ՔԿ․ «Ուրալ»-ի վթարի պատճառները պարզվել են, զորամասի երկու պաշտոնատար անձ կալանավորվել է

Մեղադրանք է առաջադրվել նաև ժամկետային զինծառայող վարորդին։

Քննչական կոմիտեն հաղորդում է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող «Ուրալ» ավտոմեքենայի վթարման պատճառները պարզելու մասին, կալանավորվել է զորամասի երկու պաշտոնատար անձ։

Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի անձնակազմը «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով գահավիժել էր ձորը, ինչի հետևանքով 4 զինծառայող մահացել է, ևս 19 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ընթացող նախաքննությամբ պարզվել է, մասնավորապես, որ նշված տրանսպորտային միջոցը վարող ժամկետային զինծառայողն իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով զորամասի մշտական տեղակայման վայրից անձնակազմը փոխադրել է նույն զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք, որտեղ մեքենան կայանել է թեք տարածքում։ Այդ կերպ, ըստ հաղորդագրության, խախտվել են ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՀՀ ԶՈւ ավտոմոբիլային ծառայության կանոնակարգի պահանջները, ըստ որոնց՝ մեքենաների կանգառն իրականացվում է լավ տեսադաշտով ճանապարհի հարթ տեղանքում։

«Դրանից հետո վերոհիշյալ ավտոմեքենայում գտնվող անձնակազմի մի մասը փոխարինել է մարտական դիրքում գտնվող անձնակազմին և փոխարինված անձնակազմը, առանց համապատասխան հանդերձավորման, տեղավորվել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայում։

Նույն կանոնակարգի պահանջների համաձայն, մեքենան տեղից շարժելը թույլատրվում է միայն շարժիչը տաքացնելուց հետո։ Այս պահանջի խախտմամբ ավտոմեքենայի շարժիչը կանգնած վիճակում չի գործարկվել և չի տաքացվել, այլ ավտոմեքենան փոխանցման տուփի միջոցով, առանց շարժիչը գործարկելու, կայանված տեղից բերվել է շարժման, ինչի հետևանքով վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, և այն ճանապարհի բանուկ մասից թեքվել է դեպի աջ ու հայտնվել ձորում՝ հանգեցնելով դրանում գտնվող զինծառայողների մահվան և վնասվածքներ ստանալուն։ Շարժիչը գործարկվել է նման եղանակով, քանի որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի», - շարունակում է Քննչականը:

Պարզվել է, որ «Ուրալ»-ը ստուգում է անցել 2023թ․ հոկտեմբերին և ճանաչվել է սարքին, «սակայն ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները, որոնք աշխատանքային վիճակի են բերվել 2018 թվականին, ենթակա են եղել շահագործման 4 տարի՝ մինչև 2022 թվականը», առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլտվության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով։

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք խախտել են տրանսպորտային միջոց շահագործելու կանոնները՝ անտեսելով՝ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի, ԶՈՒ ավտոմոբիլային ծառայության կանոնագրքի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ․ - «Մասնավորապես՝ տեղյակ լինելով զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի ունեցած նշված տեխնիկական խնդիրների մասին, ինչպես նաև՝ այն մասին, որ սահմանված կարգով շարժիչը չգործարկվելու պատճառով արգելակման համակարգում անհրաժեշտ օդի քանակությունը, արտահոսքի հետևանքով, չի պահպանվում, 2024թ․ ապրիլի 12-ին թույլատրել են նշված ավտոմեքենայի երթը»:

«Ուրալ»-ը վարող ժամկետային ծառայողին ու զորամասի համապատասխան երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով` «մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ։» Նշված պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նորակոչիկ վարորդներն արդյո՞ք համապատասխան վարորդական կարգ ու փորձառություն ունեն«Ասաց՝ չի ենթարկվում, զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին«Ուղղակի անփութություն». ձորն ընկած «Ուրալ»-ի վարորդի հարազատները պնդում են՝ մեքենան անսարք է եղելՊՆ «Ուրալ»-ի վթարից վիրավորները 20-ն են, կա 4 զոհ. քրեական վարույթ է նախաձեռնվել