ դեռ մտածում է՝ սահմանի բերանին կշարունակի՞ ապրել, թե՞ կնախընտրի թողնել սեփական տունը՝ ենթադրյալ վտանգից հեռու։ Սահմանային պատին ամենամոտ տան բնակիչներն առայժմ հեռացել են։ Շինարարներն էին այստեղ ժամանակավոր տեղավորվել, հայտնի չէ՝ մշտական բնակիչները հետ կգա՞ն, թե՞ ոչ։ Շինարարական ընկերության ղեկավարն էր այստեղ։

Վարչապետը դեռ ամիսներ առաջ էր ասել՝ կփոխհատուցեն բոլորին՝ գույքից զրկվածներին ու անգամ սահմանից հեռու գնացողներին։ Մի մասն ընդունել է կառավարության գաղտնի որոշմամբ սահմանված փոխհատուցումը։ Մյուս մասը շարունակում է համարել, որ նվաստացուցիչ է դիմումի այն ձևը, որով Տավուշի մարզպետարանին խնդրում են իրենց գույքի դիմաց փոխհատուցում տրամադրել և հաստատում, որ ստանալու դեպքում հրաժարվում են բոլոր գույքային և ոչ գույքային պահանջներից Հայաստանի նկատմամբ։ Բնակիչներին հասանելի ձևաթղթում, որի տակ ստորագրում են, փոխհատուցման չափի մասին որևէ բառ չկա։ Դեռ ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ որոշումը գաղտնի է։

Կառավարությունն այս հիմնավորմամբ արդեն երկու ամիս է՝ չի բացահայտում, թե սահմանազատումից հետո սեփական գույքից զրկվող Կիրանցի քանի բնակիչ է փոխհատուցում ստացել, ինչ գումարների մասին է խոսքը, ու այդ ինչ դիմում են նրանք ստորագրում, որով փոխհատուցման գումարը ստանալուց հետո կիրանցեցիներն այլևս չեն կարող պետությանն այս հարցով որևէ այլ պահանջ ներկայացնել։

«Հեշտ չի տուն կառուցելը, քանի տարվա տուն ենք, հլը էլի պակաս բաներ ունենք», - ասում են տեղացիները, - «Փողով ոչ կարաս կյանք առնես…»։

Մինչև հիմա անպատասխան հարցեր ու կասկածներ ունեն Կիրանցում։ Անգամ թերահավատ են՝ ինչո՞ւ է կառավարությունն իրենց համար մեծ փոխհատուցում սահմանել։ Օրինակ՝ վերջերս Ապարանին մոտիկ՝ Վարդենիկ գյուղում, բողոքի ակցիա էր՝ գյուղացիները դժգոհում էին, որ իրենց եկամուտ տվող վարելահողերն ու այգիներն իրենց ձեռքից վերցնում ու քառակուսի մետրի դիմաց ընդամենը 345 դրամ են փոխհատուցում։ Մինչդեռ Կիրանցում մասնավոր զրույցներում ասում են՝ ամեն քառակուսի մետրի դիմաց 1500-2500 դրամ են ստանում՝ 4-7 անգամ ավելի։

Ալբերտ Սիմոնյանը, որ Կիրանցի երկու քանդված տներից մեկի բնակիչն է, ասաց՝ տունը քանդել են, փոխհատուցում տվել, բայց գյուղում վարձով են ապրում։ Իջևանի համայնքապետարանում ասել են՝ Կիրանցում հողատարածք չկա, որ տրամադրեն տուն կառուցելու համար։

«3 հազար մետր հող ունեմ, հազար քառակուսի մետր հող են տալիս, էն էլ ժամանակին չեն տալիս, որ էդ տված գումարով կարողանանք մինչև ձմեռ տուն սարքենք, հող չեն տալիս», - նշեց նա։

Ավագանին արդեն Կիրանցին պատկանող մոտ մեկուկես հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք բնակելի կառուցապատման դարձնելու նախագծին հավանություն է տվել։ Մոտ 14 հողակտոր կդառնա։ Կառուցապատման իրավունքով կտան սահմանազատումից տուժած կիրանցիներին։ Բայց, դեռ առնվազն 15 հեկտար պետք կգա Կիրանցում փոխհատուցման համար։ Այս մասին դեռ որոշումներ չկան։

XS
SM
MD
LG