Մատչելիության հղումներ

«Եթե տարիներ առաջ որդուս վթարի մեղավորները պատժվեին, Մեղրիում «Ուրալ»-ը, ձորը չէր ընկնի». 2018-ին վթարից մահացած զինվորի մայր


Սուսաննա Ստեփանյանը վստահ է՝ եթե իր միակ որդու և ևս երեք զինվորների մահվան պատճառ դարձած վթարի մեղավորները տարիներ առաջ պատժվեին ու բանակում ի վերջո փոփոխություն լիներ, Մեղրիում ձորը չէր ընկնի զինվորներով լի «Ուրալ»-ը, որ ըստ վարորդի՝ անսարք է եղել։

2018 - ի տարեվերջին է վթարի հետևանքով մահացել Սուսաննա Ստեփանյանի որդին՝ Էդգարը, Խնձորեսկի զորամասում 22 ամսվա ծառայող էր, «Կամազ»-ի վարորդ, ի դեպ, զինվորական այդ մեքենայի սպասարկմամբ ընտանիքն է զբաղվել:

«Ե՛վ մեքենայի ներկը, որպեսզի կոսմետիկ վերանորոգում անենք, և՛ դիմապակի, և՛ կողքերի ապակիներ, և՛ հայելիներ, և՛ յուղ, էլ պե՞տք ա շարունակել», - ասաց Սուսաննա Ստեփանյանը:

Վթարի օրը այդ «Կամազ»-ով, Էդգարը ղեկին, Ջաբրայիլի զորավարժություններից էին վերադառնում. - «Եղել է գերբեռնված՝ զենք, զինամթերք, զինվորներ, զինվորական այլ պարագաներ»:

Քրեական գործի նյութերում էլ ենք կարդում՝ «Կամազ»-ի թափքում տանկային վաշտի 24 ժամկետայիններ են եղել, զենքեր, ռազմամթերք, հանդերձանքի պարագաներ: Ըստ զոհված զինծառայողի մոր՝ որդին փորձառու վարորդ է եղել, վթարը տեղի է ունեցել առջևից ընթացող զինվորական «Ուրալ»-ի անսարքության հետևանքով՝ Որոտան-Խնձորեսկի ոլորաններով ճանապարհին վերելքը հաղթահարելիս «Ուրալ»-ի վարորդը փոխանցման տուփը կառավարել չի կարողացել, արգելակել չի կարողացել, մեքենան սկսել է հետ սահել, Էդգարն էլ սկսել է հետընթաց վարել՝ բախումից խուսափելու համար:

4 զինծառայողի կյանք խլած այս վթարի գործով դատավարությունը 5 տարի է տևել, Էդգարի ծնողները մասնակցել են բոլոր նիստերին՝ հույսով, որ կպատժվեն զինվորական անսարք մեքենան գործի դնելու հրաման տվողները, մեքենան սպասարկողները, նաև Խնձորեսկի զորամասի այն զինվորականները, որ բեռնափոխադրող մեքենան լցրել էին զինվորներով։

Մեղադրյալներն սկզբում 5-ն էին՝ Էդգարը և Կուբաթլուի զորամասի՝ որին որ «Ուրալ»-ն էր պատկանում, զինվորականներ, վարորդից մինչև ավտոծառայության պետ։ Զոհված տղայից՝ Էդգարից բացի, ոչ ոք մեղավոր չճանաչվեց:

Դատական նյութերում կարդում ենք՝ Էդգարը ավտոմեքենայի ընթացքը ոչ պատշաճ և վտանգավոր է կառավարել, հետընթաց մանևրի հետևանքով հայտնվել է ձորակում։ «Ուրալ»-ն, ըստ դատարանի, վթարի պատճառ չի եղել։ Արդյո՞ք այն անսարք է եղել, ինչո՞ւ վարորդը չի կարողացել կառավարել ո՛չ փոխանցման տուփը, ո՛չ արգելակները։ Առաջին փորձաքննությամբ «Ուրալ»-ն անսարք է եղել և դա կարող էր վթարի պատճառ դառնալ, հաջորդ փորձաքննությամբ «Ուրալ»-ը վթարի հետ կապ չունի։

Մայրը պնդում է՝ ցանկանում էին, հույս ունեին արդարադատության հասնել, մեղավորների պատիժը տեսնել, որ հետագա դեպքերի կրկնություն չլինի:

Վերաքննիչի որոշումը ոչինչ չփոխեց։ 19-ամյա Էդգար Հունանյանը իրավաբան պիտի դառնար, շախմատիստ էր, ողբերգական վթարը չլիներ՝ երկու ամսից տուն՝ ծնողների մոտ էր գալու։

XS
SM
MD
LG