Պարեկներն այսօր առավոտից կրկին երկկողմանի փակել են Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը։ Այդ հատվածում կրկին աշխատանքներ են իրականացվում։
Ոսկեպար հնարավոր է հասնել Բաղանիսից միայն այլընտրանքային՝ երկրորդ ճանապարհով։
Նախորդ օրերի համեմատ այսօր այստեղ մարդաշատ չէ, հավաքված գյուղացիներ չկան փակ մուտքերի ու ելքերի մոտ։
Այս հատվածը պարեկները փակել էին նաև ապրիլի 23-ին, որն էլ զայրացրել էր բնակիչներին։
Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանել էր, թե ճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար:
ԱԱԾ-ն ու ՆԳՆ-ն այդ օրը նաև հայտարարել էին, որ Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում և սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին։
Իրավիճակը լարվել է անցած ուրբաթ օրվանից, երբ Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցման համար վերջնաժամկետ կա՝ մինչև մայիսի 15-ը։
Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։
Ըստ Բաքվի՝ Հայաստանի և Ադրբեջանի «պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրն արդեն կարելի է սահմանազատված համարել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը. Պատել