Մատչելիության հղումներ

«Չենք թողնելու, բողոքում ենք». ճանապարհը Կիրանցի հատվածում դեռ փակ է


Լուսանկարը՝ ապրիլի 20-ի
Լուսանկարը՝ ապրիլի 20-ի

Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում շարունակում է փակ մնալ։ Նախորդ շաբաթավերջից մարդիկ այստեղ են գիշերում։

Ճանապարհը փակ է արդեն 5 օր։

Հավաքված բնակիչները պնդում են, որ այս հատվածում սահմանազատումն իրականացնելն անվտանգային էական սպառնալիք կստեղծի իրենց համար, սա համարում են միակողմանի զիջում, պատճառաբանում, որ հիմա էլ կան Հայաստանի տարածքներ, որոնք ադրբեջանական օկուպացիայի տակ են, սահմանազատման գործընթացն ամբողջական պիտի լինի։

«Դեմ ենք, մենք մեր սահմանը գծել ենք դեռ 90-ականներին, մեր ավագ սերունդն է գծել։ Արյուն են թափել, մարդիկ են զոհվել, ջահելներ են զոհվել, նույն ձևի արյունով պահել ենք։ 20 թվի 44-օրյային նորից զոհվեցին, հազարներին տարան, «Եռաբլուրում» պառկեցրին։ Չենք թողնելու, բողոքում ենք, այո, բողոքում ենք։ Արդեն քանի օր է այս ասֆալտին վեր ընկած, հայրենիքի պաշտպանության համար ամեն ինչի էլ պատրաստ ենք, ավելի կոշտ միջոցներ պիտի կիրառենք», - ասաց բնակիչներից մեկը։

«Մեր հիմնական ճանապարհը մենք ունենք, այդ մոստը մերն է եղել Կադաստրով, վկայականով, հիմա կա այդ ամեն ինչը, բայց էսօր տվել են իրենց», - հավելեց մյուսը։

Բուն սահմանազատման գործընթացը Կիրանցի հատվածում առայժմ չի սկսվել։ Վարչական ղեկավարը երեկ փոխանցեց, որ առաջին փուլով Բաղանիսի և Ոսկեպարի հատվածում են այդ աշխատանքներն իրականացվելու, հետո նոր Կիրանցում։ Այստեղ, ըստ հրապարակված քարտեզի, ադրբեջանական կողմի վերահսկողությանը կանցնի միջպետական ճանապարհի մի, մասնավորապես կամուրջի հատվածը։

Այս օրերի ընթացքում Հայաստանի տարբեր հատվածներից քաղաքացիներ են գալիս այստեղ, նաև քաղաքական գործիչներ։ Օրինակ՝ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ այսօր տեղում էին։

«Հատվածական անցկացումը մինչև մայիսի 15-ը անցկացնելը, ավարտելը փաստեր են, որոնք խոսում են, որ հակառակ կողմը պարտադրում է։ Ինչ վերաբերում է տարածքների անվտանգության հարցին, նախ և առաջ խախտվում է ամբողջ պաշտպանության համակարգը, որը հետագայում հիմք կարող է հանդիսանալ իրական սահմանազատման և սահմանագծման, ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառույցները, հատկապես ճանապարհը, որը ոչ միայն ներպետական ճանապարհ է, այլև միջպետական, որն Իրանից անցնում է Հայաստանով Վրաստան և Ռուսաստան», - ասաց պատգամավորը։

Նշենք նաև, որ այս հատվածում քաղաքացիների թիվն առավոտից ավելանում է։

Երեկոյան այստեղ ևս ջահերով երթ իրականացվեց։

XS
SM
MD
LG