Մատչելիության հղումներ

ՊՆ «Ուրալ»-ի վթարից վիրավորները 20-ն են, կա 4 զոհ. քրեական վարույթ է նախաձեռնվել


Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ նախնական տվյալներով, կա 4 զոհ: Վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։ «Ազատության» տեղեկություններով՝ վիրավոր զինվորներին տեղափոխում են Երևանի «Մուրացան»-ի զինվորական հոսպիտալ:

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է մահացած զինծառայողների անունները: Նրանք են՝

Արեգ Արմենի Քերոբյան,
Սլավիկ Վարդանի Վարդանյան,
Դավիթ Համբարձումի Հակոբյան,
Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։

Վթարը տեղի է ունեցել Սյունիքի մարզում, «Ազատության» տեղեկությամբ, Մեղրիի տարածաշրջանի Նռնաձորի ճանապարհին։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելու հոդվածով:

ՔԿ խոսնակը հայտնում է, որ ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։

Տարեսկզբից ՀՀ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զոհվել է 10 զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG