Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ընտրվեց իր հիմնադրած «Նոր ուժ» կուսակցության ղեկավար։ Նորաստեղծ կուսակցությունը մասնակցելու է 2026-ի հերթական խորհրդարանական ընտրություններին։
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այլևս անելիք չունի, պետք է հեռանան»,- այսօր հիմնադիր համագումարում հայտարեց Հայկ Մարությանը։
«Այն իշխանությունը, որը խոսք է տվել Արցախի անկախության երաշխավորում ու խոստացել է՝ նշաձողի իջեցման պարագայում կկարողանա ապահովել արցախցիների անվտանգությունը, հետո հրաժարվել է անգամ Արցախ բառից, այս իշխանությունն այլևս կորցրել է Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերով զբաղվելու լեգիտիմությունը։ Այս իշխանությունները որևէ վստահություն չեն ներշնչում։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն»,- հավելեց նա։
Սահմանազատման մասին իրենց պատկերացումների մասին մանրամասներ, սակայն, չներկայացրեց՝ ասելով, որ պետք է ծանոթանա բանակցային պրոցեսին։
«Եթե մենք ուզում ենք լուծել Տավուշի հարցը, և սա Տավուշով չի վերջանալու, Ադրբեջանը նոր պահանջնել է դնելու, այս իշխանությունն այլևս այդ լեգիտիմությունը չունի, որ զբաղվի Հայաստանի համար կարևոր հարցերով։ Մեր անելիքն այսօր այստեղ է, մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում է, մենք այս դահլիճում դնում ենք Տավուշի և ամբողջ սահմանամերձ գյուղերի խնդրի լուծման սկիզբը», - արդեն լրագրողների հետ զրույցում նշեց նորաստեղծ կուսակցության ղեկավարը։
Լրագրողների դիտարկմանը, որ մինչև այս դահլիճում մտածում են, թե ինչպես պայքարել ու հայտարարում են 2026թ. ընտրություններին մասնակցության մասին, արդեն իսկ սահմանազատում է ընթանում, հետո «արդեն ուշ կլինի», Մարությանն արձագանքեց. - «Այս պահին պրոցեսները իշխանությունը տանում է ոչ ճիշտ ուղղությամբ, բայց պրոցեսները եթե զարգանան Ձեր ասած սցենարով, բնականաբար, ժողովուրդը թույլ չի տա դա, և մենք կլինենք այդ պայքարի առաջնագծում»։
- Կուսակցություն ստեղծելու և 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին Մարությանը հայտարարել էր մի քանի ամիս առաջ, մինչ այդ խոստացել ակտիվ պայքար սկսել սեպտեմբերից և տապալել տրանսպորտի ուղեվարձի թանկացման իշխանության ծրագիրը։
- Հայկ Մարությանի թիմը Երևանի ավագանիում երկրորդ ուժն է։ Մայրաքաղաքում մոտ 44 հազար քվե ստացավ, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» գլխավոր մրցակիցն էր։ Ընտրություններից մի քանի ամիս անց Երևանի ավագանու իշխանական խմբակցությունները «Հանրային ձայնի» օգնությամբ մանդատից զրկեցին Մարությանին։ Երևանի քաղաքապետի պաշտոնից էլ նրան զրկեց ՔՊ-ն։