Մատչելիության հղումներ

«Ուղղակի անփութություն». ձորն ընկած «Ուրալ»-ի վարորդի հարազատները պնդում են՝ մեքենան անսարք է եղել


Մեղրիում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ի վարորդ, ժամկետային զինծառայող Հովսեփ Համբարձումյանի հարազատները պնդում են՝ մեքենան անսարք է եղել և 8 ամսվա ծառայող Հովսեփն անընդհատ տնեցիներին ասել է այդ մասին:

«Թող հեռախոսազանգերը ստուգեն», - ասում է զինծառայողի բարեկամներից Վեմիր Հովհաննիսյանը:

«Ես պահանջում եմ, եթե արդարության կա, ազգային անվտանգությունը... կարող ա վարորդը շպիոն ա, տարել ուզեցել ա 25 հոգու մորթի, գնացեք տեսեք ինչ ա արել, ինչ ենք խոսացել մենք՝ որ էդ մեքենան անսարք ա», - ասաց նա:

Մեքենաներից, «Ուրալ»-ներից հեռու մոր հետ անգամ զինծառայողը միայն մեքենայի անսարքությունից է խոսել. - «Միշտ ասում էր՝ «մամ, էս ավտոն խարաբ, անսարք ավտո ա, կցել են ինձ»:

Ողբերգական այդ վթարի հետևանքով 4 զինծառայող մահացավ, 20-ը տարբեր վնասվածքներով Երևանի ու Սիսիանի հոսպիտալներում են։ Հովսեփը բազմաթիվ կոտրվածքներով վերակենդանացման բաժանմունքում է:

Վեմիր Հովհաննիսյանը դեպքից մի քանի օր առաջ է խոսել Հովսեփի հետ՝ զինծառայողը մարտական հերթապահության է եղել, հարազատներն ասում են՝ որպես վարորդ զորակոչված տղան այդպես էլ մեքենա չի վարել, մարտական հերթապահության են ուղարկել, քանի որ նրան կցված «Ուրալ»-ն անընդհատ չի գործել։

Դեպքի օրը՝ ապրիլի 12-ին ասել են մեքենան սարքին է, ըստ հարազատների, երկու դիրքի անձնակազմ պիտի տեղափոխեր:

«Էդ ավտոն ինքն իրան խոդ չի ընկել, բրդելով են խոդ տվել, էրեխուն հանել են սարի գլուխը, անձնակազմին լցրել են մեջը ու անսարք վիճակում, էլ բառ չկա ասելու, ուղղակի անփութություն», - նշեց Հովհաննիսյանը:

Մեքենան զինվորներով ձորն է ընկել՝ 500-600 մետր։ Հարազատներն ուզում են, որ պատասխանատվություն կրեն բոլոր այն մարդիկ, որ զինվորի ձեռքին անսարք մեքենայի բանալի են դրել ու հրամայել տասնյակ զինվորների տեղափոխել Նռանձորի դժվար ճանապարհով։

Քրեական գործ է հարուցվել։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ առգրավել են մեքենայի շահագործման պահանջներին, տեխնիկական ընդհանուր վիճակին, շահագործելիությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Հարցաքննվել են թե՛ զինծառայողներ, թե՛ հրամանատարներ, նաև զորամասի տրանսպորտային միջոցների անվտանգության պատասխանատուներ։

Վարորդը առողջական վիճակով պայմանավորված, դեռ չի հարցաքննվել։ Կոմիտեից շեշտում են՝ քննում են մեքենայի, դրա դետալների պիտանելիության, նաև զինծառայողների փոխադրումը ըստ սահմանված կանոնների իրականացնելու հանգամանքները ։

Հովսեփի հայրը լսել է՝ այդ «Ուրալ»-ն այնքան էր անսարք ու անգործ մնացել, որ ներսում մի ծիտ բույն էր հյուսել։

XS
SM
MD
LG