Մատչելիության հղումներ

ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը. Պատել


ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը, Վաշինգտոն:
ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը, Վաշինգտոն:

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

Նրա խոսքով՝ դա կարևոր քայլ է երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

«Մենք ողջունում ենք լուրը, որի համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա -Աթայի հռչակագիրն ընդունել են որպես երկու երկրների սահմանազատման հիմք», - ասել է Պատելը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ապրիլի 20-ի հայտարարությունը:

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնանական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։

Գործընթացն առայժմ չի վերաբերվում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ում ողջունել էր 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը, որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք։

Բլինքենը սա կարևոր քայլ էր համարել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման համար։

Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG