Վրաստանի խորհրդարանն այսօր կշարունակի քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Նիստի մեկնարկից ժամեր առաջ խորհրդարանը հայտարարել է, որ այսօր Ազգային ժողովում կրկին կգործի անվտանգության դեղին մակարդակ՝ այցելուների մուտքը խորհրդարան կսահմանափակվի։
«Միայն հրավիրված անձանց կթույլատրվի մասնակցել միջոցառումներին», - ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է նաև, որ առցանց լրատվամիջոցների լրագրողներին թույլ չի տրվի մուտք գործել խորհրդարան։
Սահմանափակումը չի գործի հեռուստաընկերությունների հավատարմագրված լրագրողների համար։ Վրաստանի խորհրդարանը նշել է, որ այս կերպ ցանկանում է անվտանգ և աշխատանքային միջավայրի ապահովել խորհրդարանի ներսում։
Մի քանի օր է Թբիլիսիում բողոքի ցույցեր են, ակտիվիստնեևը կոչ են անում իշխանությանը՝ հրաժարվել օրինագծից, ինչպես արվել է մեկ տարի առաջ: Վրաստանում ընդդիմությունը համոզված է, որ «Վրացական երազանք»-ը ռուսներից է վերցրել օրինագիծը և այն սոսկ աննշան խմբագրելով՝ վերստին փորձում է պարտադրել երկրին: Մինչդեռ իշխող կուսակցությունը հավաստիացնում է, որ չի շեղվում դեմոկրատիայի ճանապարհից և օրենքը նորից խորհրդարան է բերել միայն հանուն Վրաստանի ժողովրդավարության ամրապնդման:
Օրինագիծը, որը մեկ տարի առաջ բերվել էր օրակարգ և հանրային ճնշումների ու արևմտյան գործընկերների հնչեցրած քննադատությունների արդյունքում հետ կանչվել, հիմա երկրորդ անգամ է շրջանառվում խորհրդարանում:
Երրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը կուղարկվի նախագահին՝ ստորագրության համար, և ուժի մեջ կմտնի, եթե Սալոմե Զուրաբիշվիլին այն ստորագրի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վրացական երազանք»-ը լիագումար նիստի է ներկայացրել վիճահարույց օրինագիծը