Առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, այսօր Ստեփանավանում, լրագրողների հետ ճեպազրույցում, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հայտարարությանը։
«Ես չէի ուզի, որ մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզի, որ թերագնահատենք, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության, առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց», - ասաց Փաշինյանը:
Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանձնաժողովները նշում են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով, բայց եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով» (խաղաղության պայմանագրով) կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա հանձնաժողովի կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն խաղաղության պայմանագրի սկզբունքներին:
Երևանն ու Բաքուն երեկ նաև հայտարարեցին, որ սահմանազատման հանձնաժողովները նախնական համաձայնեցրել են սահմանագծի 4 առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն նախնական համաձայնեցրին սահմանագծի 4 առանձին հատվածները